Category Archives: Ջրային բույսեր

Ջրաշագանակ

Ջրաշագանակ կամ Ջրընկույզ (անգլ․՝ Water chestnut, Buffalo nut, Bat nut,, ռուս․՝ Рогульник, Водяной каштан, լատ․՝ Trapa) են կոչվում Trapa ցեղին պատկանող ջրային բույսերի 3 տեսակները՝ Trapa natansTrapa bicornis և Trapa rossica

Բոլոր տեսակները լողացող, ամենամյա ջրային բույսեր են, որոնք աճում են մինչև 5 մ խորությամբ, դանդաղ շարժվող ջրում։ Բնիկ են Եվրասիայի և Աֆրիկայի տաք բարեխառն տարածքներում: Տիղմում գոյացող, զարդաքանդակ հիշեցնող պտուղներ են ձևավորում, որոնք Trapa bicornis- ի դեպքում հիշեցնում են ցուլի գլուխ կամ թռչող չղջիկի ուրվագիծ: Յուրաքանչյուր պտուղ պարունակում է մեկ մեծ, օսլայով հարուստ սերմ:

Trapa natans և Trapa bicornis տեսակները, իրենց ուտելի սերմերի համար, շուրջ 3000 տարի է ինչ մշակվում են Հնդկաչինում։

Ջրաշագանակի Trapa bicornis տեսակի եփած սերմերը

Հղումներ

Մանրադրամախոտ

Մանրադրամախոտը (անգլ․՝ Copper coin grass, Common pennywort, չին․՝ 铜钱草, ռուս․՝ Щитолистник обыкновенный, լատ․՝ Hydrocotyle vulgaris) բազմամյա, սողացող, ջրային խոտաբույս է և շատ տարածված սենյակային բույս Չինաստանում։

Բնության մեջ աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում աճեցվում է ինչպես զուտ ջրային միջավայրում (հիդրոպոնիկ), այնպես էլ հողում, կամ միաժամանակ կիսով չափ հողի և կիսով չափ ջրի մեջ։

Հայերեն անվանումը պաշտոնական չէ, Պարտիզպանի տվածն է և պայմանավորված է թե՛ բույսի կլոր, մանրադրամի չափսի տերևների տեսքով, թե՛ դրա անգլերեն անվանումներից մեկով։ Կարելի է անվանել նաև Չինական փողի խոտ, Հիդրոկոտիլ և այլն։

Կենսականորեն անհրաժեշտ խոնավություն և սնունդ ապահովելու դեպքում, մանրադրամախոտը շատ արագաճ, սողացող բույս է։

Նկարում՝ մանրադրամախոտի աճեցումը կիսով չափ հողի և ջրի մեջ։

Միայն հողի մեջ աճեցնելիս, հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց, միևնույն ժամանակ, ցեխ չդառնա։ Շոգին ամեն օր ջրելու կարիք կլինի։

Մանրադրամախոտ աճեցնելու համար օգտագործվող, ինչպես նաև ջրելու ու ցողելու ջուրը, պետք է հնեցված լինի՝ ազատ քլորից։ Հին ջուրը փոխելիս, թափում և թարմ ջրով լրացնում են հին ջրի 2/3-ը։ Ջուրը փոխելու անհրաժեշտությունն առաջանում է ամռանը՝ 3-5 օրը մեկ, գարնանն ու աշնանը՝ 5-7 օրը մեկ և ձմռանը՝ 10-15 օրը մեկ։

Ջուրը փոխելուց հետո, կախված ջրի ծավալից, մի քանի կաթիլ պարարտանյութ են ավելացնում ջրին և ցնցում ծաղկամանը, որպեսզի ջուրը լավ խառնվի։

Շատ կարևոր է չմոռանալ բույսը պարբերաբար սնուցելու մասին։ Վեգետացիոն շրջանում, բույսը պետք է սնուցել հավասարակշռված NPK – ով, համալիր, հեղուկ պարարտանյութով։ Հողի մեջ աճեցվող բույսերը սնուցում են ամիսը մեկ անգամ։

Նկարում` ծաղկած մանրադրամախոտն է։ Ընդհանրապես այս բույսն աճեցնում են գեղեցիկ տերևների համար, իսկ ծաղկելը բույսին ամենևին չի գեղեցկացնում։

Ուստի, եթե սերմեր ստանալու մտադրություն չկա, ծաղիկները պետք է անմիջապես կտրել։ Դա կխնայի բույսի ուժերը և պարարտանյութ կխնայի։

Մանրադրամախոտը մշտապես պայծառ, ցրված լույսի կարիք ունի, իսկ ձմռանը բույսը նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների ներքո կարելի է դնել։

Մանրադրամախոտը ջերմասեր է, օդի ջերմաստիճանը չպետք է իջնի +5C-ից, իսկ ամենահարմարավետը +16…+24C տիրույթն է։

Մանրադրամախոտը անհրաժեշտ է պարբերաբար նոսրացնել՝ հեռացնել դեղնած ու ծերացած տերևները։ Արդյունքում կբարելավվի բույսի օդափոխությունը և, լավ սնուցման դեպքում, տերևներն ավելի խոշոր և փարթամ կլինեն։

Բույսի ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի տերևները մի կողմ թեքված չաճեն։

Մանրադրամախոտը բազմացնում են սերմերով կամ թուփը բաժանելով։ Քանի որ թուփը բաժանելով բազմացման եղանակը շատ դյուրին է, սերմերով բազմացումը համարյա չի կիրառվում։

Մանրադրամախոտը շատ կայուն է հիվանդությունների նկատմամբ և չի վախենում վնասատուներից։ Ջրի կամ կես հող, կես ջուր միջավայրում աճեցնելիս պետք է զգուշանալ մոծակների ձվադրումից ջրի մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների մանրադրամախոտը նաև ուտում են, ինչպես նաև օգտագործում չինական բժշկությունում։

Արտաքին հղումներ