Category Archives: Անհող

Վերմիկուլիտ

Վերմիկուլիտը (անգլ․՝ Vermiculite, ռուս․՝ Вермикулит, լատ․՝ Vermiculus) հիդրոփայլարների խմբի հանքանյութ է։ Օգտագործվում է բացառապես ջերմային մշակումից (փքեցումից) հետո:

Վերմիկուլիտը ամենալայն տարածումն է գտել բույսերի աճեցման ոլորտում, որտեղ այն օգտագործվում է տարատեսակ հողախառնուրդներ պատրաստելիս և հիդրոպոնիկայում։

Վերմիկուլիտը բացի այն, որ շատ լավ փխրեցնում է հողը, ունի մեծ քանակությամբ ջուր կլանելու ունակություն։ 100 գ վերմիկուլիտը կլանում է 400-530 մլ ջուր: Այն հեշտությամբ կլանում է խոնավությունը և նույնքան հեշտությամբ ազատում է այն ՝ ստեղծելով օպտիմալ խոնավ միջավայր բույսերի արմատների համար:

Սննդային առումով, վերմիկուլիտը որոշ չափով կարելի է համարել նաև միկրոպարարտանյութ ու նույնիսկ աճի խթանիչ: Սակայն, դրա կազմի տարրերի ամբողջությունը մեծապես տատանվում է` կախված արդյունահանման վայրից, և, օրինակ, այն կարող է չպարունակել երկաթ կամ գերհագեցած լինել պղինձով: Այնպես որ, լիովին փոխարինել պարարտանյութերը վերմիկուլիտը չի կարող։

Այգեգործներին գրավում են վերմիկուլիտի հետևյալ դրական հատկությունները՝

  • քիմիական իներտությունը;
  • չեզոք թթվայնությունը (pH = 7);
  • կենսաբանական կայունությունը (չի քայքայվում);
  • հոսունությունը, հոսկանությունը և թեթևությունը;
  • սեփական քաշի համեմատ մոտ հինգ անգամ ավելի ջուր կլանելու ունակությունը։

Որակյալ հողախառնուրդներ կազմելիս, մինչև 40% վերմիկուլիտ են հավելում։ Այն լավ աէրացնում է հողը, միաժամանակ դարձնում այն ​​փխրուն ու խոնավություն կլանող, կանխում է հողի մակերեսի ճաքճքելը։ Ջրելուց հետո վերմիկուլիտի մասնիկները ջուրը կլանելով փքվում են, իսկ հետո, աստիճանաբար տալիս են պաշարված ջուրն արմատներին: Արդյունքում, բույսերը կարելի է ավելի ուշ-ուշ ջրել ՝ միաժամանակ խնայելով ջուրը, որը չի վատնվում գոլորշիացման վրա:

Վերմիկուլիտը հաճախ օգտագործում բույսերի կտրոնները արմատակալման դնելիս։ Կտրոնը տնկում են կամ մաքուր վերմիկուլիտի մեջ, կամ վերմիկուլիտը հավասար մասերով խառնում են տորֆի կամ ավազի հետ:

Հավասարաչափ ցանք ստանալու համար, հարմար է մանր սերմերը խառնել մանր վերմիկուլիտի հետ, հետո ցանել։ Նաև օգտակար է վերմիկուլիտի բարակ շերտով ծածկել ցանված սերմերը՝ պաշտպանելով դրանք չորանալուց և բորբոսնելուց։

Բացի վերը թվարկածից, վերմիկուլիտը օգտագործվում է ձմռան ընթացքում բույսերի սոխուկները, պալարները և այլ տնկանյութեր պահպանելու համար: Դրանք թաղում են վերմիկուլիտի մեջ և պահում օդի համապատասխան ջերմաստիճան ունեցող վայրում:

Հղումներ

Մանանեխ

Մանանեխը (անգլ․՝ Mustard, ռուս․՝ Горчица, լատ․՝ Sinapis) կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Sinapis և Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսերի անունն է։

Տարածված մանանեխներ են Սպիտակ մանանեխը (Sinapis alba), Կապտամոխրագույն մանանեխը (Brassica juncea) և Սև մանանեխը   (Brassica nigra)։ Ընդորում, վերջին երկուսը մանանեխ ցեղին չեն պատկանում։

Մանանեխի սերմեր

Մանանեխ աճեցնելը

Տնային պայմաններում մանանեխ կարող է աճեցնել նույնիսկ սկսնակ այգեպանը: Շատերն աճեցնում են որպես լավ համեմունք և աղցանի բաղադրիչ, կան նաև որպես սիդերատ ցանողներ՝ հողի կառուցվածքի բարելավման, ազոտ պարունակող նյութերի կուտակման եւ մոլախոտերի աճի կանխարգելման նպատակով:

Մանանեխի համար նախընտրելի է բերրի, չեզոք կամ թույլ ալկալինային հողը։ Այն հարմար է ցանել այնտեղ, որտեղ նախկինում աճում էին կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն, բայց ոչ կաղամբազգիներ: Հողը նախապատրաստում են աշնանը: Ոչ բերրի հողի հետ խառնում են փտած գոմաղբ կամ կոմպոստ, պարարտացնում են սուպերֆոսֆատով եւ կալիումային պարարտանյութով։ Նույնը կարելի է անել բերրի հողի հետ, բայց պարարտանյութերի շատ ավելի քիչ չափաքանակով։ Հողի բարձր թթվայնության դեպքում, կիր են խառնում հողի հետ։ Գարնանը հողը մինչեւ 10 սմ խորությամբ փխրեցնում են:

Տնամերձ հողամասում մանանեխը կարող է ցանվել առանձին մարգով կամ այլ վաղահաս կանաչեղենի հարեւանությամբ: Սեզոնի ընթացքում ցանել և բերք ստանալ կարելի է մի քանի անգամ։ Միայն խորհուրդ չի տրվում աճեցնել ամռան շոգին, քանի որ բույսն այդ պայմաններում արագ ընձյուղվում է: Սերմերը ցանում են ոչ ավել քան 2 սմ խորությամբ, միմյանցից 10 սմ հեռավորության վրա, միջշարային 30-40 սմ տարածք թողնելով։ Առաջին ծիլերը հայտնվում են 3-4 օրում՝ եթե օդի միջին ջերմաստիճանը պահպանվում է +20°С աստիճան: Շատ խիտ տնկարկը խորհուրդ է տրվում նոսրացնել, ինչը հնարավորություն կտա լավ բերք ստանալ:

Բույսերի սնուցումը կատարում են առաջին իսկական տերեւների առաջացումից հետո: Սնուցող լուծույթը պատրաստվում է միզանյութից (1 թեյի գդալ) եւ ջրից (10 լիտր): 1 քմ-ի համար պետք է նախատեսել 3 լիտր լուծույթ: Հետագա խնամքը մոլախոտերից ազատելն է և շաբաթական 2 անգամ առատ ջրելը: Եթե բույսի տերեւները կոշտանում և դառնանում են, պետք է ավելի հաճախ ջրել։

Պատուհանագոգին մանանեխ աճեցնելը

Մանանեխ կարելի է աճեցնել նաև պատուհանի գոգին։ Միայն շոգն ու տոթը կարող են խանգարել լավ աճին։ Նախքան սերմերը ցանելը, դրանք պետք է թրջել 1%-նոց կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում: Նույն լուծույթով պետք է մշակել ծաղկաթաղարը։ Այնուհետև սերմերը պետք է ծլեցնել՝ կամ ծլեցման համար նախատեսված ամանում, կամ մշտապես խոնավ պահվող լաթի մեջ։ Որպես հողախառնուրդ կարելի է վերցնել այգու հողը, խառնել դրան կոկոսի մանրաթել/պերլիտ և հարստացնել կենսահումուսով կամ կոմպոստով։ Պետք չէ մոռանալ դրենաժային շերտի անհրաժեշտության մասին։

Սերմերը ցանում են 1-2 սմ խորությամբ, ցանքը լավ ջրում են և ծածկում ապակյա կամ պոլիէթիլենային ծածկով:

Ցրտադիմացկուն սորտերը ծլում են նույնիսկ + 1°С ջերմաստիճանին, բայց տնային պայմանների համար ավելի լավ է ընտրել ջերմասեր տեսակներ, ինչպիսիք են սեւ կամ ֆրանսիական մանանեխը։
Ծիլերի հայտնվելուց հետո թափանցիկ ծածկը հանում են:

Մանանեխի աճի եւ զարգացման համար օդի լավագույն ջերմաստիճանը + 23°С է: Եթե սենյակում շատ շոգ է, բույսը մատղաշ տերևներ ձևավորելու փոխարեն սկսում է ընձյուղվել:

Ուտելու կամ ճաշատեսակներին ավելացնելու համար, արդեն 3-րդ շաբաթից կարելի է կտրել բույսի ստորին տերեւները:

Ժամանակից շուտ ընձյուղվելը կանխելու համար անհրաժեշտ է բույսը ամեն օր առատ ջրել։

Մանանեխի սերմեր ծլեցնելը

  1. Հաշվի առնելով, որ թրջելուց հետո սերմերի զանգվածն ավելանալու է, վերցնում են հատիկների անհրաժեշտ քանակը, մաքրում են աղբից, լավ լվանում են, քամում, լցնում խոր ամանի մեջ և վրան 5-6 անգամ շատ ջուր լցնում։ Ամանը դնում են տաք, արևի ուղիղ ճառագայթներից հեռու տեղում և թողնում, որ սերմերը 6-12 ժամ թրջվեն։
  2. Թրջելն ավարտելուց հետո ջուրը թափում են կամ, հաշվի առնելով, որ այնտեղ տարալուծված կենսաակտիվ նյութեր կան, պահեստավորում են՝ այգու կամ սենյակային բույսերը ջրելու համար։
  3. Սերմերը լցնում են ծլեցման ամանի մեջ, նորից լավ լվանում են և լավ քամում, այնուհետև դնում են մութ տեղում՝ թեքությամբ, բերնքսիվայր, որպեսզի և՛ ջուրը քամվի, և՛ սերմերի համար օդափոխանակություն լինի։
  4. Օրական 2-3 անգամ, չհանելով ծլեցման ամանից, սերմերը 3-4 անգամ լավ ողողում և քամում են, այնուհետև դնում են նույն դիրքով։
  5. Երրորդ օրվանից սկսած ծլեցման ամանը հանում են մթից և դնում լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ։
  6. Շարունակում են 4-րդ կետում գրվածն անել և, ծլեցման 5-6-րդ օրը, երբ փոքրիկ տերևներն արդեն բացված են և դրանց մեծ մասը կանաչել է, ծիլերը պատրաստ են ուտելու համար։

Մանանեխի ծլեցված սերմերը գրգռում են ախորժակը, ուժեղացնում են ստամոքսային հյութի արտադրությունը, ունեն հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցություն, հիանալի հակացինոտինային միջոց են, օգտագործում են աղիների մաքրման համար, բուժում են հազը:

Մանանեխի ծլեցված սերմերն ուտում են հում վիճակում՝ առանձին կամ ավելացնելով աղցաններին:

Մանանեխի միկրոկանաչի աճեցնելը

  • Սաղր ամանի մեջ, 3-4 սմ բարձրությամբ, հող կամ այլ սուբստրատ (կտավատի կամ կոկոսի մատեր; արհեստական քեչա կամ հանքային բամբակ, ջուտի ծղոտ, վերմիկուլիտ, պեռլիտ, թղթյա անձեռոցիկներ կամ սրբիչներ) են լցնում և լավ խոնավացնում են:
  • Սերմերը հավասարապես բաշխում են սուբստրատի ողջ մակերեսով ու նորից ցողում են։
  • Ցանքը ծածկում են ոչ թափանցիկ կափարիչով կամ այլ հարմարեցված ծածկով՝ սերմերը խոնավ և մութ միջավայրում պահելու համար։
  • Երբ մանանեխի ծիլերի վրա սկսում են երևալ տերեւները, կափարիչը հեռացնում են եւ ցանքը տեղափոխում են լավ լուսավորված վայր:
  • Միկրոկանաչին պատրաստ է լինում 5-14 օր անց, երբ բույսերն ունեն 4- 8 սմ բարձրություն և 2 իսկական տերևները բացվել են։
  • Միկրոկանաչին մկրատով կամ սուր դանակով կտրում են հողից կամ սուբստրատից մի քանի միլիմետր բարձրության վրա։

Ըստ գիտական հետազոտությունների, զարգացման 2 իսկական տերև ձևավորած փուլում բույսը պարունակում է տասնյակ անգամ ավելի շատ վիտամիններ, հանքանյութեր եւ կենսաբանորեն ակտիվ նյութեր, քան նույն բույսի ծիլերն ու ավելի մեծահասակները: Հավաքված բերքը օգտագործվում է միայն թարմ տեսքով, միկրոկանաչու ջերմային մշակումը էականորեն նվազեցնում է դրա օգտակարությունը:

Մանանեխի միկրոկանաչին պարունակում է՝

  • այլ բույսերում հազվադեպ հանդիպող E եւ P վիտամիններ;
  • արժեքավոր հանքանյութեր (կալցիում, մագնեզիում, սելեն, ցինկ, ֆոսֆոր, մանգան);
  • մեծ քանակությամբ վիտամին C եւ ռուտին;
  • եթերային յուղեր;
  • սննդային մանրաթելեր;
  • օմեգա-3 եւ օմեգա-6 թթուներ:

Մանանեխի միկրոկանաչի ուտելը ամրացնում է օրգանիզմի իմունիտետը, բարձրացնում է կենսունակությունը, արագացնում է նյութափոխանակությունը: Մշտական օգտագործման դեպքում այն օգնում է ամրապնդել անոթների պատերը, կանխարգելում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը, մեղմացնում է կլիմաքսի ախտանիշները: Մանանեխի ծիլերն ունեն նաեւ հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկություններ:

Մանանեխի միկրոկանաչին կարելի է ուտել առանձին կամ օգտագործել տարատեսակ սմուզիներ, վիտամինային կոկտեյլներ, աղցաններ պատրաստելիս։ Դրանք լավ խավարտ կլինեն մսով և ձկով ճաշերի համար։

Կարդացեք նաև “ՄԱՆԱՆԵԽԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ” հոդվածը ==>

Հղումներ

Ծլեցված սերմեր և միկրոկանաչի

Նմանություններ և տարբերություններ

Ե՛վ ծլեցված սերմերը, և՛ միկրոկանաչին ուտում են բույսերի աճի ամենավաղ փուլում՝ ծլելուց հաշված օրեր անց։ Այդ պատճառով երբեմն շփոթ է առաջանում, սակայն դրանք տարբեր բաներ են և բույսերի աճի միանգամայն տարբեր փուլերում են գտնվում։

Միկրոկանաչու և ծիլերի նմանությունները

Երկուսն էլ աճեցվում են նույն սերմերի օգտագործմամբ, երկու դեպքում էլ սերմերը նախապես թրջում են։ Ե՛վ ծլեցված սերմերը, և՛ միկրոկանաչին հումակերների ու նիհարել փորձողների սիրած ուտելիք են։

Տարբերությունները

  • Ծլեցված սերմերը ուտում են ծլեցման դնելուց 3-5 օր անց, իսկ միկրոկանաչին՝ 7-14 օր հետո:
  • Ծիլերը կարճ են՝ 2,5-7 սմ, իսկ միկրոկանաչին ավելի երկար է՝ 10-20 սմ:
  • Ծլեցումն արվում է առանց հողի կամ այլ սուբստրատի օգտագործման, միայն ջուր է անհրաժեշտ։ Միկրոկանաչին որպես կանոն աճեցնում են հողի կամ որևէ սուբստրատի վրա, կամ հիդրոպոնիկ եղանակով։
  • Սերմեր ծլեցնելիս տերեւներ չեն առաջացնում, միայն շաքիլի տերևներ (семядоли), իսկ միկրոկանաչիները ձեւավորում են իրական տերեւներ:
  • Ծլեցված սերմերն ուտում են ամբողջությամբ, իսկ միկրոկանաչու միայն հողից վեր գտնվող մասն են ուտում։
  • Ընդհանուր առմամբ միկրոկանաչիներն ավելի օգտակար և սննդարար են քան ծլեցված սերմերը։
  • Ծլեցումը ընթանում է մթության մեջ, իսկ միկրոկանաչու աճի հանար լուսավորություն է անհրաժեշտ։
  • Ծլեցված սերմերն միկրականաչուց ավելի քիչ հյուսվածքներ (клетчатка) են պարունակում։
  • Ծլեցված սերմերն, ընդհանուր առմամբ, ավելի էժան են վաճառվում, քան միկրոկանաչին։

Ծլած սերմի և միկրոկանաչու արտաքին տեսքը

Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==>

Միկրոկանաչի աճեցնելու մասին կարդացեք այստեղ ==>

Հացհամեմ

Հացհամեմը (անգլ․՝ Trigonella, ռուս․՝ Пажитник, լատ․՝ Trigonella) բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող, մինչև 80 սմ բարձրությամբ ցողունով, միամյա, հազվադեպ՝ բազմամյա,

կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 95, Հայաստանում՝ 17 տեսակ՝ Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea), Այծառվույտ (Trigonella foenum-graecum), Հացհամեմ գլխիկավոր (Trigonella capitata), Հացհամեմ թրաձեվ (Trigonella gladiata), Հացհամեմ բարակ (Trigonella tenuis), Հացհամեմ աստղաձև (Trigonella astroides) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։

Հացհամեմը օգտագործվում է սննդի, համեմունքների, կոսմետիկայի, օճառի, բորբոքումների բուժման եւ նույնիսկ մարսողության բարելավման եւ խոլեստերինի իջեցման համար:

Որպես համեմունքային բույսեր մշակության մեջ տարածված են հացհամեմի երկու տեսակները՝ Այծառվույտ, Հունական խոտ կամ Շամբալա (Fenugreek, Пажитник сенной, Trigonella foenum-graecum), Հացհամեմ երկնագույնը (Пажитник голубой, Trigonella caerulea)։

Այծառվույտ (Trigonella foenum-graecum)
Հացհամեմ երկնագույն (Trigonella caerulea)

Ինչպես հացհամեմ աճեցնել

Սերմերը։ Լավ կլինի ստուգված մատակարարից թարմ, ծլողունակությունը չկորցրած սերմեր ձեռք բերել։

Որտեղ ցանել։ Հացհամեմ կարելի է աճեցնել ինչպես դաշտում կամ այգում, այնպես էլ, առնվազն 30 սմ խորությամբ, ծաղկամանում։ Հացհամեմը սիրում է աճել արևկող տեղերում, սակայն դա չի նշանակում, որ կհրաժարվի աճել կիսաստվերում։

Հողը, որտեղ ցանում են, պետք է փխրուն լինի և լավ դրենաժային հատկություն ունենա։ Մի փոքր թթվայնությունը (PH 6,4) գերադասելի է, սակայն 6,0 – 7,0 PH տիրույթն էլ նորմալ է։

Հացհամեմը տաք հող է սիրում, սերմերը ցանում են անմիջապես իր տեղում։ Նախապես սածիլներ աճեցնել կարելի է, սակայն այնպիսի տարայում, օրինակ տորֆի բաժակներում, որ հետո առանց արմատները վնասելու հիմնական տեղում տնկել լինի։

Ինչպես ցանել։ Ցանելուց առաջ հացհամեմի սերմերը մեկ գիշեր թրջում են գոլ ջրի մեջ, այնուհետև մի փոքր չորացնում են և ցանում՝ ամենևին չհետևելով սերմերի հավասարապես բաշխմանը հողի մակերեսին։ Ցանելուց հետո սերմերը պետք է ծածկել մոտավորապես 0,5 սմ բարձրությամբ հողի շերտով։

Ջրելը։ Ցանելուց հետո ցանքը լավ ջրում են։ Հետագա 3-5 օրերին էլ, մինչև առաջին ծիլերի հայտնվելը, հողը միշտ խոնավ պետք է լինի։

Բերքահավաքը։ Եթե հացհամեմն աճեցվում է տերևների համար, ապա ցանելուց 3-4 շաբաթ անց, երբ բույսերը հասնեն մոտ 14 սմ բարձրության, կարելի է արմատից մի փոքր վերև կտրել թփերն ու հավաքել։ Սերմեր ստանալու համար պետք է սպասել այնքան, մինչև սերմով պատիճները հասունանան և դեղնեն ու հավաքել դրանք մինչև բացվելը։

Հացհամեմի սերմերը

Թեյ հացհամեմի սերմերից

Օգտակարությունը

  • Բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը;
  • Բուժում է արտրիտը, հոդատապը (պոդագրան) և այլ բորբոքումները;
  • Խթանում է կերակրող մայրերի կաթի արտադրությունը, հարստացնում է կաթը մագնիումով և վիտամիններով;
  • Երկաթի բարձր պարունակության շնորհիվ, օգնում է արյան պակասության դեպքում (անեմիա);
  • Կարգավորում է արյան ճնշումը, իջեցնում է շաքարի և խոլեստերինի մակարդակը;
  • Մեղմում է դաշտանային ցավերը;
  • Միզամուղ է, օգնում է արագ դետոքսիկացնել օրգանիզմը;
  • Ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։

Հակացուցումներ

Հացհամեմի սերմերի թեյը անվտանգ է, բացառությամբ հացհամեմի, սոյայի, առախիսի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Նրանց մոտ կարող են առաջանալ որոշակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարում, սրտխառնոց, փսխում, դեմքի այտուցում եւ հազ։

Հացհամեմի սերմերի թեյ խորհուրդ չի տրվում խմել հղիներին և շաքարախտից բուժվողներին։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թեյը նվազեցնում է արյան մակարդելությունը, ինչը լավ է սրտի աշխատանքի համար, բայց կարող է վտանգավոր լինել այլ հիվանդությունների դեպքում։

Ամեն դեպքում

Հացհամեմի սերմերի թեյ ամեն օր խմելու հարցով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ինչպես պատրաստել

  • Աղացած կամ հավանգի մեջ տրորած 1 թեյի գդալ (11 գ) հացհամեմի սերմերը լցնել 1 բաժակ (240 մլ) եռման ջրի մեջ, բաժակը ծածկել և թրմել 5-6 րոպե։ Հացհամեմի սերմերի հետ միասին կարելի է այլ խոտեր (նանա, ուրց և այլն) կամ թեյ գցել։
  • Մեկ այլ տարբերակով ամբողջական կամ հավանգի մեջ տրորած սերմերը լցնում են 1 բաժակ (240 մլ) տաք ջրով կաթսայի մեջ, և եռացնում 5-6 րոպե։
  • Թեյքամիչով քամել թեյը մեկ այլ բաժակի մեջ և խմել՝ տաք կամ սառը վիճակում։

Հացհամեմի սերմեր ծլեցնելը

Հացհամեմի ծլած սերմերը սննդարար շատ տարրեր են պարունակում, որոնցից հիմնականներն են սպիտակուցները (29%), կալիումը, օսլան, շաքարը, եթերային յուղը, A, C և B վտամինները և Ֆերմենտները (էնզիմները)։ Բացի այդ, առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։

Մեկ թեյի գդալ սերմերի էներգետիկ արժեքը 12 կիլոկալորիա է։

Հացհամեմի 100 գամ սերմերը պարունակում են՝

  • Ճարպեր՝ 6,4 գ;
  • Սպիտակուցներ՝ 23 գ;
  • Ածխաջրեր՝ 58,4 գ, այդ թվում հյուսվածքներ (клетчатка)` 10 գ;

Հանքանյութերի պարունակությունը՝

  • Կալիում՝ 770 մգ;
  • Կրածին՝ 176 մգ;
  • Մագնիում՝ 191 մգ;
  • Երկաթ՝ 33,5 մգ;
  • Ֆոսֆոր՝ 296 մգ;
  • Նատրիում՝ 67 մգ;
  • Ցինկ՝ 2,5 մգ։

Վիտամինների պարունակությունը՝

  • С՝ 3 մգ;
  • В1՝ 0,32 մգ;
  • В2՝ 0,3 մգ;
  • В9 (ֆոլացին, ֆոլին, ֆոլինաթթու)՝ 57 մգ;
  • РР՝ 1,6 մգ։

Ինչպես ծլեցնել

  • Ծլեցնելու համար նախատեսված սերմերը լավ լվանում են և քամում։
  • Սերմերը լցնում են ծլեցման համար նախատեսված ամանի կամ սովորական բանկայի մեջ, որի բերանը հետո փակում են մարլայով ու կապում։
  • Այնուհետև սերմերի վրա լցնում են 1-2 օր հնեցված ջուր ու 8–14 ժամ թողնում, որ թրջվեն։
  • Թրջլուց հետո սերմերը լավ քամում են և դնում բերնքսիվայր։
  • Մոտավորապես 12 ժամը մեկ սերմերը նորից ողողում են ջրով, լավ քամում են ու նորից դնում բերնքսիվայր։
  • Երբ 3–5 օր անց սերմերի ծիլերի երկարությունը հավասարվի սերմի երկարությանը, դրանք պատրաստ են օգտագործման համար։ Ավելի շատ ծլեցնելու դեպքում սերմերը կարող են դառնանալ։

Հացհամեմի ծլեցված սերմերն ուտում են փոքր չափաբաժիններով՝ օրական 1 թեյի գդալի չափ՝ ճաշի հետ կամ ճաշից 5-10 րոպե առաջ։ Ծիլերը լավ են համատեղվում բանջարեղենի, բրնձի հետ, կարելի է մատուցել մրգերի, խաշած կարտոֆիլի, սենդվիչների եւ աղցանների հետ։

Հացհամեմի միկրոկանաչի

Սովորաբար հացհամեմի միկրոկանաչին որպես համեմունք օգտագործվում է աղցանների մեջ եւ հնդկական խոհանոցի շատ ճաշատեսակներում: Այն շատ օգտակար է լյարդի եւ ստամոքսի դիսպեպսիայի

բուժման համար, ինչպես նաեւ օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակը: Հացհամեմի միկրոկանաչին պարունակում է նաեւ ինսուլինի արտադրության համար պատասխանատու ամինաթթու: Հացհամեմի միկրոկանաչի ուտելը օգտակար է նաև արյան մեջ որոշակի ճարպերի, այդ թվում, խոլեստերինի եւ տրիգլիցերիդի թույլատրելիից բարձր մակարդակի դեպքում։ Ավելին, այն նաեւ օգնում է նվազեցնել դաշտանի ցավերը եւ կանխարգելում է հաստ աղիքի քաղցկեղը։

Ինչպես աճեցնել հացհամեմի միկրոկանաչին

  • Միկրոկանաչի աճեցնելու համար նախատեսված սերմերը նախ, վերը նկարագրված ձևով ծլեցնում են։
  • Պատրաստում են հողախառնուրդ՝
    • այգու հող՝ 50%;
    • կոմպոստ՝ 30%;
    • ավազ՝ 20%:
    • Հողախառնուրդը, 3-4 սմ շերտով լցնում են սաղր, դրենաժային անցքեր ունեցող ամանի մեջ և լավ խոնավացնում։
  • Ծլեցված սերմերը մեկ շերտով, հավասարաչափ բաշխում են հողի մակերեսին, ծածկում են նույն հողի բարակ, 0,5 սմ շերտով, այնուհետև լավ ջրում ցողիչով։
  • Ցանքը դնում են լուսավոր տեղում, ամեն օր զննում են և, ըստ անհրաժեշտության, ցանկալի է վաղ առավոտյան կամ երեկոյան, ցողում են։ Հողը միշտ պետք է չափավոր խոնավ մնա, գերխոնավությունը բորբոսնելու է հանգեցնում։
  • Ցանելուց 9-12 օր անց կարելի է սկսել բերքահավաքը։ Կարելի է աստիճանաբար կտրել և ուտել միկրոկանաչին կամ հավաքել բերքը անմբողջությամբ, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ պահել սառնարանում։

Հղումներ

Չաման, շամբալա, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ… անվանումները՝ բազում, իսկ օգուտը՝ անվիճելի

Այս անհավանական օգտակար բույսն ունի բազում անվանումներ. շամբալա, չաման, այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ: Ամբողջ աշխարհում գնահատվում են այս բույսի պտուղները, որոնք ոսկեգույն փոքրիկ հատիկներ են:

Չինական և այուրվեդայական բժշկությունը հին ժամանակներից օգտագործում է չամանի սերմերն ընդհանուր բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Արաբ գեղեցկուհիները պարբերաբար սննդի մեջ օգտագործում են այս բուժիչ բույսի պտուղները:

Չամանի սերմերի օգուտը

1. Մարսողություն

Չամանի պտուղները դրական ազդեցություն են գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում են ախորժակը և բարելավում են մարսողության գործընթացը: Խորհուրդ է տրվում ծլած սերմերն օգտագործել լյարդի ֆունկցիաների թուլացում ունեցող հիվանդներին:

2. Շաքարային դիաբետ

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ շամբալայի սերմերը տեսանելի ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի նվազեցման վրա: Լավ էֆեկտի համար խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 2 թ/գ մանրացրած հատիկներ՝ նախապես խառնելով կաթի հետ:

3. Առողջ մաշկ

Չամանի պտուղներից պատրաստված մածուկը ցուցաբերում է հակաբորբոքիչ և հանգստացնող ազդեցություն, առաջացնում է ռեգեներացիայի գոծընթաց: Դրա համար այն լայնորեն օգտագործվում է քերծվածքների, վերքերի և մաշկային խոցերի բուժման ժամանակ:

4. Խոլեստերինի հսկողություն

Բույսը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ, սրտի և անոթների հիվանդություններ: Տարբեր ուտեստների մեջ ավելացրեք չաման, օգտագործեք ծլեցրած սերմերը, խմեք հատիկներից պատրաստված թուրմը և դուք լավ ծառայություն կմատուցեք ձեր օրգանիզմին՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակն անոթներում:

5. Շնչուղիների հիվանդություն

Շամբալայի պտուղներից պատրաստված կաթնային եփուկն իսկական փրկություն է չոր հազի ժամանակ: Իսկ եթե ձեզ տանջում է կոկորդի ցավը, ահա գերազանց բաղադրատոմս ողողումներ կատարելու համար. 2 ճ/գ սերմը 30 րոպե եփել 1 լ ջրի մեջ: Այդ թուրմով պարբերաբար ողողեք կոկորդը:

6. Կանացի առողջություն

Չամանի պտուղների օգտագործումը գործում է՝ որպես էստրոգենների արտադրման բնական խթանիչ: Կերակրող մայրերի մոտ չամանը խթանում է լակտացիան: Այսպես. եթե կրծքի կաթը չի բավականացնում, օրը 3 բաժակ եփուկ խմեք (2 թ/գ պտուղը՝ 1 բաժակ տաք կաթի համար):

Պատրաստեց Անի Գաբուզյանը, 168.am

Կանեփ

Կանեփը (անգլ․՝ Cannabis, ռուս․՝ Конопля, լատ․՝ Cannabis) կանեփազգիների ընտանիքին պատկանող, միամյա խոտաբույս է։ Հայտնի է կանեփի 3 ենթատեսակ։

  • Սովորական կամ մշակովի կանեփ (Cannabis Sativa L.), որից ստանում են թել ու սերմ;
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.), որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա);
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.), որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։

Կանեփի տերևներից և ծաղիկներից ստացվում է աշխարհում ամենալայն տարածում գտած թմրամիջոցը, որն ունի բազմաթիվ բացասական ազդեցություններ, որոնք խիստ վնաս են հասցնում ձեր առողջությանը և ընդհանուր բարեկեցությանը:

Տարբեր երկրներում կանեփի թմրամիջոցը ստացել է տարբեր անվանումներ՝ «մարիխուանա», «պլան», «քոլ», «տերև», «հաշ», «գանջա» և այլն:
Մարիխուանայի օգտագործումը, պահելը, աճեցնելը կամ վաճառելը Հայաստանում արգելված է: Արգելված է նաև մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելը:

Կանեփի սերմերը

Կանեփի սերմերը օգտակար և սննդարար ուտելիք են, ունեն նաև բուժիչ հատկություններ։

Կանեփի սերմը պարունակում է մարդու օրգանիզմի կենսագործունեության և առողջության համար շատ կարևոր 20 ամինաթթուներ, որոնք մկանային ակտիվության, արյան շրջանառության, ուղեղի աշխատանքի, մետաբոլիզմի և այլ պրոցեսների մասնակից են։

Սերմերը նարև մեծ քանակությամբ սպիտակուց և պրոտեին են պարունակում, ինչի պակասը հաճախ զգում են բուսակերները։ Վիտամիններով էլ հարուստ են՝ վիտամին A, B խմբի վիտամինների մեծ մասը և C, D, E, PP վիտամիններ։

Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների մեծ պարունակությունը նաև հազվադեպ հարաբերակցությամբ է՝ 1:3 (ինչպես ձկան յուղն է), ինչը լավագույն հարաբերակցությունն է մարդու օրգանիզմի համար։

Նաև միկրո և մակրոտարրերի մեծ պաշար ունեն սերմերը՝ (K)կալիում, (P) ֆոսֆոր, (Ca) կրածին, (Mg) մագնիում, (Fe) երկաթ, (Ma) մանգան, (Na) նատրիում, (Cu) պղինձ, (Zn) ցինկ, (S) ծծումբ:

Այդպիսով, կանեփի սերմերը՝

  • Հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն ունեն։
  • Ամրացնում են իմունային համակարգը։
  • Բարելավում են նյարդային համակարգի և ուղեղի աշխատանքը, լավացնում են հիշողությունը։
  • Հանգստացնող ազդեցություն ունեն, բարելավում են քունը։
  • Ամրացնում են սրտանոթային համակարգը։
  • Բարելավում են լյարդի և լեղապարկի աշխատանքը, օրգանիզմից դուր են բերում տոքսինները։
  • Խթանում են վնասված հյուսվածքների վերականգնումը։
  • Դրական են ազդում պոտենցիայի վրա։
  • Խթանում են կերակրող մայրերի կաթի արտադրությունը։
  • Թեթևացնում են տարատեսակ ցավերը, այդ թվում դաշտանի հետ կապված։
  • Նվազեցնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը։

Կանեփի սերմերն ուտելու օրական չափաբաժինը 2-3 ճաշի գդալն է։ Ավելի շատ ուտելը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել։

Ուտելու համար սերմերի մշակման տարբեր ձևեր են կիրառում՝ մաքրած, աղացած, կաթ կամ ձեթ սարքած, ծլեցված, միկրոկանաչի աճեցրած ․․․։

Կանեփի ծլեցված սերմեր և միկրոկանաչի

Ծլեցված սերմերի մասին կարդացեք այստեղ ==>
Միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>

Կանեփի ծլեցված սերմերը (Cannabis sprouts, Проростки конопли) շատ ավելի հարուստ են վիտամիններով և այլ օգտակար տարրերով, քան չծլած սերմերը։ Վերը, սերմերի համար թվարկված բոլոր օգտակար հատկությունները նույնն են ծիլերի դեպքում։

Ինչպես ծլեցնել կանեփի սերմերը

  • Սերմերը մաքրում ու լվանում են հոսող, սառը ջրով, այնուհետև քամում են։
  • Քամված սերմերի վրա լցնում են սենյակային ջերմաստիճանի, սերմերի ընդհանուր ծավալից 4-5 անգամ շատ, 1-2 օր հնեցված ջուր, որի մեջ մոտ 12 ժամ թրջում են սերմերը։
  • 12 ժամ անց ջուրը թափում են իսկ քամված սերմերը հարթ շերտով լցնում են ոչ խոր, լայն ամանի հատակին ու ծածկում խոնավ կտորով կամ մի քանի տակ ծալած մարլայով։
  • 12 ժամը մեկ սերմերը լվանում են, քամում ու նորից ծածկում խոնավ կտորով։
  • Սերմերը ծլում են 6-7 օրում։

Ինչպես աճեցնել կանեփի միկրոկանաչի

  • Սաղր ամանի մեջ, 4-5 սմ բարձրությամբ հողի հարթ շերտ են լցնում և լավ խոնավացնում։
  • Վերը նշված ընթացակարգով սերմերը ծլեցնելուց հետո, դրանք մեկ շերտով փռում են պատրաստված հողի վրա և թեթևակի սեղմում՝ որպեսզի հողի հետ շփումը մեծ լինի։
  • Ցանքը նորից ցողում են 1-2 օր հնեցված, սենյակային ջերմաստիճանի ջրով և ծածկում խոնավ, ոչ թափանցիկ կտորով։ Եթե ցանքը կատարվում է 2 և ավելի նույնատիպ ամանների մեջ, ցանկալի է դրանք իրար վրա դնել ու միայն վերևինը ծածկել։
  • Տեղը, որտեղ աճեցվելու է կանեփի միկրոկանաչին պետք է +20…+25℃ օդի ջերմաստիճան ու 50-60% խոնավություն ունենա։
  • Հինգ օր շարունակ, օրական մեկ անգամ պետք է ցողել ցանքը։ Եթե միմյանց վրա դրված ամաններ են, ապա ցողելուց հետո փոխում են դրանց հերթականությունը, իսկ հինգերրորդ օրն արդեն միմյանց վրա չեն դնում, սակայն բոլորը պետք է ծածկված լինեն ոչ թափանցիկ կտորով։
  • Վեցերրորդ օրը ծածկերը հանում են և ցանքը, հետագա աճեցման համար, տեղադրում են լուսավոր տեղում։
  • Լուսավոր տեղում տեղադրելուց 4-5 օր անց կանեփի միկրոկանաչին պատրաստ կլինի օգտագործման համար։ Այդ ընթացքում էլ ցանքի հողը միշտ խոնավ են պահում։

Հղումներ

Ցորեն

Ցորենը (անգլ․՝ Wheat, ռուս․՝ Пшеница, լատ․՝ Triticum) դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի, հիմնականում միամյա, խոտաբույսերի ցեղ է, ընդգրկում է 25-ից ավելի վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։

Ցորենի հատիկներից ստացվող ալյուրն օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնեղենի, հրուշակեղենի, վիսկիի, օղու, գարեջրի արտադրության մեջ։ Ցորենն օգտագործվում է նաև որպես անասնակեր։

Ցորենի ծլած սերմեր

Ցորենի ծլած սերմերը (Wheat sprouts, Проростки пшеницы) վիտամինների իսկական շտեմարան են։ Ցորենի սերմը պարունակում է B5, E, C, D, P վիտամիններ, ինչպես նաև կրածին, կալիում, քրոմ, պղինձ,

սիլիցիում, սելեն, ցինկ, երկաթ, յոդ, ֆոլիաթթու։

Ծլելու պահին սերմի քիմիական կազմի մեջ փոփոխություններ են տեղի ունենում։ Բարդ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տրոհվում են ու դառնում պարզ և դյուրամարս տարրեր։ Ազատվում են բոլոր օգտակար նյութերը։

Արդյունքում, համեմատած չոր սերմի հետ, 4-5 անգամ ավելանում է վիտամինների քանակը։ Օրինակ, 50 գրամ ցորենի ծլած սերմերի մեջ նույնքան վիտամին C կա, որքան 1 լիտր նարնջի հյութի մեջ։

Եթե չծլած ցորենի սերմում կա 20% սպիտակուցներ, 2,2% ճարպեր, 64% ածխածիններ, ապա ծլածում կա 26% սպիտակուցներ, 10% ճարպեր, 34% ածխածիններ:

Ցորենի ծլած սերմերի ներառումը սննդակարգում մաքրում է օրգանիզմը, բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է դիմադրողականությունը։ Կարգավորվում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Լավանում է ալերգիայից տառապողների ինքնազգացողությունը։

Ցորենի սերմ ծլեցնելը

Ցորենի սերմերը պետք է ձեռք բերել վստահելի աղբյուրներից, որպեսզի վստահ լինեք, որ սերմերը ծլողունակ են և թունաքիմիկատներով չեն մշակվել։

Սերմերը ծլեցնելու տարբեր ձևեր կան։ Մեր կայքի “Ծլած սերմեր” հոդվածում կարող եք գտնել ձևերից մեկի նկարագրությունը։ Մեկ այլ տարբերակ ներկայացնում ենք ստորև։

  • Ցորենի սերմերը հոսող ջրի տակ լավ լվանում են, ջրի մակերեսին հայտնված սերմերն ու թեփուկները թափում են։
  • Սերմերը մոտ 12 ժամ թողնում են ջրի մեջ, ինչից հետո ջուրը թափում են, սերմերը նորից լվանում են և թողնում ջրի մեջ ևս 12 ժամով։
  • Կրկին ջուրը թափում են, սերմերը լվանում են ու լավ քամում։
  • Քամված սերմերը լցնում են ոչ շատ խոր, լայն ափսեի մեջ, հարթեցնում են, որպեսզի առաջանա 2-2,5 սմ բարձրությամբ շերտ և վրան փռում են 2-3 տակ ծալված մարլա։
  • Ափսեն դնում են արևի ուղիղ ճառագայթներից հեռու, օդի սենյակային ջերմաստիճան ունեցող տեղում։
  • Ջրցողիչով պարբերաբար ցողում են մարլան՝ այնպես, որ միշտ խոնավ մնա։
  • Ծլեցումը տևում է մոտ 2 օր, սերմերի վրա առաջանում են 1-2 մմ երկարությամբ ծիլեր։

Եթե սերմերը 2 օրից չեն ծլում, սևանում են կամ բորբոսնում, ուրեմն դրանք ուտելի չեն, պետք է թափել։

Ցորենի սերմեր պետք է ծլեցնել փոքր չափաբաժիններով, որպեսզի թարմ ուտվի և պահպանման խնդիր չառաջանա։ Սառնարանում ծիլերը կարելի է պահել 48 ժամից ոչ ավել։

Ծիլերը կարելի է ուտել այնպես, ինչպես կան, լավ ծամելով հատիկները։ Կարելի է նաև դրանք աղալ և խառնել բանջարեղենի կամ մրգային աղցանների և այլ ուտեստների հետ։ Շատ համեղ է մեղրի և ընկույզի հետ խառնած, մածունի հետ և այլն։

Հակացուցումներ

Ցորենի սերմերի ծիլեր ուտելը հակացուցված է ստամոքսի խոց և աղեստամոքսային այլ հիվանդություններ ունեցողների համար։

Խորհուրդ չի տրվում ուտել նաև հետվիրահատական շրջանում գտնվողներին և մինչև 12 տարեկան երեխաներին։

Առողջ մարդիկ էլ, երբ նոր են սկսում ուտել ծիլերը, կարող են կարճատև ստամոքսային խանգարումներ ունենալ։ Եթե խանգարումները կարճ ժամանակից չեն դադարում, պետք է դադարեցնել ուտելը։

Ցորենի միկրոկանաչի

Ցորենի միկրոկանաչին (անգլ․՝ Wheatgrass, ռուս․՝ Ростки пшеницы կամ Витграсс) սերմի ծլելուց 7-10 օր հետո լրիվ հասունության չհասած կանաչ զանգվածն է։

Համացանցը լի է ցորենի միկրոկանաչու օգտակարության մասին հոդվածներով ու դրանք ամենևին անհիմն չեն։ Առանձնակի տարածում է գտել ցորենի միկրոկանչիու թարմ հյութի ամենօրյա օգտագործումը:

Ցորենի միկրոկանաչու օգտակար հատկությունները

  • Ցորենի միկրոկանաչին սննդարար է և լի է մասնավորապես ՝ A, C և E վիտամիններով, ինչպես նաև պարունակում է 8 հիմնական ամինաթթուներ, որոնք մեր օրգանիզմը չի արտադրում և դրանք պետք է ներմուծվեն։ Հարուստ է նաև երկաթով, կալցիումով և մագնեզիումով։
  • Պպարունակում է տարբեր հակաօքսիդանտներ։ որոնք կանխում են բջիջների վնասումը և նվազեցնում օքսիդատիվ սթրեսը, ինչպես նաև, մեծ հավանականությամբ, պաշտպանում են սրտի հիվանդություններից, քաղցկեղից և առողջության հետ կապված տարբեր այլ խնդիրներից:
  • Քլորոֆիլի լավագույն աղբյուրներից է։ Մասնավորապես, թար, նոր կտրած ցորենի միկրոկանաչու հյութի մոտ 70% քլորոֆիլ է: Քլորոֆիլն առկա է բոլոր կանաչ բույսերի մեջ և ունի առողջության համար օգտակար բազմաթիվ ու բազմազան հատկություններ: Սկսած բորբոքային պրոցեսները նվազեցնելուց, մինչև օրգանիզմից տոքսինների հեռացումը: Քլորոֆիլի մոլեկուլն ունի նույն կառուցվածքը, ինչ հեմոգլոբինի մոլեկուլը, ուստի այն ակտիվորեն օժանդակում է թթվածնի շրջանառությանը: Իրականում, ցորենի միկրոկանաչու օգուտների մեծ մասը գալիս է քլորոֆիլից:
  • Կարող է օգնել արյան մեջ շաքարի կարգավորմանը։ Չնայած գիտական ուսումնասիրությունների մեծ մասը, ցավոք, վերաբերվել է կենդանիներին և ոչ թե մարդկանց:
  • Կարող է նվազեցնել խոլեստերինը. Ինչպես նաև բարձրացնում է «լավ» HDL խոլեստերինի մակարդակը:
  • Կարող է օգնել նիհարելուն։ Ցորենի միկրոկանաչու միջի թիլակոիդները օգնում են շուտ կշտանալուն:

Եվ սա դեռ ամենը չէ։ Ցորենի միկրոկանաչու օգտագործումը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, իր հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկությունների շնորհիվ օգնում է բարելավել շնչառական ֆունկցիան (ներառյալ սինուսների խնդիրները), ազատվել պզուկներից և սպիերից, հանգստացնել կոկորդը, կարգավորել աղիների աշխատանքը։ Քիմիաթերապիա ստացող հիվանդներին օգնում է հաղթահարել դրա բացասական կողմնակի ազդեցությունները:

Ինչպես աճեցնել

  • Ցորենի սերմերը հոսող ջրի տակ լավ լվանում են, ջրի մակերեսին հայտնված սերմերն ու թեփուկները թափում են։
  • Սերմերը մոտ 12 ժամ թողնում են ջրի մեջ, ինչից հետո ջուրը թափում են, սերմերը նորից լվանում են և թողնում ջրի մեջ ևս 12 ժամով։
  • Կրկին ջուրը թափում են, սերմերը լվանում են ու լավ քամում։
  • Քամված սերմերը լցնում են ոչ շատ խոր, լայն ափսեի մեջ, հարթեցնում են, որպեսզի առաջանա 2-2,5 սմ բարձրությամբ շերտ և վրան փռում են 2-3 տակ ծալված մարլա։
  • Ափսեն դնում են արևի ուղիղ ճառագայթներից հեռու, օդի սենյակային ջերմաստիճան ունեցող տեղում։
  • Ջրցողիչով պարբերաբար ցողում են մարլան՝ այնպես, որ միշտ խոնավ մնա։
  • Ծլեցումը տևում է մոտ 2 օր, սերմերի վրա առաջանում են 1-2 մմ երկարությամբ ծիլեր։
  • Ծլեցնելուց հետո, սերմերով ափսեն բացում և տեղափոխում են լուսավոր տեղ։
  • 5-7 օրից կանաչ զանգվածը հասնում է 7-10 սմ բարձրության և արդեն կարելի է բերքահավաք սկսել։ Այդ օրերի ընթացքում պետք է սերմերը մշտապես խոնավ վիճակում լինեն, բայց ոչ ջրի մեջ։ Դրա համար օրական երկու անագամ կամ ցողում են սերմերը կամ էլ առատ ջրում ու 5 րոպե անց ջուրն ամբողջությամբ քամում։

Ինչպես օգտագործել

Ամենահզոր ու արդյունավետ կիրառման միջոց համարվում է ամեն առավոտ, նախաճաշից մեկ ժամ առաջ 60 մլ ցորրենի թարմ միկրոկանաչու հյութ խմելը։ Դա կոչվում է “wheatgrass shot”:

Սակայն, ցորենի միկրոկանաչին կարող է օգտագործվել նաև որպես այլ հյութերի, սմուզիերի, տարբեր այլ ըմպելիքների, ինչպես նաև աղցանների, սոուսներ կարևոր բաղադրիչ:

Ուշադրություն

Առաջին անգամ սննդակարգի մեջ ցորենի միկրոկանաչի ներգրավելը կարող է մի փոքր անհանգստացնել ստամոքսին, քանի որ օրգանիզմը դեռ սովոր չէ այդ սնունդի հզոր թունազերծող հատկությանը: Դրանից խուսափելու համար, պետք է սկսել 1/2 դոզայից (30 մլ): Կարող են նաև այլ կողմնակի բարդություններ առաջանալ, ինչպիսիք են գլխացավը, սրտխառնոցը և հոգնածությունը:

Այլ բույսերից ստացվող միկրոկանաչիների մասին կարդացեք այստեղ ==>

Հղումներ

Ծլեցրած սերմեր

Ծլեցրած սերմեր (Seed sprouts, Проростки семян) ուտելը տարածված բան է դիետա պահողների մոտ։ Սակայն դրանց օգտակարությունը շատ ավելին է։ Հայտնի է, որ սերմը ապագա բույսի առաջին օրերի աճի համար նախատեսված օգտակար նյութերի փոքրիկ պահեստ է։

Ծլելու պահին սերմի քիմիական կազմի մեջ փոփոխություններ են տեղի ունենում։ Բարդ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տրոհվում են ու դառնում պարզ և դյուրամարս տարրեր։ Ազատվում են բոլոր օգտակար նյութերը։

Արդյունքում, համեմատած չոր սերմի հետ, 4-5 անգամ ավելանում է վիտամինների քանակը։ Օրինակ, 50 գրամ ցորենի ծլած սերմերի մեջ նույնքան վիտամին C կա, որքան 1 լիտր նարնջի հյութի մեջ։

Ուտելու համար հիմնականում ծլեցվում են հետևյալ բույսերի սերմերը՝

  • Աշորա (Rye, Рожь, Secale cereale): Սերմը ծլում է 2-3 օրում։
  • Առվույտ (Alfaalfa, Люцерна, Medicago sativa)։ Սերմը ծլում է 5-7 օրում։
  • Արևածաղիկ (Black Sunflower, Подсолнечник, Helianthus annus): Սերմը ծլում է 6-10 օրում։
  • Բողկ (Radish, Редис, Raphanus sativus): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Գանգրակաղամբ (Kale, Кале, Brassica oleracea, Acephala group): Սերմը ծլում է 2-5 օրում։
  • Երեքնուկ (Clover, Клевер, Trifolim pratense, T. incarntum): Սերմը ծլում է 4-6 օրում։
  • Կաղամբ (Cabbage, Капуста, Brasscia oleracea, Capitata group): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Կանեփ (Hemp, Конопля, Cannabis) Սերմը ծլում է 2-3 օրում։
  • Կոտեմ (Cress, Кресс-салат, Lepidium sativum): Սերմը ծլում է 3-4 օրում։
  • Հացհամեմ (Fenugreek, Пажитник, Trigonella): Սերմը ծլում է 6-8 օրում։ Հացհամեմի ծլած սերմերի մասին կարող եք կարդալ նաև այստեղ ==>
  • Հնդկացորեն (Buckwheat, Гречневая крупа, Fagopyrum esculentum): Սերմը ծլում է 1-2 օրում։
  • Մանանեխ (Mustard, Горчица, Brassica nigra): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Շաղգամ (Turnip, Репа, Brassica rapa, Rapifera group): Սերմը ծլում է 2-5 օրում։
  • Ոսպ (Lentil, Чечевица, Lens culinaris): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Ոլոռ (Peas, Горох, Pisum sativum): Սերմը ծլում է 5-7 օրում։
  • Սեզատեև (Chives, Шнитт-лук, Allium schoenoprasum): Սերմը ծլում է 10-14 օրում։
  • Սիսեռ (Garbanzo, Chickpea, Нут бараний, Cicer arietinum): Սերմը ծլում է 2-4 օրում։
  • Սոյա (Soybean, Соя, Glycine max): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Վիգնաներ՝
    • Աձուկի (Adzuki, Адзуки, Vigna angularis) Սերմը ծլում է 3-5 օրում։
    • Մաշ (Mung bean, Маш, Vigna radiata): Սերմը ծլում է 3-5 օրում։
  • Ցորեն (Wheat, Пшеница, Triticum spp.): Սերմը ծլում է 2-3 օրում։ Ցորենի ծլած սերմերի մասին կարող եք կարդալ նաև այստեղ ==>

Սկզբունքորեն, բոլոր ուտելի բույսերի սերմերն էլ կարելի է ծլեցնել և ուտել, բացառությամբ մորմազգիների՝ լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն։ Բոլոր ծլեցված սերմերն էլ օգտակար են օրգանիզմի համար, սակայն տարբեր կիրառում կարող են ունենալ։ Այսպես՝

  • Ցորենի, աշորայի, վարսակի, արևածաղիկի և վուշի ծլած սերմերն արդյունավետ են աղեստամոքսային տրակտի համար;
  • Վարսակի ծլած սերմերը նպաստում են արյան նորացմանը և խթանում են վահանաձև գեղձի գործունեությունը;
  • Աշորայի ծլած սերմերը մաքրում են օրգանիզմը տոքսիններից ու րադիոնուկլիդներից;
  • Բրնձի ծլած սերմերը մաքրում են երիկամներն ու աղիները;
  • Ոսպի ծլած սերմերը ամրացնում են իմունային համակարգը;
  • Դդմի ծլած կորիզները կարող են օգտագործվել շագանակագեղձի հիվանդություններից խուսափելու կամ բուժվելու համար;
  • Հնդկացորենի և կունջութի ծլած սերմերը ամրացնում են սիրտն ու անոթները;
  • Կաթնափուշի ծլած սերմերը մաքրում են լյարդը;
  • Եգիպտացորենի ծլած սերմերը երիտասարդացնում են;
  • Բակլայի ծլած սերմերն ունեն հակաբորբոքային և վերքերը լավացնող հատկություն;
  • Ոլոռի ու լոբիների ծլած սերմերը նվազեցնում են արյան շաքարի մակարդակը;
  • Սոյան խթանում է մարմնի բջիջների վերարտադրությունը, արգելակում է ուռուցքների աճը։

Ինչպես ծլեցնել սերմերը

Սերմեր ծլեցնելու համար մի քանի տեսակի հատուկ ամաններ կան ստեղծված, սակայն դրանք կարելի է փոխարինել ձեռքի տակ եղածով։ Մասնավորապես ցանց-կափարիչը կարելի է մարլայով կամ այլ խիտ ցանցով փոխարինել։

Ծլեցնելու գործընթացը այսպիսին է՝

  1. Մեկ լիտրանոց ամանի կեսի չափով լցնում են գոլ ջուր և 1,5-2 ճաշի գդալ սերմ։ Սերմերը լավ ցնցելով ու խառնելով լվանում են և ջուրը թափում։
  2. Սերմերի վրա նոր, թարմ ջուր են լցնում և թողնում են, որ սերմերը 8-12 ժամ թրջվեն։
  3. Ջուրը և անջատված կլեպներն ու այլ մասնիկները թափում են, իսկ սերմերը լցնում են նախապես եռման ջրի մեջ կամ այլ եղանակով ստերիլիզացված ամանի մեջ ու փակում նույնքան ստերիլ ցանց-կափարիչով։
  4. Ցանցի միջով նորից ջուր են լցնում ամանի մեջ, սերմերը լավ ողողում ու ջուրը թափում են։
  5. Ցնցելով ձգտում են մեկ շերտով տարաբաշխել խոնավ սերմերը ամանի ողջ ներքին մակերեսով, ինչից հետո ամանը, ցանցը դեպի ներքև, տեղադրում են զով, լավ օդափոխվող, ստվերում կամ մութ վայրում։ Ծլեցնելու համար ամենահարմարավետ շրջակա օդի ջերմաստիճանը + 21°C է։
  6. 12 ժամ անց, օրը 2 անգամ պարբերականությամբ, կրկնում են սառը ջրով սերմերը ողողելու ու քամելու գործընթացը։ Սերմերը ամեն լվալ-քամելուց հետո պետք է հնարավորին չափ ցրրել ամանի ներքին պատերի վրա, քամելուց հետո լինեն խոնավ, ոչ թե թաց։ Լավ ջրահեռացումը կարևոր է սերմերի բորբոսնելուց ու նեխելուց խուսափելու համար։
  7. Սերմերը “բերքահավաքի” համար պատրաստ կլինեն վերևի ցանկում նշված ժամկետում՝ երբ կառանձնանան դրանց կաղապարները կամ կեղևները։ Ծլած հացահատիկները մնում են համարյա նույն չափսին, լոբազգիների սերմերը պետք է մոտ 5 սմ աճ տան, մյուսները՝ մոտ 2,5 սմ։
  8. Վերջին անգամ լվալ-քամելուց հետո, ծլած սերմերով ամանը 12 ժամով տեղադրում են արդեն լուսավոր տեղում, բայց ոչ արևի տակ, որպեսզի ծիլերը քլորոֆիլի ու կարոտինի առաջացման շնորհիվ մի քիչ կանաչեն։
  9. Հանելով ծլեցման ամանից, ծիլերը լցնում են խոր ամանի մեջ և վրան ջուր լցնում՝ այնքան որ ջրի երես դուրս գան սերմերից առանձնացած պատյաններն ու կլեպը։ Դրանք թափում են իսկ ծիլերը քամում են փլավքամիչով։ (Որոշ սերմերի պատյաններն էլ են ուտելի, բայց, օրինակ, արևածաղիկի սերմերի պատյանները անպայման պետք է հեռացնել)։
  10. Ծլած և մաքրված սերմերը պատրաստ են անմիջապես ուտելու կամ սառնարանում պահեստավորելու համար։ Օդափոխվող, պլաստիկ տուփի կամ տոպրակի մեջ, սառնարանում ծիլերը կարելի է առավելագույնը 7 օր պահել։

Ինչպես ուտել

Մարդու օրգանիզմը ամենից շատ վիտամիններ և օգտակար այլ նյութեր կստանա ծլած սերմերը անմիջապես, հում վիճակում ուտելուց։

Ջերմային մշակումը էականորեն քչացնում է դրանց օգտակարությունը, բայց երաշխավորում է վարակներից ու մանրեներից, որոնք կարող են հայտնվել ու բազմանալ խոնավ միջավայրում։ Ուստի սերմեր ծլեցնելիս շատ կարևոր է ստերիլ միջավայրում դա անելը և, ամեն դեպքում, թույլ օրգանիզմ և իմունային համակարգ ունեցողները պետք է խուսափեն հում ծիլեր ուտելուց։

Ծլեցված սոյայի և ոլոռի սերմերը ուտելուց առաջ պետք է մոտ 1 րոպե մշակել գոլորշիյով կամ եռման ջրի մեջ։

Որոշ սննդի մասնագետները խորհուրդ են տալիս ծլած սերմերն ուտել նախաճաշին, ընդորում, կարելի է դրանք ուտել առանձին, կամ որպես աղցանի, բրդուճի կամ բուտերբրեդի բաղադրիչ։ Կարելի է խառնել մեղրի հետ և հոյակապ աղանդեր ստանալ։ Կարելի է բլենդերով աղալ սերմերը և ավելացնել կոկտեյլներին կամ սմուզիներին։

Ոշադրություն

– Ցանելու համար նախատեսված սերմերը կարող են մշակված լինել քիմիկատներով, ուստի պիտանի չեն լինի ծլեցնելու և ուտելու համար։
– Ստամոքսի խոց ունեցողներին ծլեցված սերմեր ուտելը հակացուցված է։
– Խորհուրդ չի տրվում բակլազգիների ծիլերն ուտել կաթնամթերքի հետ։ Ընդհանրապես, շատ քիչ ծլած բակլա պետք է ուտեն թույլ մարսողական համակարգ ունեցողները։
– Բոլոր ծլած սերմերը պետք լավ ծամել։
– Խորհուրդ չի տրվում օրական մի բռաչափից ավել ծլած սերմ ուտել։

Աղցան
  • 50 գրամ ծլած սերմեր;
  • 1 քաղցր պղպեղ;
  • 1 լոլիկ;
  • 1 վարունգ;
  • 1 ավոկադո։

Ծիլերը լվալ սառը ջրով։ Մնացածը մանր կտրատել, խառնել ծիլերի հետ, վրան ցողել լիմոնի հյութ, բուսական ձեթ և կոճապղպեղի փոշի ցանել։

Հղումներ

  • Sprouting. From Wikipedia, the free encyclopedia․
  • Проращивание. Материал из Википедии — свободной энциклопедии․

Խնկեղեգ ճահճային

Խնկեղեգ ճահճայինը (անգլ.՝ Sweet flag, ռուս.՝ Аир, լատ.՝ Acorus calamus) խնկեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ, բազմամյա, դեղատու խոտաբույս է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Համառոտ տեղեկանք խնամքի վերաբերյալ

  1. Ծաղկելը՝ հունիս-հուլիս;
  2. Լուսավորությունը՝ ցրված լույս, հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ Հարմար են արևելյան և արևմտյան պատուհանագոգերը։
  3. Օդի ջերմաստիճանը՝ վեգետացիոն շրջանում՝ +18…+22 ºC, ձմռանը՝ +16…+18 ºC, սակայն ավելի ցածր ջերմաստիճաններն ու սառը քամիներին էլ է դիմանում;
  4. Օդի խոնավությունը՝ բարձր։ Լավ կլինի ծաղկամանը դնել թաց խճով լի տակդիրի վրա և հաճախ ցողել բույսը;
  5. Ջրելը՝ առատ ու հաճախ, շոգին պետք է ցողել, կարելի է դնել թաց խճով լի տակդիրի վրա;
  6. Սնուցումը՝ կարիքը չկա;
  7. Հանգստի շրջանը՝ աշնան կեսից մինչև ձմռան վերջը;
  8. Տեղափոխումը՝ կախված արմատների համար տեղի առկայությունից;
  9. Հողախառնուրդը՝ ավազ– 2 մաս, ճմահող– 2 մաս, գետի տիղմ-2 մաս կամ տորֆ– 1 մաս;
  10. Բազմացումը՝ սերմերով և թուփը կիսելով;
  11. Վնասատուները՝ սարդոստայնային տիզ;
  12. Հիվանդությունները՝ գործնականում չկան, տառապում է միայն ոչ բավարար խոնավությունից ու քիչ ջրելուց։

Առանց հողի, ջրի մեջ խնկեղեգ աճեցնելը

Կամայական ձևի կավե, ապակյա կամ պլաստիկ անոթի մեջ լցնում են կերամզիտ, պերլիտ, խոշոր ավազ կամ մանր քարեր և տնկում խնկեղեգը։ Լցնում են թորած, իսկ դրա բացակայության դեպքում, հնեցված, քլորազերծ ջուր՝ այնքան, որ միայն արմատները լինեն ջրի մեջ;

Տեղադրում են սենյակում կամ դրսում, արևի ուղիղ ճառագայթներից պաշպանված կիսաստվերում։

Այսպես էլ Չինաստանում են աճեցնում

Հղումներ

Մանրադրամախոտ

Մանրադրամախոտը (անգլ․՝ Copper coin grass, Common pennywort, չին․՝ 铜钱草, ռուս․՝ Щитолистник обыкновенный, լատ․՝ Hydrocotyle vulgaris) բազմամյա, սողացող, ջրային խոտաբույս է և շատ տարածված սենյակային բույս Չինաստանում։

Բնության մեջ աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում աճեցվում է ինչպես զուտ ջրային միջավայրում (հիդրոպոնիկ), այնպես էլ հողում, կամ միաժամանակ կիսով չափ հողի և կիսով չափ ջրի մեջ։

Հայերեն անվանումը պաշտոնական չէ, Պարտիզպանի տվածն է և պայմանավորված է թե՛ բույսի կլոր, մանրադրամի չափսի տերևների տեսքով, թե՛ դրա անգլերեն անվանումներից մեկով։ Կարելի է անվանել նաև Չինական փողի խոտ, Հիդրոկոտիլ և այլն։

Կենսականորեն անհրաժեշտ խոնավություն և սնունդ ապահովելու դեպքում, մանրադրամախոտը շատ արագաճ, սողացող բույս է։

Նկարում՝ մանրադրամախոտի աճեցումը կիսով չափ հողի և ջրի մեջ։

Միայն հողի մեջ աճեցնելիս, հողը պետք է միշտ խոնավ լինի, բայց, միևնույն ժամանակ, ցեխ չդառնա։ Շոգին ամեն օր ջրելու կարիք կլինի։

Մանրադրամախոտ աճեցնելու համար օգտագործվող, ինչպես նաև ջրելու ու ցողելու ջուրը, պետք է հնեցված լինի՝ ազատ քլորից։ Հին ջուրը փոխելիս, թափում և թարմ ջրով լրացնում են հին ջրի 2/3-ը։ Ջուրը փոխելու անհրաժեշտությունն առաջանում է ամռանը՝ 3-5 օրը մեկ, գարնանն ու աշնանը՝ 5-7 օրը մեկ և ձմռանը՝ 10-15 օրը մեկ։

Ջուրը փոխելուց հետո, կախված ջրի ծավալից, մի քանի կաթիլ պարարտանյութ են ավելացնում ջրին և ցնցում ծաղկամանը, որպեսզի ջուրը լավ խառնվի։

Շատ կարևոր է չմոռանալ բույսը պարբերաբար սնուցելու մասին։ Վեգետացիոն շրջանում, բույսը պետք է սնուցել հավասարակշռված NPK – ով, համալիր, հեղուկ պարարտանյութով։ Հողի մեջ աճեցվող բույսերը սնուցում են ամիսը մեկ անգամ։

Նկարում` ծաղկած մանրադրամախոտն է։ Ընդհանրապես այս բույսն աճեցնում են գեղեցիկ տերևների համար, իսկ ծաղկելը բույսին ամենևին չի գեղեցկացնում։

Ուստի, եթե սերմեր ստանալու մտադրություն չկա, ծաղիկները պետք է անմիջապես կտրել։ Դա կխնայի բույսի ուժերը և պարարտանյութ կխնայի։

Մանրադրամախոտը մշտապես պայծառ, ցրված լույսի կարիք ունի, իսկ ձմռանը բույսը նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների ներքո կարելի է դնել։

Մանրադրամախոտը ջերմասեր է, օդի ջերմաստիճանը չպետք է իջնի +5C-ից, իսկ ամենահարմարավետը +16…+24C տիրույթն է։

Մանրադրամախոտը անհրաժեշտ է պարբերաբար նոսրացնել՝ հեռացնել դեղնած ու ծերացած տերևները։ Արդյունքում կբարելավվի բույսի օդափոխությունը և, լավ սնուցման դեպքում, տերևներն ավելի խոշոր և փարթամ կլինեն։

Բույսի ծաղկամանը պետք է պարբերաբար պտտել, որպեսզի տերևները մի կողմ թեքված չաճեն։

Մանրադրամախոտը բազմացնում են սերմերով կամ թուփը բաժանելով։ Քանի որ թուփը բաժանելով բազմացման եղանակը շատ դյուրին է, սերմերով բազմացումը համարյա չի կիրառվում։

Մանրադրամախոտը շատ կայուն է հիվանդությունների նկատմամբ և չի վախենում վնասատուներից։ Ջրի կամ կես հող, կես ջուր միջավայրում աճեցնելիս պետք է զգուշանալ մոծակների ձվադրումից ջրի մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների մանրադրամախոտը նաև ուտում են, ինչպես նաև օգտագործում չինական բժշկությունում։

Արտաքին հղումներ

Կոկոսի սուբստրատ

Կոկոսի սուբստրատը կամ Կոկոսային տորֆը (անգլ․՝ Coconut substrate, Cocopeat, Coconut Coir, ռուս․՝ Кокосовый субстрат, Кокосовый торф) ողջ աշխարհում, լայնորեն օգտագործվում է

սենյակային և այլ բույսեր, սածիլներ, տնկիներ, սունկ, միկրոկանաչի աճեցնելու, բույսերի կտրոններ արմատակալման դնելու համար պատրաստվող հողախառնուրդների մեջ, հիդրոպոնիկայում, ինչպես նաև հողը ցանքածածկելու համար։

Կոկոսի սուբստրատը պատրաստում են կոկոսի կեղևը և դրա մանրաթելերը աղալով։ Ստացվում է թեթև, փխրուն,օրգանական, շատ ուշ քայքայվող, չեզոք թթվայնությամբ, լավ խոնավություն կլանող ու պահող զանգված։

Կոկոսի սուբստրատը հիմնականում վաճառվում է մամլած աղյուսների տեսքով, ինչը շատ հարմար է տեղափոխման համար, իսկ օգտագործելուց առաջ այն պարզապես թրջում են և ստացվում է շատ ավելի մեծ, պատրաստի զանգված։

Մոտ 4 կգ սեղմված կոկոսի սուբստրատից (աղյուսի չափը 30x30x10 սմ) ստացվում է մոտ 60 լիտր պատրաստի սուբստրատ:

Կոկոսի սուբստրատի առավելությունները

Փորձված այգեգործները, գիտեն, որ բույսի համար շատ կարևոր է արմատային համակարգի զարգացումը: Եթե ​​արմատները զարգանում են փխրուն, թեթև հողում, ապա զարգացումն ավելի արագ է ընթանում, քան կարծր կավահողի մեջ: Բացի այդ, արմատներին անհրաժեշտ է խոնավություն և թթվածնի ազատ ներհոսք:

Նշված պայմաններն ապահովելու համար, հողախառնուրդներ կազմելիս, ավելացնում են տարբեր փխրեցնող, խոնավություն պահեստավորող հավելանյութեր՝ տորֆ, տորֆամամուռ, վերմիկուլիտ, ագրոպերլիտ և այլն: Այս նյութերից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, ապա այն ունի՝

  • ծակոտկեն կառուցվածք և կարող է մեծ քանակությամբ խոնավություն պահել իր մեջ ՝ այն աստիճանաբար տալով բույսերին: Միևնույն ժամանակ, այն նաև ապահովում է թթվածնի հասանելիությունը արմատներին:
  • չեզոք pH թթվայնություն, ինչը թույլ է տալիս այն օգտագործել գրեթե բոլոր բույսերի համար: Հարմարեցնելով յուրաքանչյուր բույսի տեսակին, կոկոսի սուբտրատին համապատասխան բաղադրիչ ավելացնելով, կարելի է փոխել հողախառնուրդի թթվայնությունը: Օրինակ, հողախառնուրդի թթվայնությունն ավելացնելու համար կարելի է ավելացնել վերնատորֆ (թթվային), իսկ փոքր-ինչ ալկալային հողախառնուրդ ստանալու համար ՝ կրաքար:
  • բացի խոնավությունից, նաև ջրի մեջ լուծված սննդարար տարրերը իր մեջ պահելու, այնուհետեւ աստիճանաբար բույսերին տալու հատկություն:
  • բազմակի օգտագործման հնարավորություն (մինչև 5 տարի):

Կոկոսի սուբստրատը օրգանական նյութ է։ Աստիճանաբար, մոտ 5 տարի անց, կոկոսի սուբստրատը ամբողջովին քայքայվում է և դառնում հողի հումուսի մաս:

Կոկոսի սուբստրատի կիրառման եղանակները

Սենյակային բույսեր աճեցնելը

Սենյակային կամ դրսի՝ կոնտեյներային բույսեր աճեցնելու համար կոկոսի սուբստրատը կարելի է օգտագործել կամ մաքուր վիճակում՝ բույսին հաճախ և անընդհատ սնուցում տալով, կամ հողախառնուրդի ձևով՝ սուբստրատին ավելացնելով այլ բաղադրիչներ՝ ճմահող, տերևային բուսահող, կոմպոստ, փտած գոմաղբ, ավազ և այլն:

Սածիլներ աճեցնելը

Քանի որ սուբստրատը ստերիլ է, սածիլներն աճեցնելիս սուբստրատի կիրառումը, ամենայն հավանականությամբ, կազատի մի շարք հիվանդություններից և խնդիրներից (սեւ ոտք, միջատներ և մոլախոտեր):

Ինքնին, մաքուր կոկոսի սուբստրատը գործնականում չունի սննդային որևէ արժեք, ինչը նշանակում է, որ կա՛մ այն ​​սերմեր ցանելուց առաջ պետք է հատուկ պարարտացվի, կամ, առաջին իսկական տերևները հայտնվելուց առաջ, պարարտացվի հեղուկ պարարտանյութերով:

Ընդհանուր ցանքից առանձնացնելուց հետո սածիլների և տնկիների աճեցնելը

Առանձնացվող բույսերը տնկում են կոկոսի սուբստրատի և պարտեզի ախտահանված հողի (1:1) խառնուրդի մեջ: Պարարտ և փխրուն հողախառնուրդ է ստացվում, իսկ սածիլները «մանկությունից» վարժվում են այգու հողի առանձնահատկություններին:

Բույսերի (տնկիների) տնկելը բաց գրունտում

Եթե տնկելուց առաջ ​​տնկափոսի մեջ լցվի այգու հողի և կոկոսի սուբստրատի խառնուրդ (մոտավորապես 1:1), ապա բույսի հարմարվելը նոր տեղին ավելի դյուրին և արագ տեղի կունենա, ավելի արագ կաճեն նոր արմատները։

Հողը ցանքածածկելը

Կոկոսի սուբստրատը կարող է օգտագործվել որպես ցանքածածկ կամ որպես բույսերի արմատները ցուրտ եղանակներին ջերմամեկուսացնելու միջոց:

Ինչպես ճիշտ նախապատրաստել կոկոսի մամլած սուբստրատը

Մամլած աղյուսը պետք է դնել որևէ ամանի մեջ և վրան ջուր, իսկ անհրաժեշտության դեպքում միանգամից պարարտանյութ պարունակող լուծույթ լցնել: Ասենք, 4 կիլոգրամանոց աղյուսի վրա լցվում է մոտ 25 լիտր ջուր, և, մեկ ժամ անց, ստացվում է մոտ 60 լիտր (6 դույլ) պատրաստի սուբստրատ: Եթե ​​միանգամից այդպիսի զանգվածի կարիքը չկա, ապա կարելի է սղոցով կտրել և օգտագործել աղյուսի մի մասը:

Կոկոսի սուբստրատի թերությունները

Ցավոք, այս աշխարհում ամեն ինչի մեջ միշտ ինչ-որ թերություններ կան: Ինչ վերաբերում է կոկոսի սուբստրատին, դրանք են՝

  • Համեմատաբար բարձր գինը Հայաստանում: Սա որոշ չափով սահմանափակում է դրա օգտագործումը՝ մանավադ բացօթյա օգտագործումը ցանքածածկ անելու համար։
  • Օգտագործելուց առաջ կոկոսի սուբստրատը պետք է թրջել և որոշ ժամանակ սպասել սուբստրատի պատրաստ լինելուն:
  • Կոկոսի արմավենիները հիմնականում աճում են ծովափերին և, վատ մշակման դեպքում, սուբստրատը կարող է ծովի աղ պարունակել։ Ապահով լինելու համար, օգտագործելուց առաջ պետք է ստուգել սուբստրատը և, կարիքն առաջանալու դեպքում, լվանալ այն։ Կանանց, սովորական նեյլոնե զուգագուլպաներըշատ հարմար են սուբստրատը ողողելու համար:
  • Վերջապես, գլխավորը. ցավոք, երբեմն վաճառքում հայտնվում են կոկոսի անորակ, ոչ ստերիլ և բույսերին վնասող նյութեր պարունակող սուբստրատներ: Պետք է գնել ստուգված արտադրողների ապրանքը։