Category Archives: Դդմազգիներ

Մկնիկի սեխ

Մկնիկի սեխը (անգլ․՝ Mouse melon, Mexican sour cucumber, Cucamelon, ռուս․՝ Мелотрия шершавая, լատ․՝ Melothria scabra) ուտելի պտուղների համար աճեցվող, դդմազգի, մագլցող, բազմամյա խոտաբույս է: Պտուղները մոտավորապես խաղողի հատիկի չափսի են, 1,5–2 սմ երկարությամբ, ունեն թթվաշ վարունգի համ:

Միակ տարբերությունը վարունգից այն է, որ մաշկը միատարր կանաչ չէ, այլ մարմարյա նախշերով է և մի փոքր թթու համ ունի։ Մկնիկի սեխի պտուղներն ուտում են թարմ վիճակում կամ թթու դրած, օգտագործում են որպես զանազան ուտեստների զարդարանք։

Աճեցնում են ինչպոս այգում, այնպես էլ պատշգամբում՝ թաղարի մեջ՝ պերգոլայի, վանդակի կամ պարզապես ցանկապատի մոտ: Ինչպես մյուս դդմազգիները, այս բազմամյա, աֆրիկյան բույսը (մեր գոտում աճեցվում է որպես միամյա) ունակ է արագ աճել և զարգացնել ուժեղ, փարթամ ճյուղեր, որոնք հասնում են ավելի քան 3 մ երկարության:

Մկնիկի սեխի տերևները նման են վարունգի տերևներին, միայն ավելի փոքր են: Վառ դեղին ծաղիկները՝ երկտուն են։ Էգ ծաղիկները առանձին, իսկ արուները՝ փնջերով են աճում:

Ծաղկում և պտղաբերում է մկնիկի սեխը հունիսից մինչև առաջին սառնամանիքներ: Տերեւներն, ի տարբերություն վարունգի, երկար ժամանակ չեն դեղնում եւ մինչեւ ուշ աշուն մնում են վառ կանաչ։ Բազմաթիվ բեղիկներով հեշտությամբ ամրանում ու մագլցում է տարբեր հենարանների վրա և ամբողջությամբ հյուսում դրանք:

Մկնիկի սեխը շատ ակտիվ է աճում, իսկ գետնով սփռվող կողային ճյուղերը լավ են արմատավորվում։ Երբ պետք է լինում արագ կանաչապատել ինչ-որ ուղղահայաց հարթություն, այս բույսը հիանալի է անում դա:

Մկնիկի սեխի խնամքը դյուրին է: Քանի դեռ բույսը չի մեծացել, շրջակա հողը փխրեցնում են և ազատում մոլախոտերից։ Հետագայում ուժեղ աճող բույսը ինքնուրույն է ճնշում մոլախոտերին:

Մկնիկի սեխը ջրում են ըստ հողի չորանալու աստիճանի։

Մկնիկի սեխը կարելի է վարունգի հետ միաժամանակ ցանել բաց գրունտում, բայց ավելի հարմար է աճեցնել սածիլների միջոցով:

Սածիլները աճեցնելիս սերմերը ցանում են ապրիլի առաջին կեսին պարարտ հողախառնուրդով արկղի մեջ։ Սերմերը բավականին մանր են, ուստի ավելի լավ է ոչ թե հողի շերտով ծածկել, այլ փռել մակերեսին և տուփը ծածկել ապակիով կամ պլաստիկ թաղանթով ու դնել տաք, լուսավոր տեղում։

Երկու-երեք օր անց ծիլերը հայտնվում են: Երբ ձևավորվում է երրորդ իսկական տերևը, սածիլները տեղափոխում են առանձին բաժակների մեջ՝ երկու կամ երեք սածիլ ամեն մեկում:

Տեղափոխելուց մեկ շաբաթ անց, երբ սածիլները սկսում են ակտիվորեն աճել, դրանք սնուցում են համալիր պարարտանյութով։ Բույսերը պարբերաբար ջրում են՝ խուսափելով ջրի լճացումից։

Մայիսին սածիլները կարելի է տնկել բաց գրունտում: Մկնիկի սեխը հեշտությամբ է ընտելանում նոր տեղում, արագորեն արմատավորվում է: Հետադարձ ցրտահարությունների վտանգի դեպքում, խորհուրդ է տրվում բույսը ծածկել թաղանթով։

Մկնիկի սեխի համար մշտական ​​տեղն ընտրում են բաց արևկող վայրում, չնայած այն կարող է հանդուրժել նաև թեթև ստվերը: Նախընտրելի է բերրի և փխրուն հողը։

Եթե ​​տնկելու նպատակը ոչ թե բերք ստանալն է, այլ տեղանքը կանաչապատելը, ապա վեգետատիվ շրջանի սկզբում բույսը պետք է սնուցել ազոտով, հակառակ դեպքում ավելի լավ է ընտրել համալիր պարարտանյութեր՝ ֆոսֆորի և կալիումի գերակշռությամբ:

Մկնիկի սեխի առավելություններից մեկը վնասատուների և հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականությունն է։ Այնուամենայնիվ, երբեմն վնասվում է ալրացողով:

Հղումներ