Tag Archives: սիդերատ

Հավակատար

Հավակատարը (անգլ.՝ Amaranth, ռուս.՝ Амарант, լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 80 տեսակ։
Հավակատարի օգտակար նյութերով հարուստ տերևները, քայքայվելուց հետո, ունակ են էականորեն բերրիացնել հողը:
Հողի նկատմամբ առանձնահատուկ պահանջներ չունի, աճում է նույնիսկ աղուտներում: Չի սիրում հողի գերխոնավացում, երաշտադիմացկուն է և, գործնականում, չի հիվանդանում:
Հավակատարի արմատները մինչև 2 մ խորանում են հողի մեջ, ինչով բարելավում են հողի կառուցվածքը:
Քանի որ Հավակատարը ջերմասեր բույս է, այն տնկում են կամ ուշ գարնանը, կամ էլ ամռանը՝ երբ հիմնական մշակաբույսերից հետո տեղ է ազատվում:
Ցանելուց առաջ Հավակատարի սերմերը խառնում են ավազի հետ:
Հնձում են Հավակատարը մինչև ծաղկելը:

Հղումներ

Ցորենը որպես սիդերատ

Ցորեն (Wheat, Пшеница, լատ.՝ Tríticum)

Ցորենը (անգլ.՝ Wheat, ռուս.՝ Пшеница, լատ.՝ Triticum), հացազգիներ ընտանիքի խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։
Ցորենը լավ սիդերատ է: Իր հզոր արմատներով այն լավ փխրեցնում է հողը, իսկ կանաչ զանգվածը, հողի հետ խառնելուց հետո, քայքայվելով հարստացնում է այն ազոտով, կալիումով և օրգանական տարրերով:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան ցորենը ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Ցորենը լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

Հղումներ

Գարին որպես սիդերատ

Գարին (անգլ.՝ Barley, ռուս.՝ Ячмень, լատ.՝ Hórdeum) հացազգիների ընտանիքի կերաբույս է։ Հայտնի է գարու մոտ 30 տեսակ: Որպես սիդերատ, գարին նույնքան օգտակար է, որքան Վարսակն ու Աշորան: Այն նույնպես, ի շնորհիվ հացազգիներին բնորոշ փառթամ մազարմատների, դրական է ազդում հողի կառուցվածքի վրա, ճնշում է մոլախոտերի մեծամասնության աճը և արագ ձևավորում է կանաչ զանգված: Բայց Գարին իր ուրույն դրական կողմն էլ ունի՝ այն, ի տարբերություն, օրինակ, Վարսակի, երաշտադիմացկուն է:
Հարմար է և՛ ավազահողերում, և՛ կավահողերում աճեցնելու համար
Գարին շատ հարամար է վաղ գարնանը ցանելու համար, այն դիմանում է մինչև -5 աստիճանի ցրտահարությանը:
Գարնանացանը հնձում են ցանելուց 1-1,5 ամիս հետո, երբ դեռ հասկերը ձևավորված չեն:
Աշնանացան գարին ցանում են աշնանը՝ հիմնական մշակաբույսի բերքը հավաքելուց հետո: Մինչև ցրտերը այն հասցնում է ծլել և արմատավորվել: Իսկ հունձն անում են գարնանը:
Գարու կանաչ զանգվածի քայքայումն արագացնելու համար, կարելի է հնձած կանաչ զանգվածը մանրեցնել, հավասարապես տեղաբաշխել հողի մակերեսին, հետո խառնել հողի մակերեսային շերտի հետ:
Կարելի է նաև հնձած խոտն օգտագործել կոմպոստի մեջ:
Ընդհանուր առմամաբ Գարին լավ նախորդող է բոլոր բանջարաբոստանային մշակաբույսերի համար, բացառությամբ կարտոֆիլի և հացազգիների:

Հղումներ

Տափոլոռը որպես սիդերատ

Տափոլոռը (լատ.՝ Láthyrus vérnus) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է:
Ինքնափոշոտվող է։ Պտուղն ունդ է, պարունակում է 2–5 սերմ։ Գարնանացան է։ Սերմերը ծլում են 2–3°C պայմաններում։ Ծիլերը դիմանում են կարճատև սառնամանիքների (մինչև – 11°C)։ Չորադիմացկուն և աղադիմացկուն է։ Վեգետացիայի տևողությունը՝ 80–110 օր։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չի։
Ձևավորում է բավականին մեծ կանաչ զանգված, այնպես որ արժե աճեցնել որպես կանաչ պարարտանյութ:
Տափոլոռը հեշտությամբ է տանում կարճատև երաշտը՝ կանգնեցնելով տերևների աճը: Գրունտի նկատմամաբ շատ պահանջկոտ չէ: Լավագույն հողը տափոլոռի համար ավազակավայինն է: Ավազահողային և ավազային հողերում, լավ բերք ստանալու համար անհրաժեշտ կլինի հողի պարարտացում:
Տափոլոռի համար հարմար են թեթև ալկալիական և չեզոք գրունտերը, իսկ թթվային, գերխոնավ ու ճահճային գրունտերում շատ վատ է աճում:
Ի տարբերություն շատ այլ բակլազգիների, տափոլոռը հնձելուց հետո նորից արագ աճ է տալիս:
Տափոլոռի որոշ տեսակներ շատ գեղեցիկ ծաղիկներր ունեն և հոտավետ են: Դրանցից ամենատարծված տեսակն է Հոտավետ ոլոռիկը (լատ.՝ Lathyrus odoratus), որն ունի  մոտ 1000 ենթատեսակներ:

Հղումներ

Սիսեռը որպես սիդերատ

Սիսեռը,  (լատ.՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա  խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռը (Cicer arietinum
Հյաստանում վայրի վիճակում աճում են երկու տեսակներ՝

  • Սիսեռ շատ փոքրիկ (Cicer minutum)
  • Սիսեռ անատոլիական (Cicer anatolicum

Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Վաղահաս սիսեռի վեգետացիոն շրջանը 90-100 օր է, մնացածների դեպքում 150-220 օր:
Ծլում է օդի 3-5 աստիճան տաքության դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ մինուս 8-11 աստիճան կարճատև ցրտահարությանը:
Ծաղկելու և պտուղներ ձևավորելու շրջանում, օդի ամենահարմարավետ ջերմությունը +24-28°C է:

Կիրառում
  • Պարենային մշակաբույս է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։
  • Լավ սիդերատ է, արմատները հարստացնում են հողը ազոտով, իսկ մինչև ծաղկելը հնձված կանաչ զանգվածը, խառնվելով հողի հետ ու քայքայվելով, հարստացնում է հողը օրագանական և հանքային տարրերով:
  • Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է` մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։

Սիսեռը ցրտադիմացկուն է և չի պահանջում հաճախակի ճրարբիացում:

Հղումներ

Ոսպը որպես սիդերատ

Ոսպը (անգլ.՝ Lentil, ռուս.՝ Чечевица, լատ.՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին։ Հայտնի է մոտ 6 տեսակ։
Կախված տեսակից, Ոսպի վեգետացիոն շրջանը կազմում է 75-115 օր: Ծիլերը հայտնվում են ցանելուց 6-10 օր հետո:
Մինչև ծաղկելը Ոսպը դանդաղ է աճում, իսկ ծաղկելուց հետո սկսում է բուռն աճել ու ճյուղավորվել:
Որպես սիդերատ աճեցվող Ոսպը, հնձում և հողին են խառնում մինչև ծաղկելը:
Ոսպի սերմերը սկսում են ծլել +4 և ավելի ջերմաստիճանի դեպքում: Ծիլերը կարող են դիմանալ կարճաժամկետ ցրտահարությանը: Աճի և զարգացման համար ամենահարմար ջերմաստիճանների տիրույթն է +17-+22 աստիճանը:
Առանձնապես սկզբնական շրջանում, Ոսպը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ: Ոսպ աճեցնելու համար ամենահարմարն են փխրուն ավազակավային և ավազահողային, կրով հարուստ հողերը:  Ծանր, թթվային և աղուտ հողերում Ոսպը շատ ցածր բերքատվություն ունի:

Հղումներ

Լոբին որպես սիդերատ

Լոբին (լատ.՝ Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս է։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու հանքային աղեր։
Լոբին աճելիս նաև հարստացնում է հողը ազոտով:
Լոբին ջերմասեր մշակաբույս է, սերմերը ծլում են 12-15 աստիճան ջերմության դեպքում, իսկ ծիլերը և բույսը չեն դիմանում 0 ստիճանին:
Ցանելուց առաջ լոբու սերմերը 20 րոպե թրջում են կալիումի պերմանգանատի 1 տոկոսանոց (10 գ՝ 1 լ ջրին)  լուծույթի մեջ, հետո լավ լվանում հոսող ջրի տակ, այնուհետև չորացնում ստվերում:
Եթե լոբին ցանվում է բերքի համար ապա.
Թփային լոբին ցանում են 5-6 սմ խորությամբ, իրարից 20-25 սմ հեռավորության վրա, իսկ շարքերի միջև թողնում են 40 սմ: Փաթաթվող լոբու շարքերի միջև թողնում են 50 սմ տարածություն և ցանում են 25-30 սմ իրարից հեռու: Ամեն բույսի համար տնկում են մինչև 1,5 մ բարձրությամբ ձողեր կամ նախատեսում են այլ հարմարություններ, որպեսզի բույսը փաթաթվելով վեր աճի:
Լոբին գերադասում է չեզոք և թույլ թթվայնություն ունեցող հողեր (рН 6-7):
Սիդերացիայի համար լոբին ցանում են շատ ավելի խիտ և հնձում ու հողին են խառնում մինչև ծաղկելը:

Սոյան որպես սիդերատ

Սոյա, (լատ.՝ Glycine), պատկանում է բակլազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (Glycine․ hispida կամ Clycine max)։ Սոյա մշակովին միամյա է, վեգետացիոն շրջանը 90-160 օր է։ Արմատները խորանում են մինչև 1,5 մ և ավելի: Դրանց վրա բնակվում են բակտերիաներ, որոնք օդից ազոտ են կորզում, ինչով ոչ միայն ապահովում են սոյային, այլև որոշ քանակությամբ պաշարում են հողում:
Սոյան ճյուղավորվում է ու կազմում է մինչև 1 մ բարձրության թուփ:
Բակլազգիների մեջ սոյան առաջատար բույսի համարում ունի, քանի որ, բացի սիդերատ լինելուց, լայնորեն օգտագործվում է որպես սննդամթերք և անասնակեր: Սոյայի սպիտակուցը, իր հատկություններով, շատ մոտ է կենդանական ծագման սպիտակուցներին: Սոյայի չոր խոտը արժեքավոր անասնակեր է և իր սննդարարությամբ չի զիջում առվույտին ու  երեքնուկին:
Սոյան որպես սիդերատ հնձում և խառնում են հողին մինչև ծաղկելը:

Հղումներ

Վաղենակը որպես սիդերատ

Վաղենակ, (նարգիզ) (անգլ.՝ Marigold, ռուս.՝ Календула, լատ.՝ Calendula), աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։
Հայաստանում էնդեմիկ է 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։  Վաղենակ դեղայինը (լատ.՝ Calendula officinalis) և՛ դեղաբույս է, և՛ շատ տարածված, 20-75 սմ բարձրությամբ դեկորատիվ ծաղիկ է, որը կարելի է օգտագործել նաև որպես սիդերատ:
Հայտնի է, որ վաղենակը վանում է թիթեռներին ու տիզերին, իսկ թրաշուշանների հետ աճողը կարող է փրկել վերջիններիս բշտիկոտներ կոչվող վնասատուներից:
Վաղենակի դեղայինի կազմում կան եթերային յուղեր, ֆիտոնիցիդներ, դաբաղող նյութեր ու մեծ քանակությամբ միկրո և մակրոէլեմենտներ: Այդ օգտակար տարրերով հագեցած, երիտասարդ, կանաչ ծիլերը՝ հնձվելուց ու հողին խառնվելուց հետո, հողում մնացած արմատներով հանդերձ, քայքայվելով, լավ սննդարար միջավայր են ստեղծում:
Որպես ցանքածածկ օգտագործելու դեպքում էլ, վաղենակի հողի հետ շփվող մասերը աստիճանաբար քայքայվում են կամ ուտվում են որդերի ու միկրոօրգանիզմների կողմից, ինչից հետո վերածվում են ազոտով, լուսածինով, կալիումով և այլ օգտակար տարրերով հարուստ հումուսի:
Վաղենակի սերմերը ցանում են 2-3 սմ խորությամբ:

Հղումներ

Հնդկոտեմ

Հնդկոտեմ, (անգլ.՝ Nasturtium, ռուս.՝ Настурция, Капуцин, լատ.՝ Tropaeoium) պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային և

Կենտրոնական Ամերիկաներն են։ Ընտանիքում կան Հնդկոտեմի մոտ 50 միամյա և բազմամյա տեսակներ: Հայաստանի կլիմայական պայմաններում աճեցվում են որպես միամյա բույսեր:

Բազմացումը՝ սերմերով: Հնդկոտեմի սերմերը պահպանում են ծլողունակությունը մինչև 4 տարի:  Բաց գրունտում սերմերը ցանում են ապրիլ-մայիսին՝ նախապես մեկ օր թրջելով: Կարելի և ավելի վաղ ժամկետներում սածիլավորել: Ամեն փոսիկի մեջ ցանում են 3-4 սերմ: Բույսերի միջև անհրաժեշտ հեռավորությունը կախված է տեսակից: Թփաձև տեսակների միջև թողնում են  20-30 սմ, իսկ սփռվողների միջև՝ առնվազն 40 սմ: Հնդկոտեմը սկսում է ծաղկել ցանելու օրվանից 40-60 օր անց:

Հնդկոտեմը առողջացնում է սնկային հիվանդություններով վնասված հողը, իսկ ճյուղերն ու տերևները հարուստ են ասկորբինաթթվով:

Գերմանական աղբյուրները նշում են, որ Հնդկոտեմը լավ կանաչ պարարտանյութ է՝ մրգատու ծառերի բների շուրջ և  պտղատու թփերի շարքերի արանքում աճեցնելու համար (1-2 հատ 1 ք.մ. վրա): Ի տարբերություն այլ սիդերատների, Հնդկոտեմը կարելի է աճեցնել մինչև լրիվ հասունանալը և հաջորդ տարվա համար սերմեր հավաքել: Ձմռանը Հնդկոտեմը մահանում է, իսկ արմատները հրապուրում են Անձրևորդերին, որոնց համար Հնդկոտեմի արմատների մնացորդները պարզապես դելիկատես են:

Տեղը

Գերադասում է արևկող, քամուց պաշտպանված տեղեր: Կիսաստվերում ավելի շատ տերևներ է ձևավորում և ավելի քիչ ծաղիկներ:

Հողը կարող է լինել կավահող կամ ավազակավային, ոչ շատ պարարտ, բայց փխրուն, խոնավ ու չճահճացող:

Խնամքը

Ջրում են ոչ հաճախ, բայց առատ: Պարբերաբար փխրեցնում են հողն ու մոլախոտերի քաղհան անում: Ամռանը Հնդկոտեմին սնուցում են ծաղկելուց առաջ:

Դեկորատիվ նպատակով Հնդկոտեմն օգտագործում են ուղղահայաց և հորիզոնական կանաչապատման համար:

Հնդկոտեմի միկրոկանաչի աճեցնելը

Հնդկոտեմի ծաղիկը շքեղ է, բայց նրա միկրոկանաչու համը կարող է զարմացնել՝ սուր համ ունի, ինչպես մանանեխը կամ ճապոնական վասաբին։ Բացի այդ, հնդկոտեմի բոլոր մասերը ուտելի են։ Ծլողունակությունը բարձրացնելու համար կարելի է սկզբում, 1-2 ժամ տաք ջրի մեջ թրջել սերմերը։ Հընդկոտեմը նախընտրում է խոնավ միջավայր, իսկ դա կարող է նպաստել բորբոսնելուն։ Եթե հողի վրա բորբոս հայտնվի, պետք է ջրով բացված ջրածնի պերօքսիդ ցողել մակերեսին։

Մինչև ցանելը թրջելըԱյո, 4-8 ժամ
ՀամըԿծու, մանանեխի կամ վասաբիի համին նման
ԳույնըԹավ դեղին/կանաչ տերևներ, կանաչ/վարդագույն ցողուններ
Օգտակար նյութերը Տերևներն ու սերմերը մեծ քանակությամբ օգտակար նյութեր են պարունակվում, այդ թվում ՝ եթերային յուղեր եւ բուսական հակաբիոտիկներ, ասկորբինաթթու, սելեն, երկաթ եւ յոդ, կարոտին, կալիում, ֆոսֆոր եւ ծծումբ, A, B1 եւ B2 վիտամիններ ․․․
Հատկությունը Ամրացնում է իմունային համակարգը: Ունի հակաբիոտիկ եւ հակամանրէային հատկություններ: Կիրառելի է միզուղիների վարակներ եւ շնչառական հիվանդություններ բուժելու համար։
Սերմի ծախսը (25×50 սմ տարայի համար) 56-57 գրամ
Մթության մեջ պահելը2-3 օր
Ծլելը4-7 օրում
ԼույսըՊայծառ, ցրված արևի լույս կամ արհեստական՝ 16 ժամ միացած, 8 ժամ անջատած։
Բերքահավաքը 14-16 օրից
Օգտագործելը Դնում են պանիրների, բանջարեղենային աղցանների եւ ձվով ուտեստների մեջ: Օգտագործում են ուտեստները ձևավորելու համար։

Միկրոկանաչի կարելի է աճեցնել ինչպես դրա համար նախատեսված հատուկ կոնտեյներներում, այնպես էլ ցանկացած հարմարեցված սաղր ամանում։

Աճեցնելը՝ քայլ առ քայլ

  1. Ընտրել/ձեռք բերել միկրոկանաչի աճեցնելու համար հարմար աման։ Դա կարող է լինել միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված հատուկ կոնտեյներ, կամ հարմարեցված, ցանկացած մակերեսով, սաղր, դրենաժային ծակերով, պլաստիկ աման։
  2. Ըստ ամանի մակերեսի առանձնացված սերմերի խմբաքանակը լավ լվանալ հոսող ջրի տակ, նկատված օտար տարրերն ու վնասված հատիկները հեռացնել։
  3. Լցնել որևէ խոր ամանի մեջ, վրան լցնել սերմերի ծավալից առնվազն 3-4 անգամ ավել ջուր և թողնել 4-8 ժամ։ (Նախապես թրջելը էապես արագացնում է սերմերի ծլելը։ Ավելի երկար թրջել չի կարելի՝ կարող է ֆերմենտացիա սկսվել և սերմերը կկորցնեն ծլողունակությունը։)
  4. Պատրաստել հողախառնուրդ։ Կարելի է ձեռք բերել պատրաստի հողախառնուրդ ու մի քիչ պերլիտ ավելացնել՝ փխրունությունը մեծացնելու համար։ Իսկ ինքնուրույն պատրաստելիս միմյանց խառնել 3 մաս կոկոսի սուբստրատ կամ տորֆամամուռ + 1 մաս պերլիտ + 0.5-1 մաս կոմպոստ + 1 մաս ավազ (պարտադիր չէ)։ Լավ կլինի թթվայնությունը լինի Ph 6,1-7,8 միջակայքում։
  5. Պատրաստի հողախառնուրդը լցնել աճեցման ամանի մեջ, հարթեցնել, բայց շատ չսեղմել։ Հեղուկացիրով ծաղել հողը ջրածնի պերօքսիդի լուծույթով, այնուհետև ջրով՝ այնպես, որ հողը չափավոր խոնավ լինի, ցեխ չդառնա։
  6. Թրջելն ավարտելուց հետո, սերմերը քամել և հավասարաչափ բաշխել հողի մակերեսին եւ վրան լցնել նույն հողախառնուրդի բարակ շերտ՝ այնքան, որ սերմերը հազիվ ծածկվեն։ Ի դեպ, քամված ջուրը ճիշտ կլինի չթափել, այլ օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար՝ այնտեղ տարալուծված օգտակար նյութեր կան։
  7. Ցանքը ծածկել կափարիչով կամ պլաստիկ թաղանթով եւ ամանը դնել զով (18-22°C), մութ տեղում:
  8. Հետագա 2-3 օրվա ընթացքում պարբերաբար բացել ցանքը և, անհրաժեշտության դեպքում ցողելով ջրել և դնել նույն տեղում:
  9. Երբ սկսեն երևալ առաջին ծիլերը, բացել ամանի կափարիչը և ցանքը տեղադրել պայծառ, ցրված լույսի ներքո։
  10. Հետագա 1-3 օրում սերմերը շարունակում են ծլել։ Պետք է շարունակել ցողելով ջրել ցանքը։ Հողը չպետք է չափազանց խոնավ լինի, հակառակ դեպքում բույսերը կարող են նեխել կամ բորբոս կառաջանա: Եթե դա տեղի ունենա, խուճապի մատնվել պետք չէ՝ պետք է ցողել ջրածնի պերօքսիդով։
  11. Պետք է շարունակել 16-ժամյա լույսի եւ 8-ժամյա մթության ռեժիմը դեռեւս 7-9 օրվա ընթացքում: Ընթացքում կարելի է համտեսել որոշ տերեւներ, որպեսզի ցանկալի համի վրա կանքգ առնել։ Ամեն դեպքում, միկրոկանաչին ուտելու համար պատրաստ է երբ ունի 2-4 տերև։
Հղումներ