Category Archives: Սենյակային բույսեր

Ադենիում

Ադենիումը (անգլ․՝ Desert rose, ռուս․՝ Адениум, լատ․՝ Adenium) շնամեռուկազգիների ընտանիքի սուկուլենտ բույս է։

Բույսի ծաղկման շրջանը բավականին երկար է։ Ծաղիկները տարբերվում են չափերով և ձևով: Տանը, ադենիումը հաջողությամբ աճեցվում է ցնցող գեղեցիկ, ինչպես կրկնակի, այնպես էլ պարզ ծաղիկներով, պարզ և տպավորիչ, կոնտրաստ երանգներով:

Ադենիումները հիմնականում երկարակյաց, սուկուլենտ, բազմամյա բույսեր են՝ արևադարձային շրջաններից: Դրանք, ընդհանուր առմամբ, անապատի բույսեր չեն: Ավելին, այսօր մշակվող սորտերը և նույնիսկ տեսակները ներկայացնում են «ընտանեկան» բուծում. միայն կլոնները, որոնք կարող էին մշակել ավելի խոնավ պայմանները, գոյատևեցին, ինչի արդյունքում մնացած բույսերը նույնիսկ ավելի քիչ գոհ են չորային պայմաններից, քան վայրի պոպուլյացիաները:

Ե՞րբ է ծաղկում ադենիումը:

Չնայած արևի պայծառ լույսը խթանում է ադենիումի ծաղկելը, ամռան ամենաշոգ շաբաթների ընթացքում այն ընդհատում ծաղկելը: Արդյունքում երկու ծաղկման երկու ժամանակաշրջան է ունենում:

Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը և, պատշաճ խնամքի դեպքում, ծաղկելը շարունակվում է մինչև ամառվա կեսը։ Այնուհետեւ 6-8 շաբաթ դադար է լինում և ծաղկման շրջանը վերսկսվում է միայն սեպտեմբերի սկզբին։

Բնության մեջ ադենիումը կարող է հասնել 3 մետր և ավելի բարձրության՝ կախված տեսակից, բայց սենյակային պայմաններում այն հազվադեպ է գերազանցում 1 մետրը։ Վերջերս բուծվել են մինի չափսերի խմբի մինի ադենիումներ՝ 12-17 սմ բարձրությամբ։ Այդ գաճաճ ծառերը սկսում են ծաղկել արդեն 2 տարեկանից։

Ուշադրություն. Բույսի հյութը շատ թունավոր է, ուստի բոլոր գործողությունները կատարեք ձեռնոցներով և մեծ խնամքով։

Ադենիումի տեսակները

  • Adenium obesum – Ադենիում գիրուկ – ամենատարածվածն է
  • Adenium multiflorum
  • Adenium arabicum – երկրորդ ամենատարածվածն է
  • Adenium socotranum
  • Adenium boehmianum
  • Adenium crispum
  • Adenium swazicum

Խնամքը

Օդի ջերմաստիճանը

Ադենիումը ջերմասեր է, հարմարավետ է օդի ջերմաստիճանը ամռանը մոտ 25-27°С, ձմռանը՝ 12-13°С-ի սահմաններում։ Բույսը չի հանդուրժում արմատային համակարգի սառեցումը, ուստի օդի ցածր ջերմաստիճանի դեպքում, հողը պետք է ամբողջությամբ չոր լինի: Ամառանը ավելի լավ է դուրս հանել այգի կամ պատշգամբ։ Եթե ​​պատշգամբը մեկուսացված է, ապա ադենիումը կարելի է հանել արդեն ապրիլին, երբ ջերմաստիճանը + 8°С-ից ցածր չէ, և տուն բերել հոկտեմբերին, կամ ավելի վաղ, եթե ջերմաստիճանը կարող է իջնել + 8°С-ից ցածր:

Լուսավորությունը

Ադենիումին անհրաժեշտ է շատ լուսավոր արևոտ տեղ հատկացնել։ Լավ է աճում հարավային պատուհանագոգին: Այնուամենայնիվ, գարնանը պայծառ արևին պետք է սովորեցնել աստիճանաբար: Ձմռանը նույնիսկ հարավային պատուհանագոգին կարող է մի փոքր մութ լինել ադենիումի համար։ Եթե ադենիումը ձմռանը պահվում է ջեռուցվող սենյակում, ուր ջերմաստիճանը 24-26 ° C է, ապա այն կշարունակի աճել, բայց քանի որ ձմռանը արևը քիչ է, իսկ օրը կարճ է, նոր ճյուղերը սկսում են ձգվել, փոքրանալ և գունատվել։ Հետեւաբար, անհրաժեշտ կլինի տեղադրել լրացուցիչ լուսավորություն կամ գտնել ավելի զով տեղ:

Ոռոգումը

Գարնանը և ամռանը չափավոր են ջրում, որպեսզի հողի մակերեսը հասցնի չորանալ։ Խնամքի հիմնական սխալը չափից շատ ջրելն է. ադենիումը շատ զգայուն է ավելորդ խոնավության նկատմամբ, արմատները հեշտությամբ կարող են փտել դրանից: Ձմռանը ջրելը սահմանափակ է՝ կախված օդի ջերմաստիճանից՝ որքան ցուրտ է, այնքան քիչ։

Սնուցումը

Ծաղիկների և նոր տերևների առաջանալուց հեըո սկսում ենադենիումի սնուցումը դեկորատիվ ծաղկող բույսերի համար նախատեսված հատուկ պարարտանյութով՝ ավելացնելով ոռոգման համար նախատեսված ջրի մեջ։ Սնուցումն արվում է 2 շաբաթը մեկ անգամ։ Պարարտանյութում NPK-ի օպտիմալ հարաբերակցությունը 20-20-20 է։ Երբեմն տերևների ծայրերը շագանակագույն են դառնում, եթե դա պայմանավորված չէ հողի ուժեղ, չափից ավելի չորացումով, ապա բույսը կարող է բավարար քանակությամբ կալիում չունենալ: Պետք է երկու սնուցում անել կալիումի նիտրատով կամ կալիումի մոնոֆոսֆատով։ Հատկապես հաճախ կալիումի քաղց տեղի է ունենում երբ բույսն աճում է մաքուր տորֆի մեջ:

Օդի խոնավությունը

Ադենիումը սիրում է մանր կաթիլներով ջրով ցողվել՝ այնպես որ ջուրը չհոսի ճյուղերի երկայնքով: Ծաղկման շրջանում պետք է խուսափել ծաղիկները ցողելուց։

Տեղափոխությունը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են տարին մեկ, գարնանը։ Հողը պետք է լինի փխրուն և ունենա մի փոքր թթվային ռեակցիա: Կարելի է օգտագործել բերրի կավահող՝ լվացված գետի ավազի հավելումով: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ:

Ադենիումի բազմացումը

Սերմերով։ Ադենիումի սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել միայն թարմ սերմեր։ Ավելի լավ են ծլում տաքացվող հողում, սենյակային մինի ջերմոցում՝ 26-28°С ջերմաստիճանում։

Կտրոններով։ Արմատավորման համար տնկաշիվերը պետք է կտրել մարտ-ապրիլ ամիսներին։ Կտրոնները չորացնում են սենյակային ջերմաստիճանում մեկից երկու օր: Այնուհետև հավասար մասերով վերցված ունիվերսալ հողի, ավազի և վերմիկուլիտի խառնուրդի մեջ տնկում են 5-6 սմ փոքր բաժակներում և տեղադրում են մինի ջերմոցում։Դնել պետք է ամենալուսավոր, ամենաարևոտ տեղում: Եթե ​​եղանակը ամպամած է, պետք է լամպ միացնել լողջ օրվա ընթացքում։ Ջրել այնպես, որ բաժակի մեջ հողը մի փոքր խոնավ լինի՝ ոչ չոր և ոչ թաց:

Հղումներ

Կորդիլին

Կորդիլինը (անգլ․՝ Cordyline, ռուս․՝ Кордилина, լատ․՝ Cordyline) մոտ 15 տեսակի ծառանման ծաղկավոր բույսերի ցեղ է` Asparagaceae ընտանիքի Lomandroideae ենթաընտանիքում:

Կորդիլինը բնիկ է Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում՝ Նոր Զելանդիայում, Արևելյան Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում և Պոլինեզիայում, մեկ տեսակ էլ հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում:

Կորդելինին հաճախ շփոթում են վիշապածառի հետ, դրանք շատ նման են, հատկապես եթե աճեցվում են որպես մերկաբուն ծառեր: Դրանց տարբերելու ամենահեշտ ձևը արմատներով է, որոնք հաճախ դուրս են ցցվում գետնից. դրանք դեղնավուն-նարնջագույն են վիշապածառի մոտ և սպիտակավուն կորդիլինի մոտ:

Բնական պայմաններում բույսը սովորաբար հասնում է 2-ից 12 մետր բարձրության, ծաղկամանում այն չի գերազանցում 1,5 մ-ը, ավելի հաճախ այն աճում է 60-ից 90 սմ: Կորդելինը ուժեղ արմատային համակարգով թուփ կամ ծառ է. բարակ բնով և գեղեցիկ երկարաձիգ, սուր կամ նշտարաձև տերևներով:

Ժամանակի ընթացքում հին տերևները չորանում և թափվում են՝ մերկացնելով բնի ստորին հատվածը, ինչը բույսին արմավենու տեսք է տալիս։ Կորդելինին հաճախ անվանում են կեղծ արմավենի: Եվ չնայած բույսը ծաղկում է սպիտակ կամ կարմիր ծաղիկներով, դրանք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում, կորդելինը աճեցվում է բացառապես իր գեղեցիկ տերևների համար։ Կարդիլինի բազմաթիվ խայտաբղետ տերեւներով սորտեր կան բուծված։

Կորդիլինի տեսակները

  • Կորդիլին հարավային (Cabbage Tree, Cordyline australis)։ Բնության մեջ աճում է մինչև 12 մ, բունը կոշտ է, հիմքում հաստ է: Դաշույնանման տերևները հասնում են մեկ մետր երկարության և մինչև 35 սմ լայնության։ Կանաչ տերևներն ունեն հաստ, բաց գույնի երակներ։ Ծաղկում է հաճելի հոտով, սպիտակ ծաղիկներով՝ հավաքված փնջի մեջ։ Լավ է աճում սենյակային պայմաններում և ձմեռային այգիներում:
  • Կորդիլին Բենքսի (Cordyline banksii )։ Մինչև 3 մ բարձրությամբ բարակ ցողունով բույս ​​է։ Տերեւները՝ 60 սմ-ից մինչեւ 1,5 մ երկարությամբ, կանաչ, մինչեւ 20 սմ երկարությամբ կոթունների վրա։ Սիրում է զով պայմաններ, բայց լավ է հարմարվում տարբերվող պայմաններին:
  • Կորդիլին չբաժանված (Cordyline indivisa)։ Բնական պայմաններում մինչև 12 մ բարձրությամբ բարձրահասակ ծառ է, ժապավենանման սրածայր տերեւներով՝ 70-150 սմ երկարությամբ, կանաչ՝ կարմիր երակով։
  • Կորդիլին կարմիր (Cordyline rubra)։ 3-4 մ բարձրությամբ թուփ է՝ մինչև 50 սմ երկարությամբ կարմիր կաշվի պես տերևներով, մինչև 15 սմ երկարությամբ ակոսավոր կոթունի վրա։ Մանուշակագույն ծաղիկները հավաքվում են մինչև 30 սմ չափի փնջի մեջ։
  • Կորդիլին ուղղաձիգ (Cordyline stricta)։ 30-60 սմ երկարությամբ սղոցանման եզրերով, նեղ կանաչ տերևներով։ Կան մանուշակագույն տերևներով ձևեր:
  • Կորդիլին գագաթային (Cordyline fruticosa)։ Ջերմասեր դանդաղ աճող տեսակ է՝ 30-50 սմ երկարությամբ տերևներով, բուծվում են կարմիր, դարչինագույն և բաց կանաչ գույնի երկայնական շերտերով զարդարված սորտեր։

Կորդիլինի սորտեր

  • Kiwi Մուգ կանաչ տերևներ ունի՝ վարդագույն եզրերով և դեղին շերտերով;
  • Red Edge Տերևներն ունեն կարմիր-վարդագույն եզրագիծ և մեջտեղում կրեմի գույնի շերտ;
  • Snow  Սպիտակ շերտեր տերևների վրա;
  • Lord Roberts Տերևների վրա սպիտակ և վարդագույն գծեր կան;
  • Joungii Կարմիր-շագանակագույն տերևներով բույս է;
  • Canario Վառ կանաչ գծերով, լայն տերևներ:

Խնամքը

Օդի ջերմաստիճանը և լուսավորությունը

Խայտաբղետ սորտերին անհրաժեշտ է ցրված լույս, ստվերում տերևների գույնը դառնում է կանաչ: Մուգ կանաչ տերևներով կորդիլինները հիանալի են զգում մասնակի ստվերում: Բույսը կարելի է դնել խոր ստվերում, բայց այս դեպքում շաբաթական մեկ օր կամ ամիսը 5-7 օր այն պետք է դնել վառ ցրված լույսով լուսավորված տեղում։

Ամռանը բոլոր կորդելինների համար հարմարավետ է օդի 20-25 ջերմաստիճանը: Ձմռանը օդի ջերմաստիճանը +18-ից ցածր petq 1 չընկնի: Կորդիլինները չեն սիրում միջանցիկ քամիներ:

Օդի խոնավությունն ու ոռոգումը

Ամռանը և գարնանը կորդելինը ջրում են շաբաթական 2-3 անգամ, երբ ծաղկամանի հողի վերին շերտը մի փոքր չորանա։ Ձմռանը ջրելը կրճատում են, բայց պետք չէ թույլ տալ, որ հողն ամբողջովին չորանաԼայն տերևներով կորդելինները պահանջում են ավելի առատ խոնավություն, քան նեղ տերևներովը։

Օդի խոնավությունը պետք է բարձր լինի ողջ տարվա ընթացքում: Ձմռանը չի կարելի բույսը պահել ջեռուցման սարքերի մոտ: Ժամանակ առ ժամանակ տերևները պետք է սրբել խոնավ շորով։

Սնուցումը

Գարնանը և ամռանը սնուցումն արվում է շաբաթական մեկ անգամ, ձմռանը` ամիսը մեկ անգամ` դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով:

Հողախառնուրդը

Կորդիլինը կարելի է աճեցնել նաև հիդրոպոնիկ եղանակով: Իսկ հողախառնուրդը պետք է լինի թեթևակի թթվային, փխրուն, իսկ ծաղկամանը լավ դրենաժ ապահովի։ 

Նորր, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Ծաղկամանի տակից դուրս եկած արմատները կարող են ազդանշան ծառայել տեղափոխման համար։

Ծաղկելը և էտը

Կորդիլինը սենյակայում պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում: 

Երբ կորդելինը շատ է ձգվում, այն կտրում են՝ կտրվածքը մշակելով մանրացված ակտիվացված ածուխով։ Էտը նպաստում է նոր ճյուղերի ձևավորմանը, ինչը թույլ է տալիս պահպանել բույսի գրավիչ տեսքը: Կտրված գագաթները կարելի է արմատավորել:

Բազմացում սերմերով

Սորտային բույսերի սերմերից աճեցված կորդելինները կորցնում են իրենց մայրական հատկությունները։ Սերմերը ցանում են մարտին ավազից և ճմահողից կազմված հողախառնուրդի մեջ: 

Սերմերը շատ անհավասար են ծլում. առաջին ծիլերը հայտնվում են մեկ ամսից, վերջինները՝ երեք ամսից:

Բազմացում կտրոններով

Կորդելինը կարող է բազմացվել գագաթային կամ ցողունային կիսափայտացած, առնվազն 7 սմ երկարությամբ կտրոններով։ Կտրոնները մշակում են արմատակալումը խթանող նյութով ու տնկում ավազից ու տորֆից կազմված խառնուրդի մեջ։ Տնկարկը ծածկում են թափանցիկ թաղանթով, պահում են 20-22 աստիճան ջերմաստիճանում և հաճախ ցողում։

Արմատավորումը տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում: Արմատավորված տնկաշիվերը տեղափոխում են փոքր ամանների մեջ:

Բազմացում արմատային ընձյուղներով

Եթե ​​կորդելիը ունի կողային ընձյուղներ (ձագուկներ), երբ դրանք մի փոքր մեծանան, հեշտությամբ կարելի է առանձնացնել և տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Վնասատուներ, հիվանդություններ և հնարավոր խնդիրներ

Կորդելինի վրա կարող են հարձակվել վահանակիրները, ուտիճները, սարդոստայնային տիզը, տրիպսները և ալրատիզը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

  • Եթե ցողունի ներքևի մասը փտել է՝ շատ ջրելու հետևանք է։
  • Տերեւների վրա թեթև չորացող բծեր կան՝ արևայրուք։
  • Խայտաբղետ տերևները կանաչում են՝ անբավարար լուսավորություն, կորդելինը պետք է տեղափոխել ավելի լուսավոր տեղ և աստիճանաբար տերևները նորից խայտաբղետ կկդառնան։։
  • Տերեւների վրա շագանակագույն բծեր՝ շատ ջրելու հետևանք է:
  • Տերևները կորցնում են իրենց ճկունությունը, գանգուրվում և սևանում են՝ օդի ջերմաստիճանը շատ ցածր է։
  • Տերևների ծայրերը և/կամ եզրերը չորանում են՝ սենյակի օդը շատ չոր է։
  • Ծաղկամանի հողի մակերեսը սպիտակել է՝ կոշտ ջրով ջրելու հետևանք է, հարկավոր է զգուշորեն հեռացնել հողի վերին շերտը և փոխարինել այն նորով:
  • Միայն ստորին տերևներն են թափվում՝ բնական աճի գործընթաց է:

Հղումներ

Աֆրիկյան կաթնաթուփ

Աֆրիկյան կաթնաթուփը (ագլ․՝ African Milk Bush, լատ․՝ Euphorbia umbellata) մշտադալար, սուկուլենտ թուփ է կամ փոքր ծառ, որը սովորաբար աճում է մինչև 5 մետր բարձրությամբ, երբեմն՝ մինչև 10 մետր։

Պատկանում է իշկաթնուկների ընտանիքին։

Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային շրջաններում։

Աֆրիկյան կաթնաթուփի կաթնանման բուսահյութը շատ թունավոր և գրգռիչ է: Դրա շփումը մաշկի կամ լորձաթաղանթների հետ առաջացնում է այրվածքներ, դերմատիտ և բշտիկներ: Ախտանիշները կարող են չզարգանալ անմիջապես և ի հայտ գալ ժամեր հետո։ Խմելու դեպքում հյութը կարող է մահացու լինել։

Ռուանդայում բույսի հյութըկիրառվում է որպես նետերի թույնի բաղադրիչ։ Քենիայում և Տանզանիայում բույսը երբեմն օգտագործվում է հանցավոր նպատակներով։

Խնամքը

Լույսը՝ լրիվ արև կամ կիսաստվեր։

Օդի ջերմաստիճանը՝ +4°C ոչ ցածր։

Հողախառնուրդը՝ հատուկ պահանջներ չունի, հարմարվում է ցանկացախ տեսակի հողին։

Ջրելը՝ երշտադիմացկուն է, ջրում են ծաղկամանի հողի համարյա ամբողջությամբ չորանալուց հետո։

Սնուցումը՝ միայն աճի շրջանում ՝ ամիսը մեկ անգամ։

Բազմացումը՝ սերմերով կամ տնկաշիվերով։

Ռուելիա

Ռուելիան (անգլ․՝ Ruellia, ռուս․՝ Руэллия, լատ․՝ Ruellia ) Acanthaceae ընտանիքի ծաղկող բույսերի ցեղ է, որն անվանվել է ի պատիվ ֆրանսիացի բուսաբան և բժիշկ Ժան Ռյուելի (1474–1537):

Հայտնի է ռուելիայի 269 տեսակ։

Ռուելիաները ոչ պահանջկոտ, մշտադալար, բազմամյա բույսեր են, որոնք աճում ու հասնում են մինչև 60 սմ բարձրության և 45 սմ լայնության։ Հայաստանում աճեցվում են որպես սենյակային բույսեր:

Շատերը սիրահարվել են այս գեղեցկուհուն, քանի որ դրա խնամքը շատ պարզ է։ Բացի այդ, բույսն ունի արագ աճ և բարձր դեկորատիվություն։ Մինչև 7 սմ երկարությամբ և 2–3 սմ լայնությամբ թավշյա տերևները զարդարված են բաց երակներով (հանդիպում են նաև նախշավոր տերևներով սորտեր), հակառակ երեսը՝ մուգ կարմիր։

Ծաղիկները ձագարաձև են՝ 5 սմ տրամագծով, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 10 սմ, ծաղկման շրջանն ինքնին շատ կարճ է՝ առավոտից մինչև կեսօր։ Բայց թառամած ծաղկի տեղում անմիջապես հայտնվում է նոր բողբոջ։ Իր ոչ հավակնոտության պատճառով ռուելիան ցանկալի հյուր է ցանկացած տանը:

Ռուելիայի տարածված տեսակներ

Պորտելի ռուելիան (Ruellia portellae, Руэллия Портелла) Մուգ կանաչ տերևներ ունի, իսկ ծաղիկները վարդագույն են։

Դևոսի ռուելիան (Ruellia devosianus, Руэллия Девоса կամ Руэллия голубая ) Լավ ճյուղավորվող ընձյուղները երբեմն հասնում են 45 սմ երկարության։ Ծաղիկները սպիտակ կամ բաց մանուշակագույն են։

Բրիտոնի ռուելիան (Ruellia Brittoniana, Руэллия Бриттона) Մոտ մեկ մետրանոց թուփ է, մեծ, մանուշակագույն ծաղիկներով և կապտավուն տերևներով։

Մակոյի ռուելիան (անգլ․՝ , Monkey plant, Trailing velvet plant, ռուս․՝ Руэллия Макоя, լատ․՝ Ruellia makoyana) Մոտ 60 սմ բարձրությամբ, ուղղաձիգ թուփ է։ Մուգ տերևները դեղնավուն երակներ ունեն։ Ծաղիկները մուգ կարմիր են։

Կառոլինյան ռուելիան (Ruellia caroliniensis) Մուգ, փետրավոր տերևներ ունի։ Ծաղիկները փոքր են՝ մանուշակագույնից՝ երկնագույն երանգներով։

Խոշորածաղիկ ռուելիա (Ruellia macrantha, Крупноцветковая руэллия) Ծաղիկները մինչև 10 սմ մեծություն ունեն։ Լինում են վարդագույն, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն։

Խնամքը

Լուսավորությունը

Պահանջվում է վառ, ցրված լույս: Եթե ​​լուսավոր օրվա տեւողությունն ապահովվի 12-14 ժամ, ապա ռուելիան շատ երկար կծաղկի (փետրվարից՝ նոյեմբեր)։ Ստվերում ծաղկելու շրջանը կկրճատվի մինչև 4 ամիս, իսկ տերևներն այնքան էլ պայծառ չեն լինի։

Ձմռանը բույսը կարելի է դնել հարավային պատուհանագոգին, իսկ ամռան համար իդեալական է դեպի արևելք նայող պատուհանի գոգը։ Բույսը պետք է պաշտպանված լինի արևի ուղիղ ճառագայթներից, որպեսզի այրվածքներ չհայտնվեն տերևների վրա:

Օդի ջերմաստիճանը

Օդի ջերմաստիճանը պետք է լինի կայուն՝ առանց վայրիվերումների: Ամառվա առավելագույն ցուցանիշը +20․․․+25℃ է, ձմռանը՝ +16…+18℃ ոչ ցածր։ Սենյակում, որտեղ գտնվում է ռուելիան, միջանցիկ քամիներ պետք է չլինեն, հակառակ դեպքում բույսը ​​կթափի բոլոր ստորին տերևները:
Ցուրտ եղանակին ծաղկամանը պետք է դնել տակդիրի վրա և պատուհանի ապակուց հեռու։ Հողի չափազանց սառելը վնասում է բույսի արմատներին։

Ոռոգում և օդի խոնավությունը

Ռուելիան պետք է պարբերաբար ջրել գոլ, փափուկ ջրով: Հողը պետք է ոչ չափից ավելի չորանա, ոչ էլ ցեխ դառնա: Հենց որ հողի վերին շերտը սկսում է չորանալ, բույսը ջրելու ժամանակն է։ Մեկ այլ ազդանշան են թուլացած, կախված տերևները:

Ռուելային հարմարված է օդի միայն միջին խոնավությունը: Շոգ օրերին դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Ամառան շատ շոգ ժամանակահատվածում խորհուրդ է տրվում օգտագործել օդի խոնավացուցիչներ, թաց խճաքարերով տակդիրներ, ցողել տերևները։ Կարելի է պարբերաբար գոլ ցնցուղի տակ լողացնել ռուելիան:

Տեղափոխում և սնուցում

Երիտասարդ բույսերը քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում ամեն տարի, իսկ հասուն նմուշները՝ ըստ անհրաժեշտության, երբ ծաղկամանը չափազանց նեղ է դառնում: Տեղափոխելու համար լավագույն ժամանակը մարտից մինչև մայիսի վերջն է։ Նոր ծաղկամանը պետք է լինի միայն 5-7 սմ-ով մեծ, քան հինը: Արմատների նեղվածքը նպաստում է բույսի առատ ծաղկմանը:

Ծաղիկը նոր ծաղկաման տեղափոխում են իր ամբողջական հողակույտով, որպեսզի չվնասվեն զգայուն արմատները։ Հողախառնուրդը պետք է լինի թեթև, լավ թափանցելի օդի և խոնավության համար:

Ռուելիայի սնուցումն արվում է ամսական մեկ անգամ։ Օգտակար է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդներով հավասար համամասնությամբ (կիրառվում է ինչպես արմատային, այնպես էլ սաղարթային սնուցում)։ Պարարտանյութի խտությունը պետք է առաջարկվող չափաբաժնի մոտ ¼-ի չափով լինի։

Բազմացումը

Կտրոններով բազմացումն անում են գարնանը։ Կտրում են վերին, ոչ փայտացած ընձյուղները (10-12 սմ երկարությամբ), որոնց վրա 2-3 աճի կետ կա։ Կտրվածքը մշակում են արմատակալմանման խթանիչով։

Արմատակալման դնում են կամ ջրի մեջ՝ ակտիվացված ածուխի և սուկինինաթթվի ավելացմամբ, կամ պատրաստի հողախառնուրդում։

Օդի ջերմաստիճանը պետք է լինի +20․․․+22℃ ոչ ցածր։

Անդալիսի միջոցով բազմացնելիս, ճյուղը թեքում և աճի կետը ամրացնում են գետնին՝ մինչև ճյուղի արմատակալելը։ Սովորաբար, արմատների ձևավորումը տևում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս:

Սերմերով բազմացնելը

Ռուելիայի ընկած ծաղկները, հողի վրա ձևավորում են սերմատուփեր, որոնք, հասունանալով պայթում են՝ սերմերը ցրելով երկար հեռավորությունների վրա։

Եթե ​​տուփը չի պայթել, կարելի է հավաքել սերմերը՝ սեղմելով ու բացելով տուփը։

Սերմերը ցանում են տորֆի և ավազի հավասար համամասնությամբ խառնուրդի մեջ: Ցանքը ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով, պարբերաբար օդափոխում են: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +23․․․+25℃ տիրույթում։

Երբ ծիլերի վրա հայտնվեն 2 զույգ տերևներ, դրանք տեղափոխում են առանձին բաժակների մեջ։

Վնասատուներ և հիվանդություններ

Գործնականում ռուելիան հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը: Նման խնդիրների պատճառ կարող են լինել միայն աճեցման վատ պայմանները։ Ցանկացած միջատասպան նյութ կօգնի հաղթահարել այդ խնդիրներները։

Աճեցման խնդիրներ

  • Արևի ուղիղ ճառագայթներից և օդի չափազանց բարձր ջերմաստիճանից տերևները գանգուրվում են և պատվում են բծերով: Պետք է ժամանակավորապես հեռացնել ծաղկամանը ատուհանից և խոնավացնել սենյակի օդը։
  • Տերևների չորացած ծայրերը, ընդհակառակը, վկայում են օդի ավելորդ խոնավության մասին։ Դրանից բույսը հիվանդանում է և չի ծաղկում:
  • Երիտասարդ ճյուղերը շատ ուժեղ ձգվում են, դեֆորմացվում, իսկ տերևները փոքրանում են, ծաղկում չկա։ Բույսը բավարար լույս չունի:
  • Տերեւները դեղնում են և թափվում։ Հողը չափազանց խոնավ է, կամ բույսը միջանցիկ քամիների մեջ է։
  • Առանց պարբերաբար արվող ձևավորող էտի, ռուելիան ակտիվորեն աճում է և անխնամ տեսք է ստանում:

Արտաքին հղումներ

Պատկառուկ Ուոլերի

Ուոլերի Պատկառուկը (անգլ․՝ Busy Lizzie, ռուս․՝ Недотрога Уоллера, լատ․՝ Impatiens walleriana) պատկառուկների ցեղի տեսակ է, որը բնիկ է Արևելյան Աֆրիկայում՝ Քենիայից մինչև Մոզամբիկ: Անվանակոչվել է բրիտանացի միսիոներ Հորաս Ուոլլերի պատվին։

Ուոլերի պատկառուկ աճեցնում են թե՛ սենյակային պայմաններում, թե՛ պատշգամբում կամ բաց գրունտում։ Այգում, որտեղ այն աճեցնում են որպես միամյա, այս բույսի ծաղկման շրջանը տևում է ամբողջ ամառ, իսկ տանը՝ տարվա մեծ մասը։

Խնամքը

  • Ուոլերի պատկառուկը չի հանդուրժում արևի ուղիղ ճառագայթները, բայց նրան անհրաժեշտ է օրական 3-5 ժամ լավ լուսավորություն:
  • Եթե ​​բույսն ամռանը դրսում են պահում, պետք է համոզվել, որ վրան անձրև չի գա։
  • Պետք է խուսափել ցրտահարումներից։
  • Գարնանը և վաղ աշնանը ջրելը պետք է լինի առատ և կանոնավոր, ամռան շոգին՝ նույնիսկ ամենօրյա։ Ձմռանը ոռոգման հաճախականությունը պետք է կարգավորել այնպես՝ որպեսզի հողը միշտ խոնավ լինի, բայց ցեխ չդառնա ու ծաղկամանի տակդիրի մեջ չլճանա։
  • Բույսի տերևները սիրում են ցողվել, բայց դա կարելի է անել միայն օդի +20°C բարձր ջերմաստիճանի դեպքում: Հակառակ դեպքում դրանք կարող են թափվել։
  • Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պատկառուկին պետք է երկու շաբաթը մեկ անգամ սնուցել պարարտանյութերով:
  • Եթե ​​բույսը գնվել է խանութից, այն պետք է անմիջապես փոխադրել ավելի փոքր ծաղկամանի մեջ, ինչը կխթանի բույսի ծաղկելը:
  • Պետք է պարբերաբար ազատվել բույսի խունացած ծաղիկներից. դրանք խանգարում են նորերի աճին:
  • Բազմացման լավագույն ձևը կտրոններովն է։ Խորհուրդ է տրվում դա անել ամռանը, տաք գարնանը կամ աշնանը։ Կտրոնները ջրում արմատակալում են մեկից երկու շաբաթվա ընթացքում:
  • Սերմերով բազմացնելու համար, դրանք պետք է հավաքել սերմատուփի դեղնելուց հետո՝ շատ զգույշ, քանի որ այդ պահին սերմերը շատ «խոցելի» են դառնում:

Հնարավոր բարդությունները

  • Հողի մեջ սննդանյութերի պակասի դեպքում, կամ երբ ծաղկամանն արդեն փոքր է դառնում, նաև վատ լուսավորության դեպքում, բույսի ճյուղերը շատ երկարում են, իսկ ծաղիկները, ընդհակառակը, փոքրանում են և կորցնում իրենց պայծառությունը։

Այդ ամենից բացի, Ուոլերի պատկառուկն ունի արագ «մաշվելու» հատկություն։ Ճյուղերը մերկանում են, ինչի հետևանքով կորչում է բույսի արտաքին գրավչությունը։ Պատճառը օդի չափազանց բարձր՝ ավելի քան +22°C ջերմաստիճանը կարող է լինել:

  • Ճյուղերը փափկում ու դարչնագույն են դառնում, իսկ ոլորված տերևները սկսում են արագ թափվել։ Պատճառը՝ ավելորդ խոնավության ու օդի ցածր ջերմաստիճանի զուգորդումն է։
  • Տերևները սկսում են չորանալ և ոլորվել։ Պատճառը շոգն է և օդի չորությունը: Դա կարող է տեղի ունենալ ձմռանը, եթե ծաղկամանը գտնվում է ջեռուցման սարքերի մոտ, կամ ամռանը՝ չոր եղանակին։ Այս խնդրի լավագույն լուծումը բույսը հատակին զով տեղում դնելն է և տերևները պարբերաբար ցողելն է։
  • Տերևները սկսում են կորցնել իրենց վառ, հագեցած գույնը։ Ամենայն հավանականությամբ, ծաղիկը քիչ լույս է ստանում։ Ծաղկամանը պետք է տեղափոխել ավելի լուսավոր վայր:
  • Ծաղկելը անառատ է, կամ ընդհանրապես բացակայում է։ Խնդիրը կարող է թաքնված լինել լույսի կամ պարարտանյութի պակասի մեջ: Երբեմն էլ, ընդհակառակը, սնուցումը չափից շատ է եղել, կամ ոչ համապատասխան պարարտանյութով։
  • Ծաղիկների կտրուկ թափվելը կարող է լինել օդի ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով, հողի չափից ավելի չորանալուց, շատ ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխելուց։ Ծաղկող կամ բողբոջող բույսի ծաղկամանը չեն փոխում։

Հիվանդություններ և վնասատուներ

Բոլոր բույսերը կարող են ենթարկվել որևէ տեսակի հիվանդության կամ վնասատուների հարձակման: Ուոլերի պատկառուկը բացառություն չէ:

  • Տերևների ոլորվելը կարող է տիզերի կողմից բույսը վնասելու նշան լինել։ Պետք է հեռացնել բույսի վարակված մասերը, իսկ մնացած մասերը մշակել ախտահանիչ լուծույթով:
  • Տերևների դեղնելը կարող է օդի խոնավության պակասից լինել: Անհրաժեշտ է ավելի հաճախ ցողել տերևները, աշխատելով չդիպչել ծաղիկներին։
  • Բողբոջների անկում տեղի է ունենում, երբ ջրելը շատ հաճախակի է կամ հազվադեպ: Բողբոջների անկման մեկ այլ պատճառ կարող է լինել բույսի կեցության նոր պայմաններին հարմարվելը:
  • Տերևների վրա դեղին բծերի ի հայտ գալը վկայում է սարդոստայնային տիզի հարձակման մասին։ Ժամանակի ընթացքում պիգմենտացիան կավելանա և կծածկի ամբողջ տերևը: Եթե ​​բծերը դեռ փոքր են, կարելի է տերևները լվալ օճառաջրով: Այս վնասատուի նորից հայտնվելը կանխելու համար բույսերը պետք է հաճախ ցողել։
  • Տերևների դեղնելն ու դրանց վրա և տակը կպչուն արտաթորանքի առկայությունը վկայում է սպիտակաթևիկի հարձակման մասին։ Կանխարգելման և բուժման համար բույսը բուժում են կալիումական օճառի հիմքի վրա պատրաստված դեղանյութերով։
  • Երբ թրիպսը հարձակվում է: Այս հիվանդությունը կարելի է ճանաչել մատղաշ տերևների դեֆորմացիայից, ծաղիկների վրա բծերի առաջացումից և ծաղկաթերթիկների եզրերի երկայնքով դարչնագույն գույնով։ Թրիպսի դեմ պայքարելու համար պետք է հեռացնել տուժած ծաղիկները:

Հղումներ

Սոխուկավոր սենյակային բույսեր

Ամազոնի շուշանը (անգլ․՝ Amazon lily, ռուս․՝ Эухарис, լատ․՝ Eucharis) սիրված տնային բույս ​​է: Տերևները մեծ են, մոտ 15-20 սմ լայնություն և մինչև 40 սմ երկարություն ունեն: Ծաղիկները կաթնային սպիտակ, բուրավետ և խոշոր են, տրամագիծը մինչև 10 սմ:

Պատշաճ խնամքի դեպքում, տարին մի քանի անգամ ծաղկում է:

Որտեղ տեղադրել
Ցանկացած պատուհանագոգին, նույնիսկ հյուսիսային: Բույսը հանգիստ տանում է կիսաստվերը: Ամռանը արժե այն պաշտպանել արեւի ուղիղ ճառագայթներից: Օդի սենյակային ջերմաստիճանում ծաղիկը բավականին հարմարավետ է իրեն զգում։ Ձմռան ամիսներին սառը սենյակում պահելն անհրաժեշտ չէ:

Ինչպես ջրել
Պարբերաբար, հենց որ հողը չորանա: Ջրով ցողելը նույնպես օգտակար է:

Ամարիլիս (անգլ․՝ Amaryllis, ռուս․՝ Амариллис, լատ․՝ Amaryllis)։ Amaryllideae ընտանիքի ծաղկող սոխուկների փոքր ցեղ է ՝ երկու տեսակով:

Աստղաշուշան (անգլ․՝ Star-of-Bethlehem, ռուս․՝ Птицемлечник, լատ․՝ Ornithogalum): Հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 10 տեսակ։

Բովիեյա (անգլ․՝ Bowiea, ռուս․՝ Бовиэя, լատ․՝ Bowiea)։ Asparagaceae ընտանիքին պատկանող ծաղկավոր բույսերի ցեղ: Ներառում է մեկ տեսակ` Բովիեյա գանգուր, տարածված Հարավային Աֆրիկայում:

Բուլբինե (անգլ․՝ Bulbine, ռուս․՝ Бульбина, լատ․՝ Bulbine)։ Asphodelaceae ընտանիքի բույսերի ցեղ է:

Դրիմիոփսիս (անգլ․՝ Drimiopsis, ռուս․՝ Дримиопсис, լատ․՝ Drimiopsis)

Զեֆիրանթես (անգլ․՝ Fairy lily կամ Atamasco lily, ռուս․՝ Зефирантес, լատ․՝ Zephyranthes)

Էուկոմիս (անգլ․՝ Pineapple flowers կամ Pineapple lilies, ռուս․՝ Эвкомис, լատ․՝ Eucomis)

Լաշենալիա (անգլ․՝ Lachenalia, ռուս․՝ Лашеналия, լատ․՝ Lachenalia)

Լեդեբուրիա (անգլ․՝ Ledebouria, ռուս․՝ Ледебурия, լատ․՝ Ledebouria)

Լիրիոպե (անգլ․՝ Liriope, ռուս․՝ Лириопе, լատ․՝ Liriope)

Կլիվիա (անգլ․՝ Natal lily կամ Bush lily, ռուս․՝ Кливия, լատ․՝ Clivia)

Կրինում (անգլ․՝ Crinum, ռուս․՝ Кринум, լատ․՝ Crinum)

Հակինթ (անգլ․՝ Hyacinth, ռուս․՝ Гиацинт, լատ․՝ Hyacínthus): Շուշանազգիների ընտանիքի կոճղեզավոր բազմամյա բույսերի ցեղ։

Հեմանթուս (անգլ․՝ Blood lily կամ Paintbrush lily, ռուս․՝ Гемантус, լատ․՝ Haemanthus)

Հիմենոկալիս (անգլ․՝ Hymenocallis, ռուս․՝ Гименокаллис, լատ․՝ Hymenocallis)

Հիպեաստռում (անգլ․՝ Hippeastrum, ռուս․՝ Гиппеаструм, լատ․՝ Hippeastrum)

Ներինե (անգլ․՝ Nerine, ռուս․՝ Нерина, լատ․՝ Nerine)

Սիրածաղիկ (անգլ․՝ Lily of the Nile, ռուս․՝ Агапантус, լատ․՝ Agapanthus): Պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Աֆրիկան է։

Սպրեկելիա (անգլ․՝ Aztec lilies կամ Jacobean lilie, ռուս․՝ Спрекелия, լատ․՝ Sprekelia)

Վելթհեյմիա (անգլ․՝ Veltheimia, ռուս․՝ Вельтгеймия, լատ․՝ Veltheimia)

Ցիրտանտուս (անգլ․՝ Cyrtanthus, ռուս․՝ Циртантус, լատ․՝ Cyrtanthus)

Ֆրիզիա (անգլ․՝ Freesia, ռուս․՝ Фрезия, լատ․՝ Freesia)



Աստղաշուշան

Աստղաշուշանը (Խնջլոզ) (անգլ.՝ Star of Bethlehem, չին․՝ 虎眼, ռուս.՝ Птицемлечник, լատ.՝ Ornithogalum), հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 10 տեսակ՝ 

աստղաշուշան հայկական (Ornithogalum hajastanum), աստղաշուշան Տեմպսկու (Ornithogalum tempskyanum), աստղաշուշան լեռնային (Ornithogalum montanum), աստղաշուշան կարճահասակ (Ornithogalum brachystachys) և այլն։

Որպես սենյակային բույս, աշխարհում տարածված է հարավաֆրիկյան, Հնդկասոխ կոչվող , աստղաշուշանը (անգլ.՝ Pregnant onion, False sea onion ռուս.՝ Индийский лук, Птицемлечник хвостатый, լատ.՝ Ornithogalum caudatum կամ Albuca bracteata

Հնդկասոխը կարելի է և՛ բաց գրունտում աճեցնել, և՛ սենյակային պայմաններում։ Պահանջկոտ բույս չէ, կարող է մինչև 30 տարի ապրել։

Արտաքնապես հնդկասոխը շատ ինքնատիպ է։ Աճելով, երկար բարակ տերեւները յուրահատուկ ձևեր են ընդունում։ Կանաչ սոխուկը հողից բարձր է լինում և պատված է դեղնավուն ծաղկաթեփով։ Ժամանակի ընթացքում այն վերածվում է գնդի: Հնդկասոխի ծաղկելը նույնքան անսովոր է: Սկզբում այն ծաղկի նետ է արձակում, որն արագորեն երկարում է ,իսկ հետո վրան հայտնվում են փոքրիկ, նրբագեղ ծաղիկները։

Ծաղկելուց հետո ծաղկատար նետը անհրաժեշտ է կտրել, որպեսզի բույսը ուժերը չվատնի սերմեր աճեցնելու վրա։

Բաց գրունտում աճեցնելիս հնդկասոխը արագ է աճում, իսկ արմատը հողի մեջ խորանում է մինչև 1 մ։ Խնամքը նույնն է ինչ բոլոր սոխուկավորների դեպքում՝ պետք է ջրել ու սնուցում տալ բույսին։

Ձմռան շեմին սոխուկը և բոլոր “ձագուկներին” հանում են հողից և ձմեռացնում են սառնարանում կամ պաղ նկուղում։

Հնդկասոխի խնամքը սենյակային պայմաններում

Սենյակում աճեցնելիս հնդկասոխի համար անհրաժեշտ է ապահովել օպտիմալ պայմաններ:

Հողախառնուրդը

Բույսին լավ դրենաժով, ոչ մեծ ծաղկաման է պետք։ Հողախառնուրդը կազմում են ճմահողից (1 մաս), տերևային բուսահողից (1 մաս) և գետի ավազից (2 մաս): Սոխուկի միայն ստորին մասն են խրում հողի մեջ, մնացած մասը մնում է դրսում։

Ջրելը

Հնդկասոխը հարկավոր է կանոնավոր ու չափավոր ջրել։ Չափից շատ ջրելը կարող է կործանել բույսը։ Ձմռանը հնդկասոխը ջրում են միայն երբ հողի վերին շերտը ամբողջովին չորանա:

Ոչ պակաս կարեւոր է, որ շրջակա օդը խոնավ լինի: Չոր օդը հանգեցնում է տերևների դեղնելուն ու ոլորվելուն։ Հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար ցողել բույսը:

Եթե հնդկասոխը վատ է աճում, պետք է վերանայել ջրելու գրաֆիկը։ Ավելորդ խոնավությունը փտեցնում է արմատները։ Պետք է նկատի ունենալ, որ այս բույսը կարող է 2-3 ամիս դիմանալ առանց ջրի:

Լուսավորությունը

Լույսը կարևոր է հնդկասոխի աճի համար։ Ճիշտ է, բույսը պահանջկոտ չէ և կարող է հարմարվել նույնիսկ դեպի հյուսիս նայող պատուհանի սակավ լույսին, բայց առավել հարմարավետ իրեն կզգա հարավային կամ արեւելյան պատուհանագոգին։

Լույսի պակասը կարելի է լրացնել արհեստական լուսավորությամբ կամ, գոնե ամսական մեկ շաբաթով, պայծառ լուսավորված տեղ բույսը “գործուղելով”։

Ամռանը բույսը կարելի է դուրս հանել բաց պատշգամբ կամ հանել ու տնկել այգում։ Միայն պետք է հիշել, որ հնդկասոխը անհրաժեշտ է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից։

Այգում հնդկասոխի արմատները ուժեղ և խոր աճ են տալիս ու ձմռան շեմին, տուն տանելիս բույսի արմատները չվնասել չի լինի։ Մյուս կողմից, բազմաթիվ “ձագուգներ” առաջացած կլինեն, որոնք կարող են օգտագործվել հնդկասոխի բազմացման համար։

Սնուցումը

Սենյակային պայմաններում հնդկասոխ աճեցնելիս անհրաժեշտ է պարբերաբար սնուցել այն հանքային և/կամ օրգանական պարարտանյութերով։ Օգտակար կլինի նաև գոմաղբի թուրմով սնուցումը։ Ամիսը մեկ անգամ բույսը կարելի է ջրել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով կամ փայտի մոխրի թուրմով:

Հնդկասոխի ծաղիկը

Տեղափոխելը

Որպեսզի հնդկասոխը միշտ ուրախացնի առատ եւ գունագեղ ծաղիկներով, դրան պետք է, իր աճին համընթաց, պարբերաբար տեղափոխել այլ՝ քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ։ Հնդկասոխը լավ է տանում տեղափոխությունը: Տեղափոխելիս, նոր ծաղկամանը պետք է հնից 2 սանտիմետրով մեծ տրամագիծ ունենա։

Ջերմաստիճանը

Հնդկասոխը, ջերմասեր բույս լինելով, լավ է աճում սենյակային ջերմաստիճանում: Ձմռանը սենյակում ջերմաստիճանը պետք է չնվազի +12°C-ից:

Բազմացումը

Հնդկասոխի բազմացման առավել արագ եւ արդյունավետ ձևը բույսի վրա առաջացող փոքրիկ սոխուկներով՝ «ձագուկներով» բազմացումն է։ Դրանք աշնանը առանձնացնում են մայր բույսից և տնկում առանձին ծաղկամանի մեջ։ Եթե նույնիսկ որոշ սոխուկների վրա արմատներ չլինեն, ոչ մի սարսափելի բան չկա՝ խոնավ հողում, երկու շաբաթ անց, դրանք ևս կձևավորեն արմատային համակարգ:

Հնդկասոխը մանր, սև սերմեր է տալիս, որոնք նման են գլուխ սոխի սերմերին։ Դրանք բարձր ծլողունակություն ունեն և, ցանելուց հետո, ձևավորում են փոքրիկ սոխուկներ։

Կա նաև հնդկասոխի մայր սոխուկը կիսելով բազմացման տարբերակ։

Հնդկասոխի կիրառումը ժողովրդական բժշկությունում

Պաշտոնական բժշկության մեջ հնդկասոխը չի օգտագործվում։ Տնայնագործական բժշկության մեջ հնդկասոխով հոդատապ, հոդացավեր, սալջարդեր, երակների հիվանդություններ, թութք, ռադիկուլիտ, օստեոխանդրոզ, շնչառական ուղիներ, հերպես, չիբան ու գորտնուկ են բուժում։

Հնդկասոխը կարող է օգտագործվել որպես ցավազրկող, հակամանրէ, վերքեր բուժող միջոց: Հասուն տերևներն ունեն բուժիչ հատկություններ, դրանք հարուստ են կոլխիցինով։ Բույսի հյութում առկա են կալցիումի օքսալատի միացություններ։

Բուժիչ հյութ ստանալու համար, վերցնում են հին տերևներն ու ճզմելով դուրս են բերում անհրաժեշտ քանակությամբ հյութ։ Եթե տերեւների ծայրերը չորացած են, դրանք հեռացնում են մինչև ճզմելը։

Ուշադրություն։ Պետք է հիշել, որ հնդկասոխը թունավոր բույս է, որը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Խմել հյութը կամ ծամել տերևները, առավելևս, չի կարելի։ Բույսի հետ պետք է շատ զգույշ աշխատել՝ պաշտպանելով ձեռքերն ու աչքերը։

Թարմ քամած հյութով մերսում են հիվանդ տեղերը ու փաթաթում բրդյա թաշկինակով: Ասում են, որ 5-10 րոպե անց մարդն իրեն ավելի լավ է զգում, ցավն անցնում է։

Գլխացավի դեպքում հնդկասոխի հյութով մերսում են քունքերը և ծոծրակը:

Մրսածության, սուր շնչառական հիվանդությունների դեպքում, հնդկասոխի հյութով մերսում են քթարմատը, հոնքերի վերևի կամարները և լիմֆատիկ հանգույսները։

Հակացուցումներ

Հնդկասոխի կիրառման հակացուցումները շատ են, քանի որ բույսը թունավոր է: Թույլատրվում է միայն արտաքին օգտագործումը: Բույսի հյութը կարող է մաշկի այրվածքներ առաջացնել, այնպես որ, նախքան օգտագործելը պետք է ստուգել մաշկի զգայունության աստիճանը։

Հնդկասոխից պատրաստուկներ սարքում են ռետինե ձեռնոցներով։ Պետք է բացառել թարմ հյութի ընկնելը լորձաթաղանթների և, հատկապես, աչքերի մեջ։

Կտրականապես հակացուցված է օգտագործել հնդկասոխի հյութը և դրա հիման վրա պատրաստուկները հղի, կերակրող, մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների, հեմոֆիլիայով, երիկամային անբավարարությամբ հիվանդների և ալերգիայի դրսևորումներին հակված մարդկանց համար:

Թունավորման առաջին նշանների դեպքում, պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության։ Նախքան բժիշկների ժամանումը, պետք արհեստական փսխում առաջացնել, ստամոքսը լվանալ ջրով կամ կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթով, ընդունել լուծողական։ Եթե հնդկասոխի հյութը շփվել է լորձաթաղանթներին, պետք է սոդայի թույլ լուծույթով լվանալ բերանը, քիթը եւ կոկորդը:

Արտաքին հղումներ

Թուրինջ

Թուրինջը, (անգլ․՝ Grapefruit, ռուս․՝ Грейпфрут, լատ.՝ Cītrus paradīsi) սատապազգիների (լատ.՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող, մերձարևադարձային, մշտադալար ծառ է։

Թուրինջը պոմելոյի և նարնջի ծառերից բնության ստեղծած հիբրիդ է։ Հասուն թուրինջենին բնության մեջ հասնում է մինչև 8 մ բարձրության։ Նոյեմբերին հասունացող պտուղներն ունեն դեղին կամ նարնջագույն կեղև իսկ միջուկը լինում է կարմրանարնջագույնից մինչև վարդագույն երանգներով։

Կարմիր միջուկով պտուղները ավելի շատ վիտամին C են պարունակում, իսկ ընդհանրապես, բոլոր տեսակների պտուղներն էլ, չնայած թեթև դառնությանն ու թթվությանը, շատ օգտակար են։

Սննդակարգի մասնագետները պնդում են, որ թուրինջը նպաստում է օրգանիզմի ճարպերի “այրմանը”, դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա, սրում է տեսողությունը, ամրապնդում է իմունային համակարգը։

Տեսականորեն, Հայաստանում, բաց գրունտում, մեծ դժվարությամբ թուրինջենի կարելի կլինի աճեցնել Մեղրու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում։ Իսկ սենյակային պայմաններում աճեցնելու դրական փորձ, բարեբախտաբար, շատ կա։

Թուրինջենի աճեցնելը սենյակային պայմաններում

Թուրինջենի կարելի է աճեցնել պտղի կորիզից կամ տնկաշիվեր արմատակալման դնելով։

Կորիզից աճեցնելու համար, լավ հասաց պտղի կորիզներից ընտրում են խոշոր, ճիշտ կառուցվածք ունեցող սերմերը։ Ոչ բոլոր սերմերն են ծլում, ուստի ցանում են պահանջվածից շատ՝ հետագայում լավագույններն ընտրելու համար։

Սերմերը չորացնել պետք չէ, անմիջապես ցանում են կամ առանձին-առանձին՝ բաժակների մեջ, կամ միասին՝ թաղարի մեջ։

Հողախառնուրդը կազմում են տորֆից և գետի ավազից։ Սերմերը ցանում են 2 սմ խորությամբ, ցանելուց հետո ջրում են գոլ, հնեցված ջրով, ցանքը ծածկում են թափանցիկ թաղանթով կամ պլաստիկ շշերով՝ ջերմոցային պայմաններ ստեղծելու համար։

Ցանքը տեղադրում են տաք, պայծառ լուսավորված տեղում, ամեն օր օդափոխում են և, ըստ անհրաժեշտության, ջրում։ Առաջին ծիլերն հայտնվում են 2-3 շաբաթից, ինչից հետո ծածկերը հանում են։

Նոր՝ քիչ ավելի մեծ ծաղկամանների մեջ բույսերը տեղափոխում են երբ հին ծաղկամանն արդեն խոչնդոտում է բույսի զարգացմանը։

Տնկաշիվեր արմատակալման դնելու համար, գարնանը կամ ամռանը, հասուն թուրինջենու առողջ ճյուղերից 11-17 սմ երկարությամբ կտրոններ են վերցնում։ Ամեն կտրոնի վրա առնվազն 6 տերև պետք է լինի։ Կտրոնները արմատակալման են դնում գետի խոնավ, ոչ շատ մանր ավազի մեջ և ծածկում են՝ ջերմոցային պայմաններ ստեղծելու համար։ Օդի ջերմաստիճանը պետք է +25°С-ից ցածր չլինի, տեղը պետք է լուսավոր լինի, բայց ոչ արևի տակ։ Ավազի մեջ խրելուց առաջ կտրոնների ստորն մասերը կարելի է մշակել արմատակալումը խթանող նյութերով։

Արմատներն առաջանում են 2 շաբաթում, ինչից հետո տնկաշիվերը տնկում են հավասար մասերով ճմահողից, տերևային բուսահողից, փտած գոմաղբից և ավազից կազմված հողախառնուրդի մեջ։

Խնամքը

Որպեսզի թուրինջենին լավ զարգանա եւ հարուստ բերք տա, պետք է ուշադրություն դարձնել հետևյալին՝

  • Լուսավորությունը։ Լուսավոր օրվա տևողությունը պետք է առնվազն 8-10 ժամ լինի։ Արևի ուղիղ ճառագայթները այրվածքներ են առաջացնում թուրինջենու տերևների վրա:
  • Օդի ջերմությունը։ Օդի ջերմաստիճանը պետք է լինի մինչեւ +27°C: Միջանցիկ քամիները հակացուցված են։ Աշնանը եւ ձմռանը բույսը պետք է պահել զով՝ մինչեւ +4°C ջերմաստիճանի սենյակում, այլապես հաջորդ սեզոնին թուրինջենին չի ծաղկի և պտղաբերի։
  • Օդի խոնավությունը պետք է լինի մոտ 60%: Դրան հասնելու համար, շոգ սեզոնին ծառը հաճախակի ցողում են գոլ, հնեցված ջրով, բացի այդ, ամիսը մեկ անգամ, ծածկելով հողակույտը, լողացնում են ցնցուղի տակ։
  • Սնուցումը։ Բույսի առաջին գարնանը պետք է խուսափել պարարտանյութ օգտագործելուց, իսկ ամռանը, զգուշորեն օրգանական պարարտանյութով են սնուցում։ Հաջորդ գարնանն ու ամռանը սնուցելու որևէ արգելք չկա։ Լավ կլինի սնուցումներն անել հատուկ ցիտրուսայինների համար նախատեսված պարարտանյութերով։
  • Ջրելը։ Հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց ջրախեղդ անել էլ պետք չէ: Շոգ օրերին հնարավոր է ամեն օր ջրելու անհրաժեշտություն առաջանալ, մյուս օրերին՝ ըստ անհրաժեշտության՝ երբ հողի մակերեսը 1-2 սմ խորությամբ չորանա։ Ջրել պետք է անձրևաջրով կամ ծորակի հնեցված ջրով։

Բարդություններ

  • Թուրինջենին չի սիրում տեղափոխությններ, որոնցից հետո կարող է թափել տերևները և պտուղները։
  • Թուրինջենին, առնվազն մինչև երեք տարեկան դառնալը, ուտելու համար նորմալ պտուղներ չի կարող տալ: Մինչ այդ եթե ծառը պտուղներ ձևավորի, դրանք պետք է հեռացնել՝ որպեսզի դրանց վրա ծառը էներգիա չվատնի։
  • Եթե ծառը դադարել է աճել, ուրեմն պարարտանյութը բավարար չէ։
  • Երբ տերևները թափվում են, ամենայն հավանականությամբ բույսը չափից շատ են ջրել։
  • Երբ տերեւների ծայրերը չորանում են և ոլորվում, պատճառը օդի անբավարար խոնավությունն է:

Թուրինջենուն պետք է զննել վնասատուներ հայտնաբերելու համար: Բույսը կարող է ենթարկվել ցիտրուսային սպիտակաթևիկի (цитрусовая белокрылка), կարմիր ցիտրուսային տիզի (красный цитрусовый клещ) և վահանակիրների (щитовка) հարձակմանը։

Վնասատուների հայտնաբերման դեպքում, դրանց հեռացնում և ոչնչացնում են մեխանիկորեն, իսկ բույսը մշակում են դրա համար նախատեսված տարբեր նյութերով, օրինակ հնդկայասամանի յուղով։

Տես նաև “ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ” հոդվածը։

Արտաքին հղումներ

Աուկուբա ճապոնական

Աուկուբա ճապոնական

Ճապոնական աուկուբան (անգլ.՝ Spotted laurel, Japanese laurel, Japanese aucuba, Gold dust plant, ռուս.՝ Аукуба Японская, լատ.՝ Aucuba japonica)  հոնազգիների ընտանիքի, աուկուբա ցեղի, մշտադալար, մինչև 5 մ բարձրությամբ թուփ է։

Տարածված է Ճապոնիայի և Կորեայի հարավում։ Աճում է մշտադալար բույսերի թփուտներում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Խոնավ մերձարևադարձային կլիմայի բույս է։ Ստվերադիմացկուն է, գերադասում է բերվածքային հզոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ սևահողերը և կարմրահողերը։

Աուկուբա ճապոնականը պտուղներով

Բազմացնում են սերմերով և կտրոններով (արմատակալեցնում են ապակու տակ՝ կլոր տարվա ընթացքում)։ Խայտաբղետ տերևներով ձևերը բազմացնում են պատվաստով։ Հայաստանում մշակվում է միայն Իջևանի դենդրարիումում,

որտեղ միանգամայն դիմացկուն է և թեթևակի ցրտահարվում է միայն ցուրտ և երկարատև ձմեռների պատճառով։

Աուկուբայի խնամքը սենյակային պայմաններում

Լույսը
Պայծառ ծրված, կիսաստվեր
Օդի ջերմաստիճանը
Աճի շրջանում՝ +20°C․․․+25°C
Ձմռանը՝ +6°C․․․+12°C
Օդի խոնավությունը
Ցողելը պարտադիր չէ, խոնավասեր չէ։
Ջրելը
Շոգ եղանակին՝ առատ՝ վերին շերտի չորանալուց հետո
Ձմռանը՝ չափավոր
Սնուցումը
Աճի ողջ շրջանում, շաբաթական մեկ անգամ՝ համալիր պարարտանյութով։ Ձմռանը չեն սնուցում։
Հանգստի շրջանը
Ձմռանը՝ զով սենյակում (+10…+15°C)
Հողախառնուրդը
Լավ փխրուն, պարարտ:
Ծաղկամանը
Դրենաժային մեծ ծակերով
Բազմացնելը
Գարնանը։ Տնկաշիվով (2-3 տերևով), սերմով՝ դժվարությամբ։
Վնասատուներ
Ալրատիզեր
Բշտիկոտներ (Thrips, Трипсы, Thysanoptera)
Սարդոստայնային տիզեր (Spider mite, Паутинный клещ, Tetranychidae)
Վահանակիրներ և կեղծ վահանակիրներ վահանամիջատ (Diaspididae, Истинная и ложная щитовки)
Ուտիճներ (Aphid, Тля)

Հողախառնուրդի պատրաստման տարբերակներ

Տարբերակ 1

Տարբերակ 2

Արտաքին հղումներ

Ստվերադիմացկուն սենյակային բույսեր

Aglaomena

Ագլաոնեմա (անգլ․՝ Aglaonema, or Chinese evergreen, չին․՝ 粗肋草屬, ռուս․՝ Аглаонема, լատ․՝ Aglaonema): Հեշտ աճող սաղարթային բույս ​​է, որն իրեն լավ է զգում ցածր և միջին լուսավորության ներքո:

Անթուրիումը (անգլ․՝ Anthurium, ռուս․՝ Антуриум, լատ․՝ Anthurium): Միջինից ցածր լուսավորության պայմաններում ծաղկում է կարմիր, սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով: Ծաղկամանի հողը մշտապես խոնավ են պահում:

Բաղեղ անգլիականը և Բաղեղ ալժիրյանը լավ են աճում ցածր կամ միջին լույսավորության ներքո:

Բեգոնիա ռեքս, Փղականջ ռեքս (անգլ․՝ King begonia, ռուս․՝ Бегония рекс, լատ․՝ Begonia rex)։ Գնահատվում է գունագեղ սաղարթի համար: Դիմանում է միջինից ցածր լուսավորությանը։ Ջրել հողի չորանալուց հետո։

Դիֆենբախիան կամ Համրաբույսը (անգլ․՝ Dumb cane, ռուս․՝ Диффенбахия, լատ․՝ Dieffenbachia) նախընտրում է միջինից ցածր լուսավորությամբ տարածք: Պետք է թույլ տալ, որ հողը չորանա մինչև ջրելը:

Զամիոկուլկասը (կամ Զանզիբարի գանձ, Դոլարի ծառ), (անգլ.՝ Zanzibar gem, ZZ plant, Zuzu plant, ռուս.՝ Замиакулькас, Дволларовое дерево, լատ.՝ Zamioculcas) լավ է աճում չոր միջավայրում և ցածր լուսավորության ներքո:

Թուջե ծաղիկ (անգլ․՝ Cast Iron Plant, Bar-room plant, չին․՝ 蜘蛛抱蛋, ռուս․՝ Аспидистра высокая, լատ․՝ Aspidistra elatior)։ Եղունգի պես կոշտ այս բույսն աճում է լիարժեք ստվերում և կանոնավոր ջրվելու պահանջ նույնպես չունի:

Ծոփոր (անգլ․՝ Monstera, ռուս․՝ Монстера, լատ․՝ Monstéra): Հարմարվում է տարբեր ինտենսիվությամբ լուսավորությանը և ունի սենյակի օդը մաքրելու հատկություն։

Կալատեան (անգլ․՝ Calatheas, Prayer plant, ռուս․՝ Калатея, լատ․՝ Calathea) լավ է աճում միջինից ցածր լուսավորության պայմաններում: Լավ աճի համար անհրաժեշտ է կայուն խոնավություն: Որպես կանոն, որքան ցածր է լույսը, այնքան հազվադեպ կալատեան ծաղկում:

Մարանտա սպիտակաջիղ (անգլ․՝ Prayer Plant, ռուս․՝ Маранта беложильчатая, լատ․՝ Maranta leuconeura)։ Այս հիանալի բույսը հանդուրժում է թույլ լուսավորությունը, բայց շատ ավելի լավ է աճում պայծառ, ցրված լույսի ներքո։ Սիրում է փխրուն հող ու օդի խոնավություն։

Պոթոս ոսկեզոծը (անգլ․՝ Devil’s ivy, ռուս․՝ Эпипре́мнум золотистый, լատ․՝ Epipremnum aureum) թույլ լուսավորության սիրահար է։ Պետք է ունենա ցածրից չափավոր լույս և հողը չորանա մինչև նոր ջրելը:

Պտեր (անգլ․՝ Ferns, ռուս․՝ Папоротники, լատ․՝ Polypodióphyta)

Պտերի (ձարխոտերի) շատ տեսակներ, ներառյալ Button fern, Autumn fern, Rabbit’s foot fern, Maidenhair fern և այլն, լավ տարբերակ են ցածր լուսավորության պայմաններում աճեցնելու համար: Դրանց համար պետք է ապահովել մշտապես խոնավ հող և ցածր կամ միջին լուսավորություն:

Պլատիցերիումը նույնպես ձարխոտ է (անգլ․՝ Staghorn fern, ռուս․՝ Платицериум, լատ.՝ Platycerium) լավ է աճում օդի բարձր խոնավությամբ վայրերում, օրինակ, լոգասենյակներում:

Բնության մեջ պլատիցերիումներն աճում են ծառերի վրա և չունեն հողի պահանջ: Չափավոր լույսը բավարար է:

Թռչնի բույն պտեր (անգլ․՝ Bird’s Nest Fern, ռուս․՝ Асплениум гнездовой, Костенец, լատ․՝ Asplenium nidus)։ Արեւադարձային անտառների ծառերի ճյուղերին ու բներին է աճում այս էպիֆիտ բույսը։ Սիրում է կիսաստվերը և խոնավությունը:

Սանսևիերիան (Զոքանչի լեզու) (անգլ.՝ Mother-in-law’s tongue, Devil’s tongue, Jinn’s tongue, Bow string hemp, Snake plant և Snake tongue, ռուս.՝ Сансевие́ра, Сансевье́ра, Тёщин язык, Щучий хвост, լատ.՝ Sanseviera) լավ է աճում չոր միջավայրում և հեշտությամբ համակերպվում է չափավոր և թույլ լուսավորության հետ:

Սինգոնիում տերևատոտիկ (անգլ․՝ Arrowhead Plant, ռուս․՝ Сингониум ножколистный, լատ․՝ Syngonium podophyllum): Նվազագույն պահանջներով, հեշտ աճող բույս ​​է: Որպեսզի այն գեղեցիկ տեսք ունենա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով էտել:

Սպաթիֆիլում (անգլ․՝ Peace lily, ռուս․՝ Спатифиллюм, լատ․՝ Spathiphyllum)։ Նախընտրում է չափավորից մինչև ցածր լուսավորություն և մշտապես խոնավ հող: Նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, ծաղկում է տարին մի քանի անգամ:

Վիշապենի (անգլ․՝ Lucky Bamboo, չին․՝ 富貴竹, ռուս․՝ Драцена Сандера, լատ․՝ Dracaena sanderiana) Վիշապենին Ասիայում անհիշելի ժամանակներից  համարվում է բարի բախտի և բարգավաճման խորհրդանիշ: Կարելի է թե՛ հողի, թե՛ միայն ջրի մեջ աճեցնել։ Լավ է աճում և՛ ցածր, և՛ միջին լուսավորված վայրում։

Քլորոֆիտում (անգլ.՝ Spider Plant, ռուս.՝ Хлорофитум, լատ.՝ Chlorophytum)։ Քլորոֆիտումները ամենահեշտ աճեցվող տնային բույսերից են: Դրանք հաջողությամբ հարմարվում և աճում են շատ տարբեր պայմաններում։

Ֆիլոդենդրոնը (անգլ.՝ Philodendron, ռուս.՝ Филодендрон, լատ.՝ Philodendron)  միջինից ցածր լուսավորության սենյակային բույս ​​է, որը նախընտրում է որ հողը չորանա մինչև նոր ջրելը: