Category Archives: Ձարխոտեր

Ստվերադիմացկուն սենյակային բույսեր

Aglaomena

Ագլաոնեմա (անգլ․՝ Aglaonema, or Chinese evergreen, չին․՝ 粗肋草屬, ռուս․՝ Аглаонема, լատ․՝ Aglaonema): Հեշտ աճող սաղարթային բույս ​​է, որն իրեն լավ է զգում ցածր և միջին լուսավորության ներքո:

Անթուրիումը (անգլ․՝ Anthurium, ռուս․՝ Антуриум, լատ․՝ Anthurium): Միջինից ցածր լուսավորության պայմաններում ծաղկում է կարմիր, սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով: Ծաղկամանի հողը մշտապես խոնավ են պահում:

Բաղեղ անգլիականը և Բաղեղ ալժիրյանը լավ են աճում ցածր կամ միջին լույսավորության ներքո:

Բեգոնիա ռեքս, Փղականջ ռեքս (անգլ․՝ King begonia, ռուս․՝ Бегония рекс, լատ․՝ Begonia rex)։ Գնահատվում է գունագեղ սաղարթի համար: Դիմանում է միջինից ցածր լուսավորությանը։ Ջրել հողի չորանալուց հետո։

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia) նախընտրում է միջինից ցածր լուսավորությամբ տարածք: Պետք է թույլ տալ, որ հողը չորանա մինչև ջրելը:

Զամիոկուլկասը (կամ Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ), (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) լավ է աճում չոր միջավայրում և ցածր լուսավորության ներքո:

Թուջե ծաղիկ (անգլ․՝ Cast Iron Plant, Bar-room plant, չին․՝ 蜘蛛抱蛋, ռուս․՝ Аспидистра высокая, լատ․՝ Aspidistra elatior)։ Եղունգի պես կոշտ այս բույսն աճում է լիարժեք ստվերում և կանոնավոր ջրվելու պահանջ նույնպես չունի:

Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstéra): Հարմարվում է տարբեր ինտենսիվությամբ լուսավորությանը և ունի սենյակի օդը մաքրելու հատկություն։

Կալատեան (անգլ․՝ Calatheas, Prayer plant, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea) լավ է աճում միջինից ցածր լուսավորության պայմաններում: Լավ աճի համար անհրաժեշտ է կայուն խոնավություն: Որպես կանոն, որքան ցածր է լույսը, այնքան հազվադեպ կալատեան ծաղկում:

Մարանտա սպիտակաջիղ (անգլ․՝ Prayer Plant, ռուս․՝ Маранта беложильчатая, լատ․՝ Maranta leuconeura)։ Այս հիանալի բույսը հանդուրժում է թույլ լուսավորությունը, բայց շատ ավելի լավ է աճում պայծառ, ցրված լույսի ներքո։ Սիրում է փխրուն հող ու օդի խոնավություն։

Պոթոս ոսկեզոծը (անգլ․՝ Devil’s ivy, ռուս․՝ Эпипре́мнум золотистый, լատ․՝ Epipremnum aureum) թույլ լուսավորության սիրահար է։ Պետք է ունենա ցածրից չափավոր լույս և հողը չորանա մինչև նոր ջրելը:

Պտեր (անգլ․՝ Ferns, ռուս․՝ Папоротники, լատ․՝ Polypodióphyta)

Պտերի (ձարխոտերի) շատ տեսակներ, ներառյալ Button fern, Autumn fern, Rabbit’s foot fern, Maidenhair fern և այլն, լավ տարբերակ են ցածր լուսավորության պայմաններում աճեցնելու համար: Դրանց համար պետք է ապահովել մշտապես խոնավ հող և ցածր կամ միջին լուսավորություն:

Պլատիցերիումը նույնպես ձարխոտ է (անգլ․՝ Staghorn fern, ռուս․՝ Платицериум, լատ.՝ Platycerium) լավ է աճում օդի բարձր խոնավությամբ վայրերում, օրինակ, լոգասենյակներում:

Բնության մեջ պլատիցերիումներն աճում են ծառերի վրա և չունեն հողի պահանջ: Չափավոր լույսը բավարար է:

Թռչնի բույն պտեր (անգլ․՝ Bird’s Nest Fern, ռուս․՝ Асплениум гнездовой, Костенец, լատ․՝ Asplenium nidus)։ Արեւադարձային անտառների ծառերի ճյուղերին ու բներին է աճում այս էպիֆիտ բույսը։ Սիրում է կիսաստվերը և խոնավությունը:

Սանսևիերիան (Զոքանչի լեզու) (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera) լավ է աճում չոր միջավայրում և հեշտությամբ համակերպվում է չափավոր և թույլ լուսավորության հետ:

Սինգոնիում տերևատոտիկ (անգլ․՝ Arrowhead Plant, ռուս․՝ Сингониум ножколистный, լատ․՝ Syngonium podophyllum): Նվազագույն պահանջներով, հեշտ աճող բույս ​​է: Որպեսզի այն գեղեցիկ տեսք ունենա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով էտել:

Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллюм, լատ․՝ Spathiphyllum)։ Նախընտրում է չափավորից մինչև ցածր լուսավորություն և մշտապես խոնավ հող: Նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, ծաղկում է տարին մի քանի անգամ:

Վիշապենի (անգլ․՝ Lucky Bamboo, չին․՝ 富貴竹, ռուս․՝ Драцена Сандера, լատ․՝ Dracaena sanderiana) Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից  համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Կարելի է թե՛ հողի, թե՛ միայն ջրի մեջ աճեցնել։ Լավ է աճում և՛ ցածր, և՛ միջին լուսավորված վայրում։

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)։ Քլորոֆիտումները ամենահեշտ աճեցվող տնային բույսերից են: Դրանք հաջողությամբ հարմարվում և աճում են շատ տարբեր պայմաններում։

Ֆիլոդենդրոնը (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)  միջինից ցածր լուսավորության սենյակային բույս ​​է, որը նախընտրում է որ հողը չորանա մինչև նոր ջրելը:

Պտեր բոստոնյան

Բոստոնյան պտեր (Բոստոնյան ձարխոտ, անգլ․՝ Boston swordfern, Wild Boston fern, ռուս․՝ Нефролепис возвышенный, լատ․՝ Nephrolepis exaltata

Վերացնում է օդում գտնվող տոքսինների մեծամասնությունը, մանավանդ մրջնալդեհիդը (ֆորմալդեհիդ, formaldehyde) և քսիլոլը: Խոնավեցնում է սենյակի օդը:

Հայրենիքը՝Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներ։
Կենսաձևը՝Խոտաբույս
Ընտանիքը՝ Davalliaceae
Չափսերը՝Մինչև 70 սմ երկարությամբ, կախվող տերևներ։
Ծաղկելը՝Չի ծաղկում։
Լուսավորությունը Պայծառ, ցրված լույս։ Կարելի է աճեցնել ցերեկային լամպերի լուսավորությամբ՝ օրական 14-16 ժամ  լուսավորելով:
Օդի ջերմաստիճանը՝Լավագույն միջակայքը 18-24 °С է: Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում բույսը ստիպված մտնում է հանգստի ռեժիմ։  Անթույլատրելի է ջերմաստիճանի նվազումը 11 °С ցածր։
Օդի խոնավությունը՝ Խոնավասեր է։ Ամռանը հաճախ ցողել։
Ջրելը՝ Ամռանը չափավոր, հողը միշտ խոնավ լինի, ձմռանը, օդի ցածրջերմաստիճանի դեպքում, քիչ։
Հողախառնուրդը՝ Պարարտ, չեզոք (pH):  (6.0-7.0) կամ թեթև թթվայնություն (pH): (5.0-6.0) ունեցող հող:

 

Ապահովել լավ դրենաժ։

Սնուցումը՝Աճի շրջանում, 2-3 շաբաթը մեկ։
Ծաղկամանն ու տեղափոխումը՝1-3 տարին մեկ, լայն ու ոչ շատ խոր ծաղկամանների մեջ։
Բազմացումը՝Թուփը կիսելով, բեղիկներով, սպորները (բեղմնիկները) ցանելով:
Վնասատուներ՝Ալրատիզ, վահանամիջատ, սարդոստայնային տիզ:
Աճեցնելու դժվարությունը՝Դյուրին է։
Հղումներ