Category Archives: Հանքային պարարտանյութեր

Մագնեզիումի սուլֆատ

Մագնեզիումի սուլֆատը (անգլ․՝ Epsom salt, Magnesium sulfate, ռուս․՝ Сульфат магния, Английская соль) մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք, սպիտակ աղ է։ Հայտնաբերվել է Անգլիայի Էպսոմ կոչվող աղբյուրի ջրի մեջ, բուսաբան Նեեմիա Գրյուն (Nehemiah Grew) 1695 թվականին: Այս պատճառով էլ այս նյութը զուգահեռաբար անվանում են Անգլիական աղ, Epsom salt, Английская соль։

Մագնեզիումի սուլֆատի օգտագործումը այգեգործությունում նոր բան չէ։ Անկախ հողի կազմից և որակից, խորհուրդ է տրվում դրանով սնուցել սիզամարգերը, ծաղկաթմբերը, ծառերը, թփերը և մարգերը, հիմնավորելով, որ բույսերն արդյունքում արագացնում են աճը, բարելավվում է դեկորատիվ տեսքն ու բերքատվությունը, մրգերի համը։ Մագնեզիումի սուլֆատը պարունակում է մագնեզիում եւ ծծումբ, որոնք կարևոր են բույսերի առողջ աճի համար:

Մագնեզիումը, քլորոֆիլի մոլեկուլների կազմի մեջ մտնելով, առաջին հերթին նպաստում է բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի ճիշտ ընթացքին, դրանով իսկ ապահովելով դրանց բնականոն աճն ու զարգացումը: Բացի այդ, այս տարրը ներգրավված է բույսերի սպիտակուցների սինթեզի եւ ածխաջրերի ձեւավորման մեջ, օգնում է կայունացնել բջջային թաղանթները, կարգավորում է ջրային հավասարակշռությունը եւ ֆերմենտների ակտիվացումը, մասնակցում է նյութափոխանակությանը, օգնում է կլանել ֆոսֆորը եւ կալցիումը, էական դեր է խաղում ասկորբինաթթվի կուտակման գործում, նպաստում է ճարպերի, եթերային յուղերի եւ մրգերի հասունացման համար անհրաժեշտ այլ նյութերի կուտակմանը:

Բույսերի մոտ մագնեզիումի պակասի նշանները առավել հաճախ դրսևորվում են վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին, թեեւ կարող են լինել բացառություններ: Դրա ախտանիշներից են՝

  • Բույսի վերգետնյա եւ ստորգետնյա մասերի աճի դանդաղումը;
  • Բույսի կանաչ գույնի ընդհանուր խամրումը;
  • Սպիտակ շերտերի առաջացումը տերևների երակների միջեւ (միջերակային քլորոզ) կամ, հիմնականում հին տերևների մարմարի նախշ ստանալը;
  • Տերևների վրա մուգ շագանակագույն, շագանակագույն, մանուշակագույն և դեղին բծերի հայտնվելը եւ տերևների չորանալը կամ փխրուն դառնալն ու ժամկետից շուտ թափվելը;
  • Թթվային հողերում աճող բույսերի տերևների ստորին կողմը կարող է մանուշակագույն դառնալ;
  • Հիվանդությունների եւ սթրեսների նկատմամբ դիմադրողականության նվազումը;
  • Բերքատվության և պտուղների ու սերմերի որակի անկոււմը։

Մագնեզիումի պակասը հաճախ է հանդիպում թեթեւ հողերում, որոնք աղքատ են օրգանական նյութերով և/ կամ շատ թթվային հողերում (բարձր թթվայնությունը թույլ չի տալիս, որ բույսերը կլանեն մագնեզիումն ամբողջությամբ): Բացի այդ, մագնեզիումի դեֆիցիտը կարող է առաջանալ անձրեւաջրերով դրա լվացման հետևանքով: Բացի այդ, եթե հողը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, բույսերը կարող են կլանել այն մագնեզիումի փոխարեն, ինչը նաեւ հանգեցնում է կալիումի պակասին:

Ծծումբը, թեև փոքր քանակությամբ, նույնպես անհրաժեշտ է բույսերի համար։ Այն հանդիսանում է սպիտակուցների և մի շարք այլ կարևոր կենսաքիմիական ռեակցիաների, սինթեզի գործընթացի անբաժանելի մասը, ակտիվորեն մասնակցում է օքսիդավերականգնողական գործընթացներին, մտնում է ամինաթթուների և ֆերմենտների կազմի մեջ, բարձրացնում է պարարտանյութից և մթնոլորտից ազոտի կլանման մակարդակը, ինչպես նաև մշակաբույսերի դիմադրողականությունը հիվանդությունների և սթրեսների նկատմամբ:

Ծծմբի պակասը հանգեցնում է նաեւ մրգերի եւ սերմերի սպիտակուցների, շաքարների եւ ճարպերի քանակի նվազմանը եւ միաժամանակ, նիտրատների վնասաբեր կուտակմանը:

Բույսերի մոտ ծծմբի պակասի նշանները բավականին դժվար է ախտորոշել, քանի որ դրանք կարող են նման լինել ազոտական սովի ախտանիշներին: Առաջին հերթին այդ ախտանիշներն են՝

  • Բուսերի աճի եւ զարգացման դանդաղումը;
  • Հատկապես երիտասարդ տերևների ընդհանուր դեղնելն ու ծռմռվելը;
  • Տերևների երակները եւ հիմնամասերը, առաջին հերթին ներքեւից, սկսում են ձեռք բերել հստակ, բայց ոչ պայծառ կարմրավուն գույն;
  • Տերևները դեպի վեր են ձգվում ու փխրունանում են;
  • Ծաղիկները մանրանում են ու դալկանում, ծաղկում են ծուլորեն դանդաղ ու երկարատև;
  • Հիվանդությունների եւ սթրեսների նկատմամբ դիմադրողականությունը նվազում է;
  • Պտուղների եւ սերմերի բերքատվությունն ու որակը նվազում են:

Ծծմբի պակաս առավել հաճախ նկատվում է թեթեւ հողերում, որոնք աղքատ են օրգանական նյութերով։ Ինչպես մագնեզիումը, ծծումբը նույնպես կարող է անհետանալ հողից՝ անձրևաջրերով լվացվելու արդյունքում:

Երբ և ինչպես կիրառել մագնիումի սուլֆատը

Բույսերի պահանջը մագնեզիումի եւ հատկապես ծծմբի նկատմամբ կախված է թե՛ բույսի տեսակից, թե՛ հողի տեսակից ու որակից: Օրինակ, ծծմբի ամենաբարձր պահանջարկը բնորոշ է կաղամբին, լոբուն եւ հացահատիկային բույսերին, իսկ մագնեզիումինը՝ կարտոֆիլին, լոլիկին, վարունգին եւ արմատապարալային բանջարեղենի համար: Ծաղիկներից մագնեզիումի եւ ծծմբի պակասն ավելի սուր են զգում վարդերը:

Ամենից շատ մագնեզիումի կարիք բույսերն ունեն ակտիվ աճի շրջանում եւ երշտի ժամանակ։ Իսկ ծծմբի կարիք ամենաշատն ունեն գարնանը եւ ուշ աշնանը: Արդեն նշվեց, որ որքան բարձր է հողի թթվայնությունը եւ աղքատ է օրգանական կազմը, այնքան ուժեղ է մագնեզիումի սուլֆատի նկատմամբ բույսերի պահանջարկը:

Մագնեզիումի սուլֆատը պարունակում է մոտ 17% MgO (մագնեզիումի օքսիդ) եւ մոտ 13% S (ծծումբ)։ Տարբեր արտադրողների մոտ այս տոկոսային հարաբերակցությունը կարող է մի փոքր տարբեր լինել: Սովորաբար մագնեզիումի սուլֆատով հողի սնուցումն արվում է գարնանը կամ աշնանը, երբ հողը նախապատրաստում են հետագա ցանքսի կամ տնկարկի համար։

Մագնեզիումի սուլֆատով սնուցումը կարող է արվել նաև ողջ վեգետացիոն շրջանում՝ ինչպես արմատային, այնպես էլ արտաարմատային սնուցման եղանակով, ընդորում, գարնանը ազոտական եւ ֆոսֆորային պարարտանյութերի հետ համատեղ, մնացած ժամանակ ինքնուրույն:

Սնուցումն արվում է ջրային լուծույթով, չոր հողում պարարտանյութը գրեթե չի աշխատում։ Մագնեզիումի սուլֆատի բյուրեղիկները լավ են լուծվում սենյակային ջերմաստիճանի ջրում։ Պատրաստված լուծույթը անմիջապես են օգտագործում։

Մագնեզիումի եւ/կամ ծծմբի սուր դեֆիցիտի ախտանիշների դեպքում, խորհուրդ է տրվում 2-3 անգամ, 5-7 օրը մեկ կատարել մագնեզիումի սուլֆատով բույսերի սնուցում:

Որպես պրոֆիլակտիկ միջոց, կամ աղքատ և/կամ թթվային հողերում բույսերի աճը խթանելու համար, բավարար կլինի երեք-չորս շաբաթը մեկ սնուցելը։ Առաջին սնուցումն արվում է ինտենսիվ աճի սկզբում, երբ ձևավորված են 4-8 իսկական տերեւներ, հետագայում՝ ծաղկելուց հետո։

Հատապտղային թփերի եւ պտղատու ծառերի համար, դրանց ծաղկելուց հետո, արվում է ամենամյա գարնանային, ընդամենը մեկ արմատային սնուցում։

Մագնեզիումի սուլֆատի կիրառման նորմը կախված է մշակաբույսի և հողի տեսակից ու կազմում է չոր վիճակում 15-100 գ՝ 1 քմ-ին: Ավելի շատ պարարտանյութ պետք է տրվի ավազային, թեթեւ հողերի դեպքում, ավելի քիչ՝ տորֆային կամ ծանր, կավային հողերի:

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը սենյակային բույսեր աճեցնելիս

Կարելի է շաբաթը մեկ անգամ, ջրելուց առաջ մեկ-երկու պտղունց մագնեզիումի սուլֆատ շաղ տալ սենյակային բույսի ծաղկամանի հողի մակերեսին: Իսկ ջրելու կամ ցողելու միջոցով սնուցելիս, լուծույթի խտությունը պետք է լինի 10-20 գ մագնեզիումի սուլֆատ 5 լ ջրի համար։

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը վարդեր աճեցնելիս

Բրիտանացի վարդերի սիրահարները շատ են գնահատում մագնեզիումի սուլֆատը եւ ավանդաբար օգտագործում են վարդեր աճեցնելիս:
Մագնեզիումի սուլֆատով վարդերի սնուցումը ապահովում է վարդերի վառ ու պայծառ ծաղկում, իսկ տերևները ավելի մուգ կանաչ գույն են ստանում։ Բացի այդ, թփերն ավելի դիմացկուն են դառնում վարդերի հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։

Նախքան տնկելը վարդի թփերը թրջում են կես բաժակ մագնեզիումի սուլֆատի՝ 1 գալոն (4,54 լիտր) ջրի լուծույթում։ Դա ամրապնդում է վարդի արմատները։ Բացի այդ, տնկելու փոսի մեջ լցնում են մեկ ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ։

Արդեն աճող վարդերի սնուցման, ինչպես նաև էտված թփերի արագ վերականգնման համար, նույնպես մագնեզիումի սուլֆատ են օգտագործում։ Կես բաժակ մագնեզիումի սուլֆատը լուծում են 4.54 լ ջրի մեջ և այդ լուծույթով ջրում են ձմեռացումից նոր դուրս եկած թփերը ու այնուհետև, ողջ վեգետացիոն շրջանում՝ ամիսը մեկ անգամ։

Լուծույթ պատրաստելու փոխարեն կարելի է ջրելուց առաջ մեկ ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ լցնել թփերի բների շուրջ։

Վարդերի համար վերը նշվածը կիրառելի է բոլոր այլ գեղեցիկ ծաղկող թփերի համար:

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը բանջարեղեն աճեցնելիս

Մագնեզիումի սուլֆատով սնուցումը ավելացնում պղպեղների և լոլիկների բերքատվությունը։ Դրա համար բավական է մեկ թեյի գդալ մագնեզիումի սուլֆատը լուծել 4.54 լ ջրի մեջ և երկու շաբաթը մեկ անգամ ցողել պղպեղի և լոլիկի թփերը։

Մագնեզիումի սուլֆատի կիրառումը պտղատու ծառերի սնուցման համար

Խորհուրդ է տրվում տարին երեք անգամ ծառերի բների շուրջ 3 ճաշի գդալ մագնեզիումի սուլֆատ շաղ տալ։ Դա խթանում է ծառերի աճը և ավելի համեղ են դառնում պտուղները։

Հղումներ

Հանքային պարարտանյութեր

Հանքային պարարտանյութերը ոչ օրգանական միացություններ են, որոնք պարունակում են բույսերի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Հանքային պարարտանյութերով բույսերի սնուցումը օգնում է բարելավել հողի բերրիությունը և առատ բերք աճեցնել:

Հանքային պարարտանյութեր օգտագործելիս պետք է ճշգրիտ պահպանել առաջարկվող չափաքանակները, հակառակ դեպքում վտանգ կա, որ վնաս կհասցվի ինչպես հողին, այնպես էլ բույսերին ու բերքին:

Հանքային պարարտանյութերի չարաշահումը  վտանգավոր է և հանգեցնում է բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական ու արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական պարարտանյութերի կիրառումը:

Հանքային պարարտանյութերը կարելի է բաժանել 5 խմբերի՝

  1. Ազոտական պարարտանյութեր;
  2. Ֆոսֆորական պարարտանյութեր;
  3. Կալիումական պարարտանյութեր;
  4. Միկրոպարարտանյութեր;
  5. Համալիր պարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութերն են՝

  • Կարբամիդը (Միզանյութ, անգլ․՝ Urea, Carbamide, ռուս․՝ Мочевина, Карбамид) H2NCONH2 ամենաշատ ազոտ պարունակող (46.2%) պարարտանյութն է: Լավ լուծվում է ջրում, գործածվում է գարնանը՝ որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Անօգուտ է օդի ցածր դրական ջերմաստիճանի դեպքում։
  • Ամոնիակային բորակը (Ամոնիումի նիտրատ, անգլ․՝ Ammonium nitrate, ռուս․՝ Аммиачная селитра) NH4NO3 Հարմար չէ արտաաարմատային սնուցման համար՝ տերևները կարող են այրվածքներ ստանալ։ Ազոտի պարունակությունը՝ 33%։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Չի կարելի պարարտացնել ձմերուկը, սեխը, դդումը, դդմիկը, վարունգը, քանի որ դրանք նիտրատային ազոտ են կուտակում իրենց մեջ։
  • Կալցիումի բորակը (Կալցիումի նիտրատ, անգլ․՝ Calcium nitrate, ռուս․՝ Кальциевая селитра, Нитрат кальция) Ազոտի պարունակությունը՝ 14.9%
  • Ամոնիումի սուլֆատը (անգլ․՝ Ammonium sulfate, ռուս․՝ Сульфат аммония) Ազոտի պարունակությունը՝ 21%, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև արտաարմատային սնուցման ձևով։  Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։

Ֆոսֆորական պարարտանյութերն են՝

  • Հասարակ սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատի ու կալցիումի սուլֆատի խառնուրդը);
  • Կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ);
  • ֆոսֆորիտային ալյուրը: 

Կալիումային պարարտանյութերն են՝

  • Կալիումի քլորիդը ;
  • Կալիումական աղը [կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl+KCl) խառնուրդը];
  • Կալիումի սուլֆատը ;
  • Կալիումի բորակը :

Համալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Դրանք են՝

  • Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ;
  • Նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ;
  • Նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։

Միկրոպարարտանյութերը պարունակում են բույսերին անհրաժեշտ միկրոտարրեր՝ բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլն։ Դրանք կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների համար։

Հղումներ

Կարբամիդ

Կարբամիդը (Միզանյութ, անգլ․՝ Urea, Carbamide, ռուս․՝ Мочевина, Карбамид) H2NCONH2 քիմիական միացություն է՝ ածխաթթվի երկամիդ: Արժեքավոր ազոտական պարարտանյութ է` պարունակում է 46.2% ազոտ։

Այս նյութը կարեւոր ազդեցություն ունի բույսերի զարգացման գործում։ Բջիջում սպիտակուցը ձեւավորվում է ազոտի մասնակցությամբ: Պարարտանյութը խթանում է կանաչ զանգվածի առատ աճը: Նյութը արագորեն ցնդում է հողից, և բույսերը միայն կեսն են հասցնում կլանել:

Բավարար քանակությամբ ազոտ ստացած բույսերը հարուստ ու փայլուն կանաչ զանգված են ունեում: Ազոտի պակասի դեպքում, բույսերի ընձյուղները նկատելիորեն դանդաղ են զարգանում, իսկ տերևները դեղնում են: Երբ բույսի ցողունն ուժեղ է, մեծ է լինում բողբոջների քանակը, արդյունքում՝ բերքը:

Հոգուտ կարբամիդի օգտագործման բերվում են հետևյալ փաստերը՝

  • Տերեւների հետ շփումը չի առաջացնում այրվածքներ;
  • Ազդեցությունը նկատելի է դառնում արդեն 2 օր հետո (բուսական սպիտակուցի մեջ ազոտի քանակն ավելանում է);
  • Արագ ներծծվում է հողի թթվայնության բարձրացման նկատմամբ զգայուն բույսերի կողմից;
  • Բացի պարարտանյութ լինելուց, այն հիվանդություններից և վնասատուներից պաշտպանելու ունակություն ունի;
  • Գարնանը բույսերը ցողելը դանդաղեցնում է ծաղկունքը, ինչը նվազեցնում է հնարավոր ցրտահարությունների դեպքում ծաղիկների վտամգը;
  • Բարձրացնում է բույսերի բերքատվությունը;
  • Արդյունավետ է․ 1կգ կարբամիդը պարունակում է նույն քանակությամբ սննդանյութեր, որքան 3 կգ նատրիումի նիտրատը կամ 2.25 կգ ամոնիումի սուլֆատը:

Բացասական է համարվում այն, որ՝

  • Կարբամիդի անգրագետ օգտագործումը հողի մեջ քիմիական ռեակցիաներ է առաջացնում` գազային ամոնիակի արտանետմամբ, որը վնասակար է ծիլերի համար;
  • Անհրաժեշտ են պահեստավորման և պահպանման հատուկ պայմաններ;
  • Վատ է համատեղվում մոխրի և կալցիումի, կրաքարի հիման վրա ստեղծված պարարտանյութերի հետ;
  • Հողի մեջ ավելցուկը նվազեցնում է սերմերի ծլողունակությունը:

Հղումներ

Կալիումի մոնոֆոսֆատ

Կալիումի մոնոֆոսֆատը (անգլ․՝ Monopotassium phosphate, ռուս․՝ Монофосфат калия) օգտագործվում է բաց գրունտում, ջերմոցներում և սենյակային պայմաններում աճեցվող բույսերի պարարտացման համար։ Հիանալի արտա-արմատային սնուցիչ է։

Կալիումի մոնոֆոսֆատը պարունակում է 33% կալիում և 52% ֆոսֆատ։ Այս պարարտանյութի բարձր արդյունավետությունը պայմանավորված է դրա պարունակած մաքուր քիմիական տարրերի բույսերի յուրացման մեծ ունակությամբ։ Այս պարարտանյութի կազմում բացակայում են վնասակար տարրերը՝ չկան ծանր մետաղներ, չկա նատրիում կամ քլոր։

Կալիումի մոնոֆոսֆատի դրական ազդեցությունը

  • Խթանում է բույսերի ծաղկելը;
  • Բարձրացնում է բերքատվությունը;
  • Պաշտպանում է շատ հիվանդություններից, բուժում է նույնիսկ ալրացողից (мученистая роса);
  • Բարելավում է պտուղների համը, քանի որ նպաստում է դրանցում քաղցրի ավելացմանը;
  • Երկարաձգում է բանջարեղենի պահպանման ժամկետները;
  • Կալիումի մոնոֆոսֆատով մշակված բույսերն ավելի դիմացկուն են դառնում ցրտի և այլ անբարենպաստ եղանակային պայմանների նկատմամբ։

Կալիումի մոնոֆոսֆատի կիրառման եղանակները

  • Արտաարմատային սնուցման համար պատրաստել 0.2% ջրային լուծույթ։ Այս եղանակով սնուցումն արվում է վաղ առավոտյան կամ երեկոյան։
  • Ծաղիկների և բանջարեղենի սածիլների սնուցման համար 10 լ ջրին խառնել 9 գրամ պարարտանյութ։ Առաջին սնուցումն անում են 3 իսկական տերևներ առաջանալուց հետո, երկրորդը՝ բաց գրունտ կամ առանձին ծաղկամաններ տեղափոխելուց 10-15 օր հետո։
  • Բանջարեղենի սնուցման համար 10 լ ջրին խառնել 6-15 գրամ պարարտանյութ։ Առաջին սնուցումն անում են երբ նոր նոր սկսում են ձևավորվել արմատապտուղներն ու պալարները, երկրորդը՝ 2-3 շաբաթ անց։
  • Հատապտղային թփերի և ծառերի սնուցման համար 10 լ ջրին խառնել 9-15 գրամ պարարտանյութ։ Առաջին սնուցումն արվում է անմիջապես ծաղկելն ավարտվելուց հետո, հաջորդը՝ 2-3 շաբաթ հետո և վերջինը հոկտեմբերին։ Սենյակային բույսերի համար այս սնուցումը երկարաձգում է կոկոնների կյանքը և շատ հարմար է ծաղկման շրջանում սնուցելու համար։ Աշնանային սնուցումը բույսերի ցրտադիմացկունությունը բարձրացնելու համար է։

Խորհուրդ չի տրվում վեգետացիոն շրջանում կալիումի մոնոֆոսֆատով բույսերը երկու անգամից ավել սնուցել։

Ինչպես ինքնուրույն պատրաստել կալիումի մոնոֆոսֆատ

Ինքնուրույն պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ կալիումի և ֆոսֆորի (լուսածին) աղբյուր։

Փայտի մոխիրը ալկալային ռեակցիայով կալիումի կարբոնատի լավ պաշար ունի, իսկ օրթոֆոսֆորական թթուն, որը որպես ֆլյուս լայնորեն օգտագործվում է արճիճով (անագ) զոդման համար, ֆոսֆորի լավ աղբյուր է։ Ուստի՝

  • 0.5 լիտր փայտի մոխրի վրա լցնում են 1 լիտր ջուր և թողնում են 24 ժամ թրմվի։ Այնուհետև ստացված թուրմը, առանց ցնցելու և նստվածքը բարձրացնելու, զգուշորեն լցնում են 3 լիտրանոց բանկայի մեջ։
  • Փոքր չափաքանակներով թուրմի վրա լցնում են օրթոֆոսֆորական թթուն՝ այնքան ժամանակ քանի դեռ արդյունքում ֆշշալով ածխաթթու գազ է արտազատվում։

Գործընթացը տևում է 15-20 րոպե և սպառվում է 60-120 մլ օրթոֆոսֆորական թթու։

Առանց հատուկ սարքավորման շատ դժվար է պարզել ստացված պարարտանյութի խտությունը։ Պարարտանյութի պատրաստման այս մեթոդի հեղինակները առաջարկում են 0.5-1.0 բաժակ լուծույթը բացել 10լ ջրով և անվտանգ սնուցել բույսերը։

Հղումներ