Tag Archives: համեմունքային բույս

Համեմ

Համեմը (անգլ.՝ Coriander, ռուս.՝ Кориандр, լատ.՝ Coriandrum sativum) հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Արմատն առանցքային է, ցողունը` ուղղաձիգ, 40-70 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։

Տերևները պատյանավոր են, ունեն հերթադիր դասավորություն։ Պոլիգամ բույս է։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Հովանոցավոր ծաղկաբույլերի եզրային ծաղիկներն ավելի մեծ տրամագիծ ունեն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը գդաձև սերմիկ է, դրսից` մուգ, իսկ ներսից` բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով, E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:

Համեմի հայրենիքն արևմտյան Ասիան է, բնության մեջ հանդիպում է Փոքր Ասիայում, Այսրկովկասում, Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։ Հայկական տեսակները երկար ժամանակ ծաղկասլաք չեն տալիս, սակայն ունեն տերևների հզոր վարդակ։

Համեմը պատկանում է լավագույն մեղրատու բույսերի շարքին։ Մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլ նաև կատարում են խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է համեմի բարձր պտղաբերությանը։

Կիրառություն

Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։

Կենսաբանական տվյալներ

Վեգետացիոն շրջանը՝ 110-125 օր:
Ցանելուց հետո ծիլերը հայտնվում են՝ 2-3 շաբաթից:
Ծիլերը հայտնվելուց 25-40 օր անց ձևավորվում են ցողունները, որոնց վրա 16-20 օր հետո բացվում են ծաղիկները:
Ծաղկելուց 13-18 օր անց սկսում են ձևավորվել պտուղները:
Պտուղները վերջնականապես հասունանում են 19-23 օրում:

Համեմը ցրտադիմացկուն է: Սերմերը սկսում են ծլել +6°С աստիճանի դեպքում, իսկ բույսը կարող է դիմանալ մինչև -10 °С աստիճան ցրտին:

Համեմի համար օդի ամենահարմարավետ ջերմաստիճանը  +22°С է:  Ծաղկման շրջանում +34°С-ից բարձր ջերմաստիճանի հետևանքով  կարող է սնածաղիկ դառնալ և փոխել հոտը:

Համեմը պահանջկոտ է լուսավորության նկատմամբ, բայց վատ չի աճում նաև կիսաստվերում: Լուսավորության պակասը դանդաղեցնում է բույսի աճը, նվազեցնում է բերքատվությունը և եթերային յուղերի պարունակությունը: Սերմեր ստանալու համար, համեմը պետք է ցանել միայն արևկող տեղում:

Համեմը պահանջկոտ է ջրի նկատմամբ: Սերմերի ուռչելու համար համեմն իր քաշի 120%-ի չափ ջրի կարիք ունի: Ամենից շատ ջրի կարիք ունի մինչև ծաղկելը, որից հետո ավելի երաշտադիմացկուն է:

Համեմը լավ է աճում պարարտ, չեզոքին մոտ (рН =6,5-7,5) թթվայնություն ունեցող հողում:

Հղումներ

Դաղձ

Դաղձը (անգլ.՝ Mentha, Mint, ռուս.՝ Мята, լատ.՝ Méntha) շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ բուրմունք, նրանց մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։ Այս ընտանիքի բույսերը իրարից տաբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և մեծ քանակությամբ եթերային յուղեր։
 Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային և թեթև թմրեցնող հատկությամբ։ Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս դաղձ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։ Դաղձի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։ Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Հղումներ

Անիսոն

Անիսոն (Քոշխոտ, Կարար, Հազարդարուն, անգլ.՝ Anise, ռուս.՝ Анис, լատ.՝ Pimpinella anisum) նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 160, Հայաստանում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (Pimpinella aurea), անիսոն վարդագույն (Pimpinella  rhodantha), անիսոն մանանեխատերև (Pimpinella  peucedanifolia), անիսոն եռաբաժան (Pimpinella tripartita) և այլն։

Հղումներ

Խնկունի

Խնկունին  (այլ անվանումներ՝ Հազրեվարդ, Լվացտակի ծառ, Լուսնտակի ծառ, անգլ.՝ Rosemary, ռուս.՝ Розмарин, լատ.՝ Rosmarinus officinalis) խուլեղինջազգիների, շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ է։

Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով։ Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով։ Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում։ Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են համեմունք, եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում։

Աճեցման պայմանները

Խնկունին ջերմասեր, լուսասեր և ցրտադիմացկուն բույս ​​է: Եթե ցրտահարության սպառնալիք չկա, բաց գրունտում աճեցնելը լավագույն ձևն է: Մեծահասակ բույսերը կարող են դիմանալ մինչև -4°C ցրտահարությանը: Խնկունին ամռանը շատ արևի կարիք ունի, իսկ ձմռանը զովության՝ +10․․․+13°C, հակառակ դեպքում թուփը չի ծաղկի: Ձմռանը լույսի տևողությունը պետք է լինի 6-8 ժամ, ուստի խնկունուն հաճախ անհրաժեշտ է լինում լրացուցիչ լուսավորություն: Լույսի բացակայության պատճառով թփի վերին տերևները կդառնան պակաս խիտ, երկարավուն:

Բույսը սիրում է փխրուն, լավ ջրաթափանցիկություն ունեցող, կրաքարային հողեր: Այն չի սիրում չափազանց թաց կամ թթվային հողեր: Չնայած այս խնկունին պահանջկոտ բույս է, այն շատ հազվադեպ է հիվանդանում և չի վախենում վնասատուներից:

Սենյակային պայմաններում խնկունու աճեցման համար անհրաժեշտ է գնել տերակոտե կամ կավե ծաղկաման: Ծաղկամանը պետք է լավ դրենաժային շերտ ունենա։ Կարելի է օգտագործել խճաքարեր կամ կերամզիտ: Անհրաժեշտ է պարբերաբար օդափոխել սենյակը և պտտել բույսը ՝ հավասարաչափ զարգացած սաղարթ կազմավորելու համար:

Ամռանը կարելի է ծաղկամանը տեղափոխել պատշգամբում կամ, ժամանակավորապես տնկել այգում: Պետք է հիշել, որ խնկունին չի սիրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ: Խնկունին լավ հարևանություն է անում ռեհանի, ուրցի, դափնու ու մաղադանոսի հետ, այնպես որ դրանք կարելի է աճեցնել մեկ տարայի մեջ:

Դրսում աճող խնկունին ուժեղ բույս ​​է: Նա չի վախենում վնասատուներից: Սենյակում աճողներն ավելի թույլ են, ուստի դրանք կարող են հիվանդանալ կեղծ ալրացողով, վնասվել սպիտակաթևիկներից կամ ուտիճներից: Վնասատուներից ազատվելու համար բավական է մի քանի անգամ օճառաջրով լողացնել բույսը (հողը պետք է պաշտպանված լինի թրջվելուց):

Ջրելը

Խնկունի ջրելը պետք է լինի պարբերական և չափավոր: Բույսը չի սիրում ուժեղ խոնավություն, այն ավելի հեշտ կհանդուրժի երաշտը: Եթե ​​թփի տերեւները սկսեն դեղնել, նշանակում է ՝ բույսը բավարար խոնավություն չունի: Եթե ​​շատ է ջրվում, այն կարող է զանգվածաբար թափել տերևները, և արմատը կարող է փտել: Եթե ​​տերևները խունացել են, սկսում են չորանալ և թուփը արևի ճառագայթների տակ է, ապա սա նշանակում է, որ ժամանակն է բույսը տեղափոխել կիսաստվեր:

Քանի որ խնկունին սիրում է հողի ալկալային հավասարակշռությունը, այն կարելի է առանց վախի ջրել ծորակի հնեցված ջրով: Ժամանակ առ ժամանակ կարելի է ցողել բույսը, դրանից բույսը կգեղեցկանա:

Սնուցումը

Գարնանը հողի հետ ազոտ պարունակող պարարտանյութ են խառնում, օրինակ, միզանյութ կամ սելիտրա։ Դրանից հետո, յուրաքանչյուր 30 օրը մեկ, խնկունին սնուցում են համալիր հանքային պարարտանյութի լուծույթով: Աշնանը օգտագործում են այնպիսի պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն ֆոսֆոր և կալիում:

Բազմացումը

Խնկունին կարելի է բազմացնել սերմերով, կտրոններով, անդալիսի կամ թուփը կիսելու միջոցով։

Ցանելուց առաջ սերմերը պետք է 1-2 օր թրջել: Սերմերի ծլելու համար օպտիմալ ջերմաստիճանը +12․․․+22°С է: Սերմեր ցանում են փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Ցանում են 0.3-0.4 սմ խորությամբ, քանի որ սերմերը մանր են: Կարևոր է, որպեսզի ցանքը ջրախեղդ չարվի, հողը պետք է լինի չափավոր խոնավ: Մեկ ամիս անց հասունացած ծիլերը կարելի է տեղափոխել առանձին ամանների մեջ: Գարնան վերջին ցրտահարությունիվ հետո սածիլները կարելի է տնկել պարտեզում՝ 50 սմ միմյանցից հեռու: Եթե նախատեսվում է փոքր թփեր աճեցնել, ապա բույսերի միջեւ 10 սմ հեռավորությունը բավարար կլինի:

Այգում տնկելիս տնկափոսի մեջ լցնում են գետի ավազի, բերրի հողի և տորֆի հավասար մասերի խառնուրդ: Բացի այդ, արդյունքում ստացված խառնուրդի յուրաքանչյուր կգ-ի համար ավելացնում են մեկ ճաշի գդալ մանրացված կավիճ։

Կտրոններով (տնկաշիվերով) խնկունին բազմացնելու համար անհրաժեշտ է հունիսի վերջին կտրլ երիտասարդ ճյուղերը: Կտրոնների երկարությունը պետք է լինի 8-10 սմ: Կտրոնները տնկում են 45° անկյան տակ և մոտ 5 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռու։ Կարելի է կտրոնները արմատակալման դնել ջրի մեջ։ Կտրոններն արագ արմատավորվում են և սկսում են արագ աճել:

Անդալիսի միջոցով բազմացնելիս, թփի ճյուղերից մեկը կամ մի քանիսը կռացնում են և ծածկում հողով՝ գագաթը թողնելով դրսում։Ծաղկելուց հետո արմատակալած ճյուղն առանձնացնում են թփից ու առանձին տնկում։

Բերքահավաքը

Մատղաշ, անուշահոտ ճյուղերը կտրում են ծաղկման ժամանակ, շոգ ժամին: Այնուհետև ճյուղերը չորացնում են և համեմունքը պատրաստ է օգտագործման համար:

Հղումներ

Համեմունքային բույսեր

Ստորև, այբբենական կարգով ներկայացված են մեզ հայտնի բոլոր համեմունքային բույսերը:

  • Անանուխ-Peppermint-Мята перечная-Mentha  piperíta
  • Անիսոն-Anise-Анис обыкновенный-Pimpinella anisum
  • Բորաժ-Borage-Бораго-Borago
  • Դաղձ-Mentha-Мята-Méntha
  • Դանդուռ-Purslane-Портулак- Portulaca
  • Դարչին-True cinnamon tree-Корица-Cinnamomum aromaticum
  • Եղեսպակ-Sage-Шалфей-Salvia
  • Զաֆրան-Saffron-Шафран-Crocus sativus
  • Զոպա-Hyssop-Иссоп-Hyssopus
  • Թավշածաղիկ, Մախմրի ծաղիկ-Marigolds-Бархатцы-Tagetes
  • Թարխուն– Tarragon-Эстрагон-Artemisia dracunculus
  • ԽավարածիլRheum-Ревень-Rheum
  • Խնկենի, Խնկածաղիկ-Oregano-Душица-Origanum
  • Խնկունի-Rosemary-Розмарин-Rosmarinus
  • Ծիթրոն-Savory -Чабер-Satureja
  • Կերբելուկ մոմատերև-French parsleyКервель обыкновенный-Anthriscus cerefolium
  • Կոճապղպեղ-Ginger-Имбирь-Zingiber officinale
  • Կորեական նանա-Korean mint-Корейская мята-Agastache rugosa
  • Հազարատերևուկ սովորական-Yarrow-Тысячелистник обыкновенный-Achillea millefolium
  • Համեմ-Coriander-Кориандр-Coriandrum sativum
  • Ղանձիլ-Черемша-Ramsons-Allium ursinum
  • Ճարճրուկ-Rocket salad-Рукола-Eruca vesicaria
  • Մաղադանոս-Parsley-Петрушка-Petroselinum
  • Մանանեխ-Mustard-Горчица салатная-Brassica juncea
  • Մեխակ-Cloves-Гвоздика-Syzýgium aromáticum
  • Մեղվախոտ-Lemon balm-Мелисса-Melissa officinalis
  • Նեխուր-Apium-Cельдерей-Apium
  • Ուրց-Thyme-Тимьян-Thymus
  • Պերիլա-Perilla-Перилла-Perilla
  • Պղպեղ բուրավետ-Allspice-Душистый перец-Pimenta dioica
  • Պղպեղ կարմիր, Պապրիկա-Paprika-Паприка-Capsicum annuum
  • Պղպեղ սև-Black pepper-Чёрный перец-Piper nigrum
  • Ռեհան-Basil-Базилик-Ocimum
  • Սամիթ-Dill-Укроп-Anéthum
  • Սխտոր-Garlic-Чеснок-Allium sativum
  • Սպանդ-Rue-Рута-Ruta
  • Սուսամբար-Marjoram-Майоран-Origanum majorana
  • Քաշմ-Lovage-Любисток-Levisticum officinale
  • Քիմիոն-Caraway-Тмин-Carum
  • Քրքում-Hidden-lilies-КуркумаCurcuma longa
Հղումներ