Tag Archives: կարտոֆիլ

Արմատակալման բնական խթանիչներ

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:

Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական  խթանիչներ:

  1. Արմատակալման խթանիչներով հարուստ ջուր է առաջանում եթե այդ ջրում, մինչև կտրոնները տեղադրելը, արմատակալման դնել Ուռենու (անգլ.՝ Willow, ռուս.՝ Ива, լատ.՝  Sálix), Անանուխի (Նանա, անգլ.՝ Peppermint, ռուս.՝ Мята перечная, լատ.՝ Mentha Piperita L.), Պատենենու (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus) կտրոններ:
Willow
Ուռենի
mint-300x248
Անանուխ
Պատենենի (անգլ.՝ Coleus, ռուս.՝ Колеус, լատ.՝ Coleus) կտ

Նույն ձևով կարելի է կիրառել Բարդու և Սպիտակ խնկենու կտրոնները:

2. Մեղր

Մեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի:
Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:
Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:

 3. Կարտոֆիլի պալար

Ընտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը:
Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են:
Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում:

4. Հալվեի (ալոե) հյութ

Հալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը:
Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները:

5. Խմորիչ

Նախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ:

Ջրարբիացումը օրգանական հողագործությունում

Ջրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:
Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ  կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:
Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:
Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:

Ինչպես կուտակել ջուրը

Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է:
Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի  խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում:
Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում  տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:
Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:
Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:

Խմելու ջրով ջրելը

Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները:  Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:
Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝  կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:

 Որ ժամերին ջրել

Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:
Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:
Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:

Ինչպես ջրել

Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:
Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:

Ինչ պարբերականությամբ ջրել

Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:
Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:
Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:

Ինչ ջերմություն պետք է ունենա ջրելու ջուրը

Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:
Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:
+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:
Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը:

Ինչպես թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնել

Որպես կանոն, թաղարի մեջ ցանելու համար կարտոֆիլի սերմացու պետք է գնել հունվար-փետրավար ամիսներին, որպեսզի կարտոֆիլի ծլելու համար բավարար ժամանակ լինի:
Թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնելու համար, ետևեք ներքոշարադրյալ 10 քայլերին:

Բանջարեղենի կամ այգեգործական խանութից գնեք ձեր նախընտրած սորտի կարտոֆիլը:
Դրեք սերմացուն որևէ պաղ բայց լուսավոր տեղ, որպեսզի այն ծլի: Հենց ծիլերը աճեն 2 սմ, կարտոֆիլը պատրաստ է ցանվելու համար:
Թաղարի մեջ, խորության 1/4 չափով, լցրեք կոմպոստ, մակերեսին տեղադրեք սերմացուն/սերմացուները և ծածկեք կոմպոստի նոր շերտով:
Թփերի աճին համընթաց ավելացրեք կոմպոստը:
Չմոռանաք կոմպոստը պարբերաբար ջրելու անհրաժեշտության մասին:
Շարունակեք ավելացնել կոմպոստը մինչև թաղարը լցվի ամբողջությամբ:
Հետո կարտոֆիլը կծաղկի: Եթե ծաղիկները պտուղ դառնան, չուտեք դրանք՝ թունավոր են:
Ծաղկելուց հետո դադարեցրեք ջրելը: Բույսի վերգետնյա մասը կսկսի մահանալ:
Երբ թփի վերգետնյա հատվածը ամբողջովին մահանա, կարող եք բերքահավաք անել:
Եթե անմիջապես չեք օգտագործելու, կարտոֆիլները պահեք թղթյա պարկերում, զով և մութ տեղում:

Մոխիրը պարտեզում

Մոխիրը լավ բնական պարարտանյութ է, այն դյուրակլանելի տեսքով պարունակում է կալիում, կրածին, ֆոսֆոր, մարգանեց նաև մի շարք միկոէլեմենտներ: Ծղոտի մոխիրը ամենից հարուստն է, բայց ավելի մատչելի փայտատեսակների մոխիրը պակաս օգտակար չէ:

Մոխիրը որպես սերմերի ծլողականության խթանիչ

Սերմերի ծլելը արագացնելու համար ծղոտի կամ փայտի մոխրից պատրաստված թուրմի մեջ 3-6 ժամ թրջեք ցանկացած բանջարեղենի սերմերը, հետո չորացրեք ու ցանեք: Թուրմը պատրաստելու համար 2 ճաշի գդալ մոխիրը բացեք 1 լիտր ջրով և 48 ժամ դադարից հետո քամեք ու օգտագործեք: Ստացված թուրմը կարելի է նաև օգտագործել որպես պարարտանյութ՝ սածիլները կամ սենյակային բույսերը ջրելու համար:

Մոխիրը որպես պարարտանյութ

Մոխիր կարելի է խառնել գործնականում բոլոր բույսերի հողին: Երևի միայն գազարը չի սիրու մոխիրով հարստացված հողը: Մոխիրը կամ ուղղակիորեն խառնում են հողի հետ, կամ պատրաստում են թուրմ և դրանով ջրում կամ ցողում բույսերը:

Մոխիրը պտղատու ծառերի և թփերի համար

Ցանկացած ծառ կամ թուփ տնկելիս, որպեսզի տնկիները արագ կպչեն և զարգացնեն արմատները, խորհուրդ է տրվում փոսի մեջ մոտ 1 կգ մոխիր լցնել: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն 4 տարին մեկ մոխիրով հարստացնել ծառի կամ թփի շրջակա հողը: Այդ նպատակով ծառի բնի շուրջ փորվում է ոչ շատ խորը ակոս, որտեղ լցվում է 2 կգ մոխիր ու ծածկվում հողով:

Մոխիրը սոխի համար

Մոխիրն օգտագործվում է որպես լրացուցիչ սնուցման բաղադրիչ սոխի համար:

Մոխիրը կաղամբի համար

Միխիրն ավելացվում է կաղամբի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին, իսկ այնուհետև, հիմնական տեղը տնկելիս ավելացվում է տնկափոսի մեջ:

Միխիրն ավելացվում է պզպեղի և բադրիջանի սածիլների աճեցման համար նախապատրաստվող հողին: Մոխիրը այս բույսերի համար նախատեսված օրգանական և համալիր պարարտանյութերի մաս է կազմում: Բացի այդ, խոնավ և զով ամառներին, երբ այս բույսերին ավելի շատ կալիում է անհրաժեշտ, խորհուրդ է տրվում մոխիրը լցնել անմիջապես բույսերի տակ՝ 1-2 բաժակ ամեն քառակուսի մետրին:

Մոխիրը ելակի համար

Ելակին գարնան սկզբում լրացուցւիչ սնուցում են տալիս մոխրի թուրմով կամ մոխիրը խառնում են թփերին շրջակա հողին: Այսպիսի սնուցումը նպաստում է պտուղների շատացմանը: Ելակի նոր մարգ ստեղծելիս էլ մոխիր են լցնում տնկափոսորակների մեջ:

Մոխիրը շաղգամի համար

Մոխիր են լցնում այն ակոսների մեջ, ուր ցանում են շաղգամի սերմերը: Այնուհետև մոխիր են լցնում շաղգամի առաջին ծիլերի վրա: Հետագայում, երկու շաբաթը մեկ անգամ ջրում են մոխրի թուրմով (մեկ բաժակ մոխիր մեկ դույլ ջրին): Մոխիրը շաղգամի համար լավագույն պարարտանյութն է:

Մոխիրը վարունգի համար

Վարունգի սածիլը տնկելիս, ամեն փոսի մեջ լցնում են մեկական բաժակ մոխիր:

Մոխիրը լոլիկի համար

Մոխրի թուրմով սնուցում են լոլիկի սածիլները: Սածիլները տնկելիս ամեն փոսի մեջ ավելացնում են 2 ճաշի գդալ մոխիր:

Մոխիրը կարտոֆիլի համար

Խորհուրդ է տրվում ցանելուց առաջ սերմացու կարտոֆիլը փոշոտել մոխիրով կամ մեկ բուռ մոխիր լցնել տնկափոսի մեջ:

Մոխիրը բողկի համար

Հողը կալիումով հարստացնելու նպատակով խորհուրդ է տրվում մոխիր ավելացնել ցանման ակոսի մեջ: Եթե հողի մեջ կալիումի պակաս կա, բողկի արմատապտուղ չի  գոյանում:

Մոխիրը կոմպոստի համար

Մոխիրն արագացնում է օրգանական մնացուկների քայքայումը, ուստի այն լայնորեն կիրառվում է կոմպոստ սարքելիս և տաք մարգերում: Մոխիրը նաև հարստացնում է կոմպոստը, հագեցնում այն հանքանյութերով և միկրոէլեմենտներով:

Մոխիրը որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց

Անհիշելի ժամանակներից մոխիրն օգտագործվում է վնասարար մանրեների և միկրոօրգանիզմների դեմ: Կիրառվում է ինչպես մխրի թուրմով բույսերը, դրանց տերևները ցողելը, այնպես էլ դրանց վրա և դրանց շուրջ մոխիր ցանելը:

Մոխիրը որպես բերքի պահպանման միջոց

Մոխիրը հակասեպտիկ և հակասնկային հատկություն ունի, ուստի մոխիրով հաճախ մշակում են երկարատև պահպանման դրվող բանջարեղենը: Կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը փոշոտում են մոխրով, սխտորը դարսում են տուփի մեջ մոխիր լցնելով շերտերի արանքում:

Մոխիրի այլ կիրառումներ

Մոխիրն անհրաժեշտ է խառնել թթվային հողերի հետ: Այն բարելավում է հողի կառուցվածքը, բարենպաստ պայմաններ է ստեղծում հողում ապրող միկրոօրգանիզմների համար և նվազեցնում է թթվայնությունը: Միևնույն ժամանակ մոխրի կիրառումը հողի թթվայնությունը նվազեցնելու համար շատ ավելի անվտանգ է քան հանգած կրինը:

Մոխրով մշակում են բույսերի կտրվածքներն ու վնասված տեղերը:

Մոխիրը խառնում են փայտի թեփի հետ և օգտագործում են որպես ցանքածածկ:

Մի խոսքով, մի շտապեք թափել այգում առաջացող փայտանյութը; ` այրեք այն և օգտագործեք ի նպաստ ձեր բույսերի: