Category Archives: Ագրոտեխնիկա

Սուկինաթթու

Սուկինաթթուն (CH2)2(CO2H)2 (անգլ․՝ Succinic acid, ռուս․՝ Янтарная кислота) կազմված է սպիտակ, անհոտ, թթվաշ բյուրեղիկներից։ Առաջին անգամ այս նյութը ստացվել է XVII դարում՝ բնական սաթից։

Սուկինաթթուն բավականին արագ լուծվում է գոլ ջրում։ Օգտագործվում է ինչպես բժշկության, այնպես էլ այգեգործության մեջ։ Չափավոր օգտագործման դեպքում, մարդու, կենդանիների կամ բույսերի համար վտանգավոր չէ։ 

Վաճառվում է դեղատներում՝ դեղահաբերի տեսքով և ագրոքիմիական խանութներում՝ փոշու տեսքով։

Այս նյութը կարգավորում է հողի միկրոֆլորան, օգնում է բույսներին ավելի արդյունավետ յուրացնել սննդարար նյութերը և պարարտանյութերը, խթանում է աճը, բողբոջման պրոցեսները,  հիանալի է ազդում սենյակային բույսերի վրա, ինչպես նաև բարձրացնում է բանջարանոցային բույսերի բերքատվությունը:

Սուկինաթթուն պարատանյութ չէ, ուստի դրա կիրառումը չի վերացնում օրգանական կամ հանքային պարարտանյութերով բույսերի սնուցման անհրաժեշտությունը։

Սուկինաթթվի կիրառումը

Սերմերի մշակում

0.4 գրամ սուկինաթթուն (4 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։  Ցանելուց առաջ սերմերը 12-24 ժամ թրջում են այդ լուծույթի մեջ։ Բույսերը մշակումից հետո աճում են ավելի լավ և առողջ։ 

Բույսերը ցողելու համար

Առողջ ու գեղեցիկ բույսեր ունենալու համար, 0.1 գրամ (1 հաբ) սուկինաթթուն (փոշի կամ հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Այդ լուծույթով ցողում են սենյակային բույսերը կամ լվանում են դրանց տերևները։

Ավելացնելով ամոնյակ կարելի է բույսերը ցողելու համար պատրաստել ավելի ուժեղացված և արդունավետ լուծույթ (ամոնյակի սուկցինատ)․
0.2-0.3 գրամ սուկինաթթու (2-3 հաբ) + 2 մլ ամոնյակի 10%-նոց լուծույթ + 1 լիտր ջուր։

Բույսերը ջրելու համար

0.2-0.3 գրամ սուկինաթթուն (2-3 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։  Հասուն բույսերը ջրում են շաբաթը մեկ անգամ՝ մինչև բույսի առողջանալն ու ամրապնդվելը։ 

Խոլորձների (орхидея) համար

Սուկինաթթվի կանոնավոր կիրառումը ավելացնում է խոլորձի սթրեսադիմացկունությունը, ամրություն է հաղորդում տերևներին և երկարաձգում է բույսի ծաղկման շրջանը: Բացի այդ, վերականգնվում է հողի թթվաալկալային հավասարակշռությունը,ինչը նպաստում է, որ խոլորձներն ավելի առողջ լինեն:

0.2 գրամ սուկինաթթուն (2 հաբ) լուծում են քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում են մոտ 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ Այդ լուծույթով ջրում կամ ցողում են խոլորձները, կամ լվանում են դրանց տերևները։

Անհետաձգելի, արագ բուժման համար կարելի է սուկինաթթվի քնակը հասցնել 0.4 գրամի (4 հաբի)։

Իրականում կիրառման մի քանի արդյունավետ տարբերակներ կան.

Արմատների համար. Խոլորձը տեղափոխելիս, արմատը թաթախում են սուկինաթթվի լուծույթի մեջ, ինչն օգնում է բույսին հարմարվել և կանխում է փտելը։ Սուկինաթթվի 1 հաբը լուծում են 0,5 լիտր ջրի մեջ և բույսի արմատը 30 րոպեով իջեցնում են լուծույթի մեջ, այնուհետև չորացնում օդում։ Դրանից հետո բույսը տնկում են նոր սուբստրատով ծաղկամանի մեջ։ Մի քանի շաբաթ անց կհայտնվեն նոր արմատները։

Տերևների համար. Խոլորձների սուկինաթթվով սաղարթային մշակումը ամենից հաճախ հանգում է տերևները լուծույթով սրբելուն։ Այդպիսով դրանք արագ կլանում են օգտակար նյութերը։ Այս մեթոդը հատկապես արդյունավետ է, եթե տերևները կնճռոտված են և դեղնած։ Անհրաժեշտ է սուկինաթթվի 1 հաբը լուծել 1 բաժակ ջրի մեջ, լուծույթով թրջել բամբակյա սկավառակը և դրանով սրբել տերևները։ Դա անում են ամեն առավոտ՝ մինչև բույսի տուրգորը վերադառնա: Բացի սրբելուց, կարելի է ցողել ծաղիկը: Լուծելու չափաբաժինն այս դեպքում՝ 1 հաբը 0,5 լ ջրին։ Ծաղկելը խթանելու համար բույսերը ամեն օր են ցողում, բուժելու համար՝ 2 օրը մեկ անգամ, իսկ որպես կանխարգելիչ միջոց՝ շաբաթական 1 անգամ։

Ջրելու համար. Սուկինաթթվի 1 հաբը լուծում են 1 լիտր ջրի մեջ և բարակ շիթով, դանդաղ ջրում են խոլորձը մինչև ողջ սուբստրատի թրջվելը։

Սուկինաթթվից պատրաստված լուծույթները խորհուրդ չի տրվում 3 օրից ավել պահել։
Եթե սուկինաթթվի լուծույթը ընկել է աչքի մեջ, պետք է աչքը անմիջապես լվանալ մեծ քանակությամբ մաքուր ջրով, կարմրությունների, քորի դեպքում, պետք է դիմել բժշկի։ Մեծ քանակությամբ սաթաթթու խմելու դեպքում նույնպես շտապ պետք է դիմել բժշկի։ 

Արտաքին հղումներ

Սերմերի սկարիֆիկացիան տնային պայմաններում

Սերմերով բազմացման ձևը, արագությամբ և որակով հաճախ զիջում է վեգետատիվ բազնմացման ձևին։ Սակայն, կան իրավիճակներ, երբ դա միակ հնարավոր տարբերակն է։

Որոշ բույսերի սերմեր սկսում են ծլել ու աճել հենց հայտնվում են խոնավ հողում, մյուսներինը պահանջում են նախնական մշակում: Փափուկ կեղևով սերմերին անհրաժեշտություն է ծագում ենթարկել ստրատիֆիկացիայի, իսկ ի՞նչ անել պինդ, անջրաթափանց կեղևով սերմերի հետ։ Օրինակ, լոտոսի սերմերը կարող են աճել մայրական բույսից առանձնանալուց հարյուր տարի անց: Նման իրավիճակում այգեպանները դիմում են սերմերի սկարիֆիկացիային։

Ինչ է սկարիֆիկացիան

Սերմերի սկարիֆիկացիան դրանց պինդ կեղևը վնասելն է կամ մաշեցնելը՝ որպեսզի հեշտանա միջուկի ծլելը։ Բնության մեջ սերմերը ենթարկվում են բնական սկարիֆիկացիայի՝ օդի, հողի ջերմաստիճանի եւ խոնավության տատանումների։  Դա երկարատև և ոչ վերահսկելի գործընթաց է, ինչի արդյունքում սերմը կարող է նաև վատ արտաքին պայմաններում ծլել և մահանալ։ Արհեստական՝ հարկադիր սկարիֆիկացիայի միջոցով այգեպաններն արագացնում և վերահսկելի են դարձնում հաստ կեղևով, դժվար ծլող սերմերի աճը։

Ուշադրություն։ Բարեբախտաբար, խանութներում վաճառվող սկարիֆիկացիա պահանջող սերմերը, որպես կանոն, արդեն սկարիֆիկացված են լինում։

Սերմերի մեխանիկական սկարիֆիկացիա

Մեխանիկական սկարիֆիկացիա կիրառում են առավել պինդ պատյան ունեցող սերմերի վրա։ Արտադրական քանակների դեպքում, հատուկ սկարիֆիկատորներ են օգտագործում, իսկ տան պայմաններում օգտագործում են ձեռքի տակ եղածը՝ եղունգի խարտոցիկ, եղունգ կտրելիք, դանակ, խարտոց և այլն։ Գործել պետք է զգույշ և նրբորեն։ Խնդիրը ոչ թե միջուկն ամբողջությամբ հանելն է, այլ կեղևը վնասելով, պատերը բարակեցնելով, ծլելը հեշտացնելը։ Միջին չափսի սերմերը կարելի է մշակել ավազաթղթով, իսկ փոքր սերմերը կարելի է խառնել ավազի հետ և տրորելվ մաշեցնել։

Սերմերի ջերմային սկարիֆիկացիա

Սերմերի ջերմային սկարիֆիկացիայի հիմքում ընկած է ջերմությամբ ներազդումը սերմերի վրա: Ընդորում, առավել արդյունավետ է բարձր եւ ցածր ջերմաստիճանների իրար հաջորդելը։ Կախված մշակվող սերմերի տեսակից, ջերմային սկարիֆիկացիայի մի քանի տեսակներ են կիրառվում։ Օրինակ, բուրավետ ոլոռի սերմերին անհրաժեշտ է եռման ջրով էքստրեմալ ջերմային հարված տալ, որից հետո 24 ժամով լցնել սառը ջրի մեջ։ Իսկ ալոճենու սերմերի համար այդ մշակումը մի քանի անգամ են կրկնում: Սերմերը լցնում են մարլյաից տոպրակի մեջ և, 3-5 անգամ՝ մինչև սերմերի ուռչելը, հաջորդաբար, 30-60 վայրկյանով ընկղմում են տոպրակը եռման, այնուհետև սառը ջրի մեջ։ Իսկ Գնարբուկի (Primula, Примула) սերմերը ավելի նուրբ և երկարատև սկարիֆիկացիայի կարիք ունեն։ Սերմերը լցնում են սառը ջրով բաժակի մեջ, բաժակը 12 ժամ տաք տեղ են դնում, հետո 12 ժամով տեղափոխում են սառը տեղ։ Եվ այդպես մոտ մեկ շաբաթ՝ մինչև սերմերը ծիլ տան։

Սերմերի քիմիական սկարիֆիկացիա

Քիմիական սկարիֆիկացիան՝ սերմերը թթուներով մշակելն է։ Որպես կանոն, տնային պայմաններում քիմիական սկարիֆիկացիա չեն անում։ Բայց, պետք իմանալ, որ բնության մեջ իրականում քիմիական սկարիֆիկացիա տեղի ունենում է։ Որոշ սերմեր (օրինակ, ալոճենու, մասրենու) ծլում են միայն թռչունների ստամոքսահյութերով սկարիֆիկացվելուց հետո։ Քիմիական սկարիֆիկացիայի համար օգտագործում են 3%-նոց ծծմբային լուծույթ կամ աղաթթու։ Այս մեթոդը վտանգավոր է և պահանջում է անվտանգության տեխնիկայի խիստ պահպանում։ Պետք չէ մոռանալ ձեռքերի եւ դեմքի պաշտպանության մասին, նաեւ հիշել քիմիայի կանոնը՝ թթուն են լցնում ջրի մեջ՝ ոչ հակառակը։ Սերմերը քիմիական սկարիֆիկացիայի ենթարկում են ոչ ավելի, քան 12 ժամ, որից հետո լավ լվանում են հոսող ջրով:

Սերմերի ճիշտ արված սկարիֆիկացիան թույլ է տալիս առողջ եւ ուժեղ բույսեր աճեցնել:

Արտաքին ղումներ

Քացախի կիրառումը բույսեր աճեցնելիս

Քչերը գիտեն, որ բոլորին հայտնի քացախը նաև լավ կիրառություն կարող է ունենալ այգեգործությունում և սենյակային բույսեր աճեցնելիս։

1․ Քացախը սերմերի ծլելը արագացնելու համար

9%-անոց քացախը, 1։9-ին հարաբերակցությամբ, բացում են ջրով։ Ստացված լուծույթի մեջ մարլյա կամ այլ կտոր են թրջում և դրա մեջ փաթաթում են մշակվող սերմերը։ Մշակման տևողությունը հետեւյալն է՝

  • 24 ժամ՝ մաղադանոսի, սամիթի, գազարի, վայրի գազարի և այլ դժվար ծլող սերմերի համար;
  • 12 ժամ՝ լոլիկի, պղպեղի եւ սմբուկի սերմերի համար;
  • 7-8 ժամ՝ վարունգի, դդումի եւ ցուկկինի սերմերի համար:

Այնուհետև սերմերը մի փոքր չորացնում են ու ցանում։

2. Քացախը վնասատուների դեմ պայքարում

Քացախը կարող է պաշտպանել բույսերը կոլորադոյի բզեզից, ուտիճներից, խաչածաղկավոր լվերից, կաղամբի թրթուրներից, վնասատու ճանճերից և այլն: Առավել արդյունավետ է մշակումը սեզոնի սկզբում՝ երբ վնասատուների թիվը դեռ մեծ չէ։ Միջատները ստիպված կլինեն հեռանալ՝ կյանքի համար ավելի բարենպաստ պայմաններ գտնելու համար: Քացախի լուծույթը կարող է օգտագործվել նաեւ որպես կանխարգելիչ միջոց: Սուր հոտը վանում է վնասատուներին եւ թույլ չի տալիս, որ ձվադրում անեն այգու տերևների վրա։

  • Կոլորադոյի բզեզի դեմ։ 100 մլ 9%-անոց քացախը լուծում են 10 լիտր ջրի մեջ, ավելացնում են 200 գ մանանեխի փոշի: Ոչ անձչևային, քամու բացակայությամբ ժամին ցողում են կարտոֆիլի թփերը և շրջակա հողը: Լուծույթը կբավարարի առնվազն 100 մ2 տարածք մշակելու համար։
  • Ուտիճների դեմ։ 150 մլ 9%-անոց քացախը լուծում են ջրի դույլում եւ ցողում են հարձակման ենթարկված բույսերը։
  • Խաչածաղկավոր լվերի, կաղամբի թրթուրների դեմ։ 30 մլ 9%-անոց քացախը խառնում են 8 լիտր ջրի հետ և ցողում են կաղամբի, բողկի, բողկիկի, դայկոնի տնկարկները։
  • Լորձնէակների դեմ։ 100 մլ խնձորի քացախը բացում են 300 մլ ջրով և ցողում են հարձակման ենթարկվող տնկարկը։ Մշակումը 3-4 օրը մեկ կրկնում են՝ մինչեւ վնասատուները անհետանան: Տես նաև՝ “ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԼՈՐՁՆԷԱԿՆԵՐԻ ԴԵՄ” հոդվածը։
  • Մրջյունների դեմ։ 1 լ 9%-անոց քացախը խառնում են 1 լ ջրի հետ և լցնում են մրջնաբույնի մեջ:

3. Քացախը սնկային հիվանդությունների դեմ պայքարում

Բույսերը հաճախ են տառապում սնկային հիվանդություններից։ Մանավանդ ցուրտ ու անձրևոտ եղանակներին, բերքը վտանգի տակ է լինում: Քացախաթթուն կարող է կանխել սնկերի զարգացումը։ Թթվային միջավայրում սնկերը մահանում են և չեն կարող բազմանալ: Քացախի լուծույթով կարելի է մշակել լոլիկի, վարունգի, ցուկկինիի թփերը, դեկորատիվ բույսերը, ինչպես նաև պտղատու թփեր և ծառեր։

Մշակումն անելու համար, 120 մլ 9%-անոց քացախը խառնում են 10 լ ջրի հետ և ցողում են բույսերը։ Հիվանդ բույսերը մշակում են 5-7 օրը մեկ։

Այս նույն միջոցը կարելի է կիրառել ֆիտոֆտորոզի, ալրացողի և մի քանի այլ հիվանդությունների կանխարգելման համար։

5․ Քացախը՝ մոլախոտերի դեմ

Մեկ լիտր եռացրաց ջրին ավելացնում են 75 մլ 9%-անոց քացախ, 40 գ աղ եւ 1 ճաշի գդալ հեղուկ օճառ: Այնուհետև ստացված հեղուկը խառնում են, թողնում են սառչի և դրանով ցողում են մալախոտերը։ Այդ հեղուկով մշակելուց հետո, բավականին արագ վերանում են մատղաշ մոլախոտերը, իսկ հասուն մոլախոտերը՝ շնորհիվ հզոր արմատների, կարող են դիմակայել և անհրաժեշտ կլինի կրկնել մշակումը։

Ուշադրություն։ Պետք է ուշադիր լինել հարևան օգտակար մշակաբույսերը ակամա չվնասելու համար։

6․ Քացախը, որպես պարարտանյութ

Բարձր թթվայնություն ունեցող հող սիրող բույսերի, օրինակ, հորտենզիայի (гортензия), հավամրգու (вереск), լեռնավարդի (азалия) համար քացախաջուրը կարող է առատ ծաղկելու լավ խթանիչ լինել։

100-120 մլ 9%-անոց քացախը խառնում են 10 լիտր ջրի հետ և, բողբոջելու փուլից մեկ ամիս առաջ, սկսում են ջրել բույսերը։ Շարունակում են 7-10 օրը մեկ ջրել և դադարեցնում են երբ բացվում են առաջին ծաղիկները:

Ի դեպ։ Կտրված ծաղիկների թարմությունը երկարաձգելու համար, ծաղկամանի ջրին ավելացնում են 1-2 ճաշի գդալ 9%-անոց քացախ։

7. Քացախը՝ հողի թթվայնությունը պարզելու համար

Հողի թթվայնությունը հողագործությունում կարևոր ցուցանիշներից մեկն է։ Թթվայնությունը որոշելու բազմաթիվ մեթոդներ և սարքեր կան, սակայն դա արագ եւ էժան կարելի է անել քացախի օգնությամբ։

Մոտ 30 սմ խորությունից վերցնում են մոտ 1 ճաշի գդալ այգու հող, լցնում են սև ցելոֆանի կամ ապակու վրա, որպեսզի արդյունքը այդ ֆոնին լավ տեսանելի լինի։ Այնուհետև վերցված հողի վրա մի քիչ քացախ են լցնում: Եթե պղպջակներ կամ փրփուր է գոյանում, ապա հողը ալկալային է, թույլ թշշոցի ու աննշան փրփուրի դեպքում՝ չեզոք է: Իսկ եթե ոչ մի ռեակցիա չկա, ուրեմն հողը թթվային է:

Վերջում առանձին փայտի քացախի մասին

Փայտի քացախը (անգլ․՝ wood winigar, ռուս․՝ древесный уксус) էականորեն տարբերվում է սովորական քացախից. նույնիսկ հոտը բոլորովին այլ է։ Պատրաստվում է պիրոլիզի միջոցով, երբ այրում են ընկույզի եւ/կամ պնդուկի կճեպը, այնուհետև սառեցնում եւ խտացնում են ծուխը: Պատրաստի փայտի քացախը բաց շագանակագույն հեղուկ է։

Փայտի քացախը լավ ընտրություն է նրանց համար, ովքեր իրենց այգու եւ բույսերի համար ցանկանում են կիրառել 100% բնական պարարտանյութ։ Այն բույսերի բիոխթանիչ է, օգնում է արմատներին ջուր սննդանյութերի կլանել: Փայտի քացախը թթվի խտանյութ է ph2,5-3,0 թթվայնությամբ։ Այն պարունակում է բազմաթիվ կարևոր բաղադրիչներ, որոնք նպաստում են բույսերի առողջ աճին:

Գյուղատնտեսության եւ այգեգործության մեջ փայտի քացախի կիրառման բազմաթիվ ձևեր կան, մասնավորապես՝

  • Հողի հարստացման համար։ Փայտի քացախը 1:200 հարաբերակցությամբ բացում են ջրով և, որևէ բան տնկելուց առաջ, 1 լ՝ 1 մ2-ին հաշվարկից ելնելով, ջրջնում են հողը;
  • Բույսերի սնուցման համար։ Ամիսը մեկ անգամ փայտի քացախը 1:200 հարաբերակցությամբ բացում են ջրով ևցողում են բույսերի տերևները;
  • Սերմերի նախապատրաստման համար։ Ծլողունակությունը բարձրացնելու համար, սերմերը 24 ժամ թրջում են 1:200 հարաբերակցությամբ ջրով բացված փայտի քացախի լուծույթում;
  • Կոմպոստի արագ հասունացման համար։ Կոմպոստի կույտը ջրում են 1:50 հարաբերակցությամբ ջրով բացված փայտի քացախի լուծույթով։

Փայտի քացախի օգտագործունից օգուտները բազմաթիվ են և ներառում են հետևյալները՝

  • Ամրապնդվում է բույսերի արմատային համակարգը;
  • Բարձրանում է սերմերի ծլողունակությունը;
  • Մշակված ծառերի մրգերը շաքարի ավելի բարձր պարունակություն եւ բարձր որակ են ունենում;
  • Բարձրանում է բույսերի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ;
  • Խթանվում է դեկորատիվ բույսերի ծաղկելը;
  • Արագանում է կոմպոստի հասունացումը;
  • Կանխարգելվում են բույսերի բակտերիալ հիվանդությունները;
  • Խթանվում է բանջարեղենի աճը;
  • Բարձրացնում է հողի բերրիությունը։

Փայտի քացախի կիրառումը սթրեսային իրավիճակներում

Սենյակային բույսերի փորձառու խնամողների կարծիքով, փայտի քացախով մշակումը հատկապես օգտակար կարող է լինել սթրեսային իրավիճակում գտնվող բույսերի համար։ Օրինակ, բույսերը այլ տեղ տեղափոխելուց հետո, պահման պայմանների կտրուկ փոփոխության դեպքում, ծաղկամանը փոխելիս կամ այլ տեղում տնկելիս։ Ասում են նաև, որ այս միջոցը կարող է շատ կարճ ժամանակահատվածում բառացիորեն վերակենդանացնել ճնշված վիճակում գտնվող բույսը:

Քանի որ փայտի քացախը օրգանական արտադրանք է, այն մարդկանց եւ կենդանիների համար վտանգ չի ներկայացնում: Նաև սուր հոտ չունի:



Արտաքին հղումներ

Ներգործուն մանրէների տեխնոլոգիա

Ի՞նչ է ներգործուն մանրէների տեխնոլոգիան՝ ՆՄ տեխնոլոգիան

ՆՄ տեխնոլոգիան (անգլ․՝ Effective microorganisms technology [EM technology], ռուս․՝ технология эффективных микроорганизмов [ЭМ технология]) հողագործական գործընթաց է, որով, ներգործուն մանրէների օգտագործմամբ, հողը պահվում է կենսաբանորեն ակտիվ վիճակում: Արդյունքում հողը առողջանում է և բերրի դառնում, ինչը թույլ է տալիս առատ, որակյալ և էկոլոգիապես մաքուր բերք ստանալ։

ՆՄ տեխնոլոգիան օրգանական հողագործության հենասյուներից է: Դրա կիրառումը թույլ է տալիս՝

  • էականորեն նվազեցնել կամ ընդհանրապես հրաժարվել հանքային պարարտանյութեր օգտագործելուց;
  • էականորեն բարելավել հողի կառուցվածքը, դարձնել այն փխրուն ու թափանցիկ օդի և ջրի համար;
  • արագացնել հողում գտնվող օրգանական նյութերի ֆերմենտացիան;
  • ամրապնդել բույսերի իմունային համակարգը, բարձրացնել կայունությունը հիվանդությունների նկատմամբ;
  • պաշտպանել բույսերը վնասատուներից;
  • բույսերի հզոր արմատներ ձևավորել, բարձրացնել դրանց ցրտադիմացկունությունը:

Ներգործուն մանրէների տեխնոլոգիայի կիրառումը ենթադրում է օրգանական հողագործության հետևյալ հետևյալ կանոններին հետևելը՝

  1. Հողը չեն փորում։ Միայն մակերեսային (5-10 սմ) փխրեցում կարելի է անել։ Հողի տարբեր շերտերում, տարբեր տիպի բակտերիաներ են բնակվում։ Խոր փորելը խորքի, 15 սմի-ից ներքև ապրող, անաէրոբ բակտերիաները դուրս է բերում մակերես, որտեղ դրանք չեն կարող ապրել և հակառակը՝ աէրոբներին ուղարկում է խորք՝ խեղդվելու։ Խախտվում ու խցանվում են նաև հողի “շնչառական ուղիները”։
  2. Բաց, մերկ, պարապ հող չպետք է լինի այգում։ Ազատ տեղ առաջանալու դեպքում, եթե աճեցնելու այլ բան չկա, հողը կամ պետք է ցանքածածկվի (մուլչապատվի) կամ էլ սեդերատներ ցանվեն։
  3. Հրաժարում քիմիայից և հանքային պարարտանյութերից; Ցանկացած քիմիական սնուցում թմրանյութի ազդեցություն ունի հողի վրա։
  4. Օրգանական պարարտանյութերը չեն թաղում հողի մեջ՝ փռում են մակերեսին՝ ցանքածածկի տակ։ Աճեցվող բույսերի արմատներից հեռու, ցանքածածկի տակ կարելի է նաև առողջ թռջնի, կովի, ձիու թարմ գոմաղբ հողին շաղ տալ։
  5. Կերակրում են ոչ թե բույսերը այլ հողի կենդանական աշխարհը՝ սկսած օգտակար միկրոօրգանիզմներից, վերջացրած որդերով։ Դրանց կենսագործունեության արդյունքներն են ապահովում բույսերին աճի և բերքատվության համար անհրաժեշտ նյութերով։

Վերը թվարկված կանոնների 5-րդ կետի կարևորությունը պայմանավորված է հետևյալով։

Բնական պայմաններում, օրինակ անտառներում, ոչ ոգ հոգ չի տանում վայրի ծառերի, թփերի, ծաղիկների նկատմամբ։ Ոչ ոք չի փորում, փխրեցնում կամ պարարտացնում հողը։ Տեղի են ունենում ինքնակարգավորվող գործընթացներ։ Տերևները, չոր ճյուղերը, մեռած բույսերն ու փոքր ու մեծ կենդանիները հայտնվում են հողի մակերեսին, որտեղ միլիարդավոր մանրէներ վերամշակում են դրանք։ Վերամշակվածը, ինչպես նաև մշակողներին ուտում են քիչ ավելի մեծ էակները և նոր վերամշակում է տեղի ունենում։ Վերջնարդյունքում հողում առաջանում են բույսերի համար անհրաժեշտ, ի տարբերություն հանքային պարարտանյութերի, շատ ավելի հեշտ յուրացվելի տարրեր, որոնք էլ ապահովում են բույսերի կյանքը։

Ավելին, կենսագործունեության ընթացքում այդ միլիարդավոր մանրէները արտադրում են բույսերի համար կենսական անհրաժեշտություն ունեցող ածխածին գազ։

Եթե այգեգործին հաջողվում է վերը նկարագրված բնական գործընթացների ավելի ինտենսիվ տարբերակը ներդնել իր այգում, ապա թե՛ առատ ու որակյալ բերքն է ապահովվում, թե՛ հողն է միշտ առողջ ու բերրի մնում, թե շրջակա միջավայրին ոչ մի վանաս չի հասցվում։

Ցանկացած տիպի հողի դեպքում, եթե ցանքացածկի ու օրգանական պարարտանյութերի տեսքով մշտական սնունդ ապահովվի մանրէների համար, նույն ցանքածածկի ու ժամանակին ջրելու միջոցով հարմարավետ խոնավություն ու կիզիչ արևից պաշտպանություն լինի, շատ շուտ կստացվի առողջ, փխրուն ու բերրի հող։

Բնականաբար, ոչ բոլոր միկրոօրգանիզմներն են օգտակար հողի ու բույսերի համար։ Խնդիրը հենց օգտակարներին բազմացնելու և դրանց քանակով վնասակարներին ճնշելու ու վանելու մեջ է։

Տերուո Հիգա (Teruo Higa)

Մոտ կես դար առաջ, ճապոնացի գիտնական Տերուո Հիգային (Teruo Higa) հաջողվեց ոչ միայն առանձնացնել մի խումբ օգտակար միկրոօրգանիզմներ, այլև հայտնագործել, որ դրանք, մի մասը լինելով անաէրոբ, մյուսը՝ աէրոբ, կարող են սիմբիոզ կազմել ու հրաշքներ գործել։

Տարբեր տեսակի 80 միկրոօրգանիզմներից կազմված այդ սիմբիոզին, որում ընդգրկված են կաթնաթթվային և ֆոտոսինթեզող մանրէներ, խմորիչներ, ակտինոմիցեթներ (actinomycets), սնկեր, գիտնականը անվանեց «ՆՄ Ներգործուն մանրէներ» («EM» – Effective Microorganisms)։

Իր կյանքի ընթացքում պրն․ Հիգան ստեղծեց տարբեր ոլորտներում կիրառվող ՆՄ մի քանի ենթատեսակներ։ Հիմա, տարիներ անց, բացի հողագործությունից, «ՆՄ» տեխնոլոգիան կիրառում է գտել բազմաթիվ այլ ոլորտներում՝ սկսած բժշկությունից, վերջացրած շինարարությունով։

ՆՄ տեխնոլոգիան լայն կիրառում է գտել աշխարհի շատ երկրներում։ Ռուսաստանում մեծտարածում են գտել ՆՄ սեփական, ըստ մասնագետների, ավելի պարզունակ տեսակները։ Վաճառքում, մասնավորապես, կարելի է գտնել՝

  • Байкал ЭМ-1
  • Сияние 1,2,3
  • “ЭМ-БИО” Восток ЭМ-1
  • Бокаши
  • Тамир биозащита (биофунгицид)
  • Тамир биобарьер (биоинсектицид)

Անշուշտ, Համացանցի միջոցով կարելի է գտնել և գնել ճապոնական, ամերիկյան, չինական և այլ երկրների արտադրած ՆՄ պատրաստուկներ։

ՆՄ պատրաստուկների հետ աշխատելու մի քանի ընդհանուր կանոններ կան՝

  • պետք է հաշվի առնել, որ դրանք կենդանի օրգանիզմներ են պարունակում, ուստի սառեցնել, կարճատև ցրտահարել, կիզիչ արևի կամ բառձր ջերմաստիճանի ազդեցության տակ թողնել չի կարելի;
  • լուծույթներ պատրաստելիս, պետք բացառել ծորակի քլորացված ջուր օգտագործելը;
  • բույսերի և հողի մշակումը ՆՄ պատրաստուկներով կատարվում է անմիջապես պատրաստելուց հետո, առավելագույնը մեկ օրվա ընթացքում;
  • լուծույթներ պատրաստելիս, պետք է օգտագործել պլաստիկ, ապակյա կամ էմալապատ տարա։

Ձեռք բերված ՆՄ պատրաստուկներից յուրաքանչյուրն ունենում է դրանց հետագա պատրաստման (ակտիվացման, միկրոօրգանիզմների արթնացման), չափաբաժինների և կիրառման եղանակների մասին կից հրահանգներ։

Ընդհանուր առմամբ ՆՄ պատրաստուկները այգեգործությունում կիրառվում են՝

  • սերմերի եւ տնկանյութի նախնական մշակման համար;
  • հողի հարստացման համար;
  • ՆՄ կոմպոստի պատրաստման համար;
  • բույսերի արտաարմատային կամ արմատային սնուցման համար;
  • մոլախոտերի վերացման համար։

ՆՄ օգտագործմամբ պատրաստում են նաև բոկաշի թեփ (մերան), որի պատրաստման ու օգտագործման ոլորտների մասւն կարող եք կարդալ պարտիզպանի «Բոկաշի» հոդվածում։

ՆՄ տեխնոլոգիային առընչվող պարտիզպանի այլ հոդվածներ էլ կան՝

Նատրիումի գլուտամատ

Նատրիումի գլուտամատը (անգլ․՝ Monosodium glutamate [MSG], չին․՝ 味精, ռուս․՝ Глутамат натрия, լատ․՝ Natrii glutamas) համային հատկությունները

բարելավող սննդային հավելանյութ է (E621):

Այն սպիտակ, բյուրեղային փոշի է, որը հեշտությամբ լուծվում է ջրի մեջ։ Որպես սննդային հավելում օգտագործելը պայմանավորված է նրանով, որ այն փոխանցում է հիմնական համերից մեկը՝ ումամի, կամ այսպես կոչված «մսի համը»՝ ի շարս քաղցրից, աղիից, թթուից և դառից։

Նատրիումի գլուտամատի կիրառումը որպես պարարտանյութ

Անտեղյակները սովորաբար զարմանում են լսելով, որ նատրիումի գլուտամատը կարելի է օգտագործել որպես պարարտանյութ: Սակայն, չնայած որպես սննդային հավելված իր ոչ այնքան լավ համբավին, նատրիումի գլուտամատը լայնորեն ու հաջողությամբ կիրառում են սենյակային բույսերի սնուցման համար։

Նատրիումի գլուտամատը լավ պարարտանյութ է, քանի որ այն պարունակում է.

  • ազոտի, ֆոսֆորի և կալիումի համեմատաբար մեծ պաշար;
  • այնպիսի տարրեր, ինչպիսիք են ամոնիումը, սուլֆատը, կալցիումը, մագնեզիումը, օրգանական նյութերը:
  • մի շարք ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի աճի համար:

Բոլոր վերը թվարկվածները կարևոր սննդանյութեր են բույսերի առողջ աճի համար։ Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր հատուկ դերը.

  • Ազոտն օգնում է բույսին իր համար սնունդ ստեղծել ֆոտոսինթեզի միջոցով:
  • Ֆոսֆատները խթանում են արմատների աճը, մեծացնում են այլ սննդանյութերի կլանումը և ծաղկման խթանիչն են:
  • Կալիումը օգնում է բույսերին ավելի արագ աճել և կարգավորում է նյութափոխանակության գործընթացները, որոնք անհրաժեշտ են մրգերի և սերմերի զարգացման համար:
  • Օրգանական նյութերը կարող են բարելավել հողը և օգնում են ջրի և սննդանյութերի պահպանմանը: Դրանք նաև նպաստում են հողում օգտակար օրգանիզմների բազմացմանը, որոնք, իրենց հերթին, օգնում են պարարտանյութի արդյունավետ կլանմանը:
  • Ամինաթթուները նպաստում են բերքի առողջությանը և երկարացնում են պահպանման ժամկետները:
  • Ծծումբը ախտահանում է հողը և օժանդակում է ազոտի արդյունավետ կլանմանը:
Ուշադրություն։ Նատրիումի գլուտամատի մեծ քանակությունը կարող է սպանել բույսին։ Միայն չափավոր քանակությունն է օգտակար որպես պարարտանյութ:

Լուծույթը պատրաստելը

  • Փոքր և մինչև 1 տարեկան բույսերի համար 1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնում են 4 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և սնուցում են բույսերը 2 շաբաթը մեկ անգամ։
  • Խոշոր կամ 1 տարեկանից մեծ բույսերի համար 0.5-1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնում են 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և սնուցում են բույսերը շաբաթական մեկ անգամ։

Սնուցումը կարելի է կատարել ինչպես ջրելու, այնպես էլ բույսի սաղարթը ցողելու միջոցով: Սնուցման լավագույն ժամանակը ուշ երեկոն է:

Խոլորձների սնուցման համար խորհուրդ է տրվում 1 թեյի գդալ նատրիումի գլուտամատը խառնել 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ և դրանով ցողել բույսի արմատներն ու տերևները։

Հղումներ

Կանաչ օճառ

Կանաչ օճառը կամ կալիումային օճառը (անգլ․՝ Potassium soap կամ Potash soap, ռուս․՝ Зеленое мыло) հատուկ տեսակի օճառ է, որն ունի երկու գործառույթ՝ որպես օճառ, այն օգտագործվում է մաքրելու համար, միևնույն ժամանակ միջատասպան միջոց է:

Կանաչ օճառը հիմնականում օգտագործվում է վնասատուներից և հիվանդություններից մրգատու, բանջարեղենային և սենյակային բույսերը պաշտպանելու համար: Օճառային հիմք ունենալով այն հեշտությամբ ծածկում և երկար մնում է մշակվող մակերեսների վրա։ Առաջացող բարակ թաղանթը պաշտպանում է բույսերի տերևներն ու ճյուղերը վնասատուներից և սնկերից։

Կանաչ օճառը պարունակում է միայն բնական բաղադրիչներ: Չնայած իր անվանը, այն իրական օճառ չէ, բայց ճարպաթթուների կալիումային աղերի շնորհիվ այն ունի թանձր օճառային հիմք (սոսինձային օճառ):

Կանաչ օճառի կազմում կան՝

  • կենդանական ճարպեր;
  • ճարպաթթուների կալիումային աղեր;
  • բնական բուսական յուղեր;
  • ջուր։

Կենդանական ճարպերից նախապատվությունը տրվում է խոշոր եղջերավոր անասունների և գառան պինդ ճարպերին: Բուսական յուղերից արտադրողները ընտրում են ավելի էժանները՝ սոյայի և արեւածաղկի յուղերը:

Կանաչ օճառի կիրառման ձևերը և այլ նյութերի հետ համատեղելիությունը

Կանաչ օճառի լուծույթով բույսերը ցողելը պաշտպանում է դրանք ֆիտոֆտորոզով, ալրացողով, գոնջուկով, ցիտոսպորոզով վարակվելուց։ Կիրառվում է նաև սպիտակաթևիկի, ալրատիզի, սարդոստայնային տիզի և ուտիճների դեմ։

Օտագործման եղանակներ.

  1. Այլ քիմիական նյութերի հետ: Բույսերը քիմիական նյութերով բուժելիս, 10 լիտր հակասնկային (ֆունգիցիդ) կամ միջատասպան (պեստիցիդ) պատրաստի լուծույթին ավելացնում են 100 մլ կանաչ օճառ: Օճառը, պարուրելով քիմիական նյութը, թույլ չի տալիս դրան արագ գոլորշիանալ, ինչը նպաստում է բույսերի խորը շերտեր ավելի ամբողջական ներթափանցմանը: Սա թույլ է տալիս ավելի արդյունավետ պայքարել հիվանդությունների դեմ և հասնել արագ, կայուն արդյունքների:
  2. Թուրմերի և եփկների հետ: Վնասակար միջատների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարելու համար հաճախ օգտագործվում են խոտաբույսերի, ծխախոտի, սխտորի, մոխրի թուրմեր և եփուկներ։ Դրանց ավելացնում են կանաչ օճառ՝ 10 լիտրին 50-100 միլիլիտր հարաբերակցությամբ։
  3. Միայն կանաչ օճառ։ Բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատու միջատներին վանելու համար պատրաստվում է Կանաչ օճառի լուծույթ՝ 250-400 մլ 10 լիտր ջրին: Ստացված լուծույթը լավ խառնում են և կիրառում հեղուկացիրով:

Կանաչ օճառը օգտագործվում է միայն բույսերի համար՝ որպես վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոց:

  • Պտղատու ծառեր և հատապտուղ թփերի համար: Հիվանդությունների կանխարգելման համար, տանձենին, խնձորենին, բալենին, սալորենին մշակում են վաղ գարնանը: Անհրաժեշտության դեպքում, ամառային սեզոնի ընթացքում բուժումը կրկնում են 2-3 անգամ: Ազնվամորին, փշահաղարջը, հաղարջը ցողում են գարնանը՝ ծաղկելուց առաջ և աշնանը՝ բերքահավաքից հետո:
  • Բանջարեղենային մշակաբույսերի համար: Լոլիկը, վարունգը, կաղամբը, կանխարգելման նպատակով, կարող են մշակվել սածիլների աճեցման ժամանակ: Ելակը, սոխը, սխտորը՝ վեգետացիոն շրջանում, կարտոֆիլը և այլ մշակաբույսերը` ըստ անհրաժեշտության:
  • Ծաղիկներն ու դեկորատիվ տնկարկները այգիներում և անձնական հողամասերում մշակում են վարակի առաջին նշանների հայտնվելու դեպքում: Ծաղկման ժամանակ բույսերը շատ զգույշ են ցողում ՝ փորձելով չդիպչել բացված ծաղիկներին և բողբոջներին:
  • Սենյակային բույսերի համար։ Սենյակային բույսերը կանաչ օճառով կարելի է մշակել ողջ տարին։ Մշակելուց հետո բույսը տեղադրում են մեծ տոպրակի մեջ կամ ծածկում պլաստիկ թաղանթով: Բույսի չորանալուց հետո, տերևները չեն լվանում:

Նախազգուշացում

Կանաչ օճառը թունավոր չէ, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Այն վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար, չի կարող վնասել միջատներին, կենդանիներին և մարդկանց: Այնուամենայնիվ, դեռ կան կանոններ, որոնք պետք է պահպանվեն այս դեղամիջոցն օգտագործելիս:

  • Կանաչ օճառն օգտագործեք միայն բույսերը ցողելու համար, մի ավելացրեք այն արմատային բուժման համար:
  • Երբեք մի օգտագործեք ձեռքեր կամ իրեր լվանալու համար:
  • Կիրառելիս կրեք պաշտպանիչ իրեր`ակնոց, ռետինե ձեռնոցներ:
  • Բույսերը մշակելուց հետո, ողողեք հեղուկացիրը և այն տարան, որի մեջ լուծույթ է սարքվել:
  • Մաշկի և աչքերի լորձաթաղանթների հետ շփման դեպքում լուծույթը լվացեք առատ ջրով:
  • Որպեսզի կանաչ օճառը արդյունավետ գործի, օգտագործեք այն ըստ փաթեթի վրա գրված հրահանգների, արագ ազդեցություն ստանալու համար մի ավելացրեք չափաքանակները:
Ուշադրություն. Սենյակային բույսերի համար օգտագործելիս,  նախ պաշտպանեք ծաղկամանի հողը՝ հուսալիորեն ծածկելով այն պլաստիկ թաղանթով։

Հղումներ

Ինչպես մաքրել սենյակային բույսերի տերևները

Սենյակային բույսերի հիմնական խնամքը կայանում է դրանց բավականաչափ լույս, ջուր և, ժամանակ առ ժամանակ, սնունդ ապահովելու մեջ։ Իրականում, սենյակային բույսերի տերևների

մաքրումը, առաջնահերթություններից դուրս լինելով, նույնպես կարևոր է։ Տերևների վրա իջնող և կուտակվող փոշին, չորացած ջրից մնացած հետքերը և այլ տիպի լաքաները կարող են լրջորեն խանգարել տերևում ընթացող ֆոտոսինթեզին։ Փոշու բարակ շերտը, այդ առումով, մեծ խնդիր չի ստեղծում, բայց բույսի տեսքը վատացնում է, ուստի մաքրելու կարիքը պահպանվում է:

Տերևները ջրով մաքրելը

Նախ անհրաժեշտ է նշել, որ բույսերի տարբեր չափսերի տերևներին անհրաժեշտ է տարբեր տեսակի խնամք:

Սենյակային բույսերի տերևները ջրով մաքրելու համար.

  • խոշոր տերևները լվանում են մեկ առ մեկ՝ օգտագործելով ջրով թրջված, փափուկ սպունգ կամ լաթի կտոր: Լվալ պետք է նրբորեն, չվնասելով տերևի մակերեսը։
  • Մանր տերևները ձանձրալի կամ անհնար է մեկ առ մեկ մաքրել: Լավագույն լուծումն այն է, որ հեղուկացիրով մի փոքր ջուր ցողվի բույսի վրա և զգուշորեն թափահարվի այն:
  • Թավշյա տերևները մաքրում են փափուկ վրձնով։ Վրձինը կարելի է մի փոքր թրջել:
  • Ծաղկած ծաղիկները շատ նուրբ են և պետք չէ դրանց ոչինչ անել:
  • Փշերը, դրանց արանքները հարմար է մաքրել փափուկ վրձնով՝ առանց ջրի օգտագործման:

Տերևները գարեջրով մաքրելը

Չնայած ջրով մաքրելը բավարար է, տերևներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար, կարելի է ջրի փոխարեն գարեջուր օգտագործել: Սպունգը թաթախում են գարեջրի մեջ, լավ քամում են և դրանով են սրբում տերևները:

Տարբեր միջատների չհրապուրելու համար, չարաշահել այս մաքրման ձևը պետք չէ:

Տերևները քացախով մաքրելը

Քացախը էկոլոգիապես մաքուր, էժան միջոց է բույսերի տերևները մաքրելու համար: Այն օգտագործելու համար, ջրի և մի փոքր քացախի խառնուրդ են պատրաստում և օգտագործում վերը նշված ձևերով՝ ըստ տերևների տեսակի։

Տերևները կաթով մաքրելը

Տերևները մաքրելու մեկ այլ լավ տարբերակ է 1:10 հարաբերակցությամբ ջրով բացված կաթ կիրառելը: Բացի տերևներին փայլ տալուց, անքաշ կաթը հիանալի ֆունգիցիդ է, այնպես որ կարող է կանխել բույսերի վրա բորբոսի առաջացումը և ծաղկամանի հողի մակերեսի սպիտակելը։

Տերևները թեյի լուծույթով մաքրելը

Հայտնի է թեյի հակաօքսիդիչ և հակասնկային հատկությունը։ Թեյի լուծույթով տերևները լվալը, բույսը ցողելը և նույնիսկ ջրելը տոկունացնում են բույսը:

Որպես վնասատուների և սնկերի դեմ պայքարի միջոց, կիրառվում են նաև տերևների լվացումներ կանաչ օճառի, սպիրտի, ջրածնի պերօքսիդի և այլ լուծույթներով։

Ջրածնի պերօքսիդ

Ջրածնի պերօքսիդը (անգլ․՝ Hydrogen peroxide, ռուս․՝ Пероксид водорода կամ Перекись водорода)  H2O2 , պերոքսիդների ամենա պարզ ներկայացուցիչն է։ Անգույն, անհոտ հեղուկ է, ցանկացած հարաբերու-թյամբ լուծվում է ջրում, սպիրտում, էթիլեթերում։

Ջրածնի պերօքսիդի խիտ լուծույթը պայթյունավտանգ է։ Սովորաբար օգտագործվում են դրա 33 կամ 3%-անոց ջրային լուծույթները։

Կենցաղային կարիքների համար վաճառքում երեք տեսակի ջրածնի պերօքսիդ է լինում՝

  • Ծաղկաբուծության մեջ օգտագործվող ձևը դեղատան շիշն է` 3% ջրային լուծույթով:
  • Պերհիդրոլ՝ 30-35% ջրածնի պերօքսիդ: 3% խտության հասնելու համար, այն պետք է խառնվի ջրի հետ 1:10 հարաբերակցությամբ:
  • Հիդրոպերիտ՝ վաճառվում է դեղահաբերի տեսքով: 3% լուծույթ պատրաստելու համար, հարկավոր է 1 ճաշի գդալ ջրում լուծել հիդրոպերիտի 1 դեղահաբ:

Ջրածնի պերօքսիդի կիրառումը այգեգործության մեջ

Շնորհիվ ջրածնի պերօքսիդի ոչ տոքսիկ լինելուն, էժանության և հեշտ կիրառության, այն լայնորեն օգտագործվում է բուսաբուծության մեջ:

Ջրածնի պերօքսիդի ջրային լուծույթը օզոնով հագեցած անձրևաջրի նման է և բույսերի վրա նույն բարերար ազդեցությունն է ունենում։

Ջրածնի պերօքսիդը կարող է կիրառվել ինչպես այգում, այնպես էլ սենյակային բույսերի, սածիլների, տնկիների մշակման համար:

Ջրածնի պերօքսիդը հատկապես բարերար ազդեցություն է ունենում թուլացած բույսերի վրա, որոնց արմատները վնասվել են չափից շատ ջրելու հետևանքով։

Ջրածնի պերօքսիդը՝

  • հագեցնում է հողը թթվածնով, ինչը պաշտպանում է բույսի արմատները փտելուց;
  • ունի մեղմ հակասնկային և մանրէասպան ազդեցություն;
  • արագացնում է բույսի ծաղկելը;
  • խթանում է բույսի արմատային համակարգի զարգացումը։

Բույսերը ջրելու համար 1 ճաշի գդալ (15-18 մլ) ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթը լավ խառնել 0,5 լիտր հնեցված, գոլ ջրի հետ։

Ամեն օր ջրելու դեպքում, 1 լիտր հնեցված, գոլ ջրին խառնում են 2-5 կաթիլ ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթ։

Բույսերը ցողելու համար 1 ճաշի գդալ (15-18 մլ) ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթը լավ խառնել 1 լիտր հնեցված, գոլ ջրի հետ։

Սերմերն ախտահանելու համար, դրանք 10 րոպե թրջում են մինչև 36…37°C տաքությամբ ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթի մեջ, այնուհետև փռում են ու չորացնում։

Հետագայում ցանելու կամ որևէ բույս տնկելու համար նախատեսված հողախառնուրդը ախտահանելու համար, այն ջրում են ջրածնի պերօքսիդի 3%-նոց լուծույթով և ցանում կամ տնկում են հողախառնուրդի չորանալուց հետո միայն։

Ֆիտոպաթոգենների դեմ պայքարելու համար, բույսերը ջրում են ջրածնի պերօքսիդի և յոդի լուծույթով։ Ցանկացած ոչ մետաղական տարայի մեջ 2 ճաշի գդալ (30-36 մլ) 3%-նոց ջրածնի պերօքսիդը և 30-40 կաթիլ յոդը խառնում են 1 լիտր ջրի հետ: Այս լուծույթը հաջողությամբ օգտագործվում է նաև սարդոստայնային տիզերի, ուտիճների և վահանակիրների դեմ: Լավ արդյունքներ է ցույց տալիս ֆիտոֆտորոզի դեպքում:

Հղումներ

Վերմիկուլիտ

Վերմիկուլիտը (անգլ․՝ Vermiculite, ռուս․՝ Вермикулит, լատ․՝ Vermiculus) հիդրոփայլարների խմբի հանքանյութ է։ Օգտագործվում է բացառապես ջերմային մշակումից (փքեցումից) հետո:

Վերմիկուլիտը ամենալայն տարածումն է գտել բույսերի աճեցման ոլորտում, որտեղ այն օգտագործվում է տարատեսակ հողախառնուրդներ պատրաստելիս և հիդրոպոնիկայում։

Վերմիկուլիտը բացի այն, որ շատ լավ փխրեցնում է հողը, ունի մեծ քանակությամբ ջուր կլանելու ունակություն։ 100 գ վերմիկուլիտը կլանում է 400-530 մլ ջուր: Այն հեշտությամբ կլանում է խոնավությունը և նույնքան հեշտությամբ ազատում է այն ՝ ստեղծելով օպտիմալ խոնավ միջավայր բույսերի արմատների համար:

Սննդային առումով, վերմիկուլիտը որոշ չափով կարելի է համարել նաև միկրոպարարտանյութ ու նույնիսկ աճի խթանիչ: Սակայն, դրա կազմի տարրերի ամբողջությունը մեծապես տատանվում է` կախված արդյունահանման վայրից, և, օրինակ, այն կարող է չպարունակել երկաթ կամ գերհագեցած լինել պղինձով: Այնպես որ, լիովին փոխարինել պարարտանյութերը վերմիկուլիտը չի կարող։

Այգեգործներին գրավում են վերմիկուլիտի հետևյալ դրական հատկությունները՝

  • քիմիական իներտությունը;
  • չեզոք թթվայնությունը (pH = 7);
  • կենսաբանական կայունությունը (չի քայքայվում);
  • հոսունությունը, հոսկանությունը և թեթևությունը;
  • սեփական քաշի համեմատ մոտ հինգ անգամ ավելի ջուր կլանելու ունակությունը։

Որակյալ հողախառնուրդներ կազմելիս, մինչև 40% վերմիկուլիտ են հավելում։ Այն լավ աէրացնում է հողը, միաժամանակ դարձնում այն ​​փխրուն ու խոնավություն կլանող, կանխում է հողի մակերեսի ճաքճքելը։ Ջրելուց հետո վերմիկուլիտի մասնիկները ջուրը կլանելով փքվում են, իսկ հետո, աստիճանաբար տալիս են պաշարված ջուրն արմատներին: Արդյունքում, բույսերը կարելի է ավելի ուշ-ուշ ջրել ՝ միաժամանակ խնայելով ջուրը, որը չի վատնվում գոլորշիացման վրա:

Վերմիկուլիտը հաճախ օգտագործում բույսերի կտրոնները արմատակալման դնելիս։ Կտրոնը տնկում են կամ մաքուր վերմիկուլիտի մեջ, կամ վերմիկուլիտը հավասար մասերով խառնում են տորֆի կամ ավազի հետ:

Հավասարաչափ ցանք ստանալու համար, հարմար է մանր սերմերը խառնել մանր վերմիկուլիտի հետ, հետո ցանել։ Նաև օգտակար է վերմիկուլիտի բարակ շերտով ծածկել ցանված սերմերը՝ պաշտպանելով դրանք չորանալուց և բորբոսնելուց։

Բացի վերը թվարկածից, վերմիկուլիտը օգտագործվում է ձմռան ընթացքում բույսերի սոխուկները, պալարները և այլ տնկանյութեր պահպանելու համար: Դրանք թաղում են վերմիկուլիտի մեջ և պահում օդի համապատասխան ջերմաստիճան ունեցող վայրում:

Հղումներ

Տրիխոդերմա

Տրիխոդերման (Trichoderma, Триходерма), չնայած վատ զուգորդություններ առաջացնող անվանմանը, շատ օգտակար սնկերի ցեղ է։ Ցեղն ընդգրկում է 89 տեսակ։

Արտադրության և բժշկության մեջ օգտագործվող կարևոր տեսակներն են՝

  • Trichoderma hamatum
  • Trichoderma harzianum․ Ֆունգիցիդ է, օգտագործվում է բույսերի տերևները ցողելու, սերմերի և հողի մշակման համար՝ տարբեր սնկային հարուցիչների (պաթոգենների) դեմ:
  • Trichoderma koningii
  • Trichoderma longibrachiatum
  • Trichoderma reesei
  • Trichoderma virens
  • Trichoderma viride. Ֆունգիցիդ է, օգտագործվում է սերմերի եւ հողի մշակման համար` այլ սնկային հարուցիչների (պաթոգենների) դեմ:

Տրիխոդերման (T. harzianum, T. viride, T. koningii) և դրանից պատրաստված նյութերը ունեն հողի մեջ և բույսերի արմատների վրա այլ՝ վնասակար սնկերը ոչնչացնելու և ուտելու հրաշալի հատկություն։ Բացի այդ, պարզվել է, որ, բնակվելով բույսերի արմատների վրա, դրանք խթանում են արմատների, ուստի և բույսերի, աճը։ Օրինակ, փորձը ցույց է տվել, որ տրիխոդերմայով (Trichoderma  T-22) բնակեցված արմատներով եգիպտացորենի աճեցման համար մոտ 40%-ով պակաս ազոտական պարարտանյութ է պահանջվել։

Ըստ էության, տրիխոդերման սովորական հողի միկրոսկոպիկ սունկ է: Ապրելով և բազմանալով բույսերի արմատների վրա, այն ավելացնում է արմատի ներծծողունակությունը, արգելափակում է շրջակայքում պաթոգեն սնկերի զարգացումը և ուժեղացնում է բույսերի իմունիտետը։ Բացի այդ, սնվելու ընթացքում, տրիխոդերման քայքայում է բազմաշաքարները (polysaccharides,полисахариды)՝ բույսերի համար հեշտ յուրացվող դարձնելով հողի օգտակար նյութերը։

Բայց ամենակարևորն այն է, որ տրիխոդերմայով մշակված մարգերի բույսերը գրեթե երբեք սնկային հիվանդություններ չեն ունենում։

Այսինքն, տրիխոդերման արդյունավետ միջոց է հետևյալ հիվանդությունների դեմ՝

  • Ֆիտոֆտորոզ (phytophthorosis, фитофтороз);
  • Սպիտակ, գորշ եւ արմատային փտախտներ (белая, серая и корневая гнили);
  • Ֆուզարիոզ (фузариоз);
  • Տրախեոմիկոզ (трахеомикоз);
  • Ֆոմոզ (фомоз);
  • Ալտերնարիոզ (альтернариоз);
  • Ասկոխիտոզ (аскохитоз);
  • Գելմինտոսպորիոզ (гельминтоспориоз)
  • Արմատային փտախտ (Корневая гниль или черная ножка); 
  • Վերտիցիլյոզ (вертициллез); 
  • Ալրացող, կեղծ ալրացող (Мучнистая роса, ложная мученистая роса):

Տրիխոդերմայի տարբեր տեսակներից տարբեր պատրաստուկներ են վաճառվում՝ ռուսական Տրիխոդերմինը (Триходермин), Տրիխոպլանտը (Трихоплант), Գլիոկլադինը (Глиокладин), Տրիխոցինը (Трихоцин) ․․․

Չինական Trichoderma harzianum

Կարևոր է իմանալ

Տրիխոդերման եւ դրանից պատրաստուկները պարարտանյութ չեն, օրգանական են, թունավոր չեն մարդկանց, կենդանիների, միջատների եւ ձկների համար, չեն կուտակվում հողի մեջ եւ չեն ազդում բերքի համի, հոտի եւ արտաքին տեսքի վրա:

Ինչպես օգտագործել

Տրիխոդերմայի կիրառման ժամկետները եւ եղանակը կախված են այն խնդրից, որը ցանկանում եք լուծել: Սկզբունքորեն, դրա կիրառումը բույսերի աճեցման ցանկացած փուլում միայն օգուտ կտա: Բայց պետք է նկատի ունենալ, որ տրիխոդերման կարող է զարգանալ միայն միջավայրի +5․․․+35°C ջերմաստիճանում, ինչը նշանակում է, որ այն օգտագործելը տարվա ցուրտ եղանակին (վաղ գարնանը կամ ուշ աշնանը բերքահավաքից հետո) անիմաստ է:

Սերմերի մշակումը

Սերմերի նախնական մշակումը տրիխոդերմայով կատարվում է ցանելուց 1-3 օր առաջ: Սերմերը թրջում են ըստ պատրաստուկի վրա նշված հրահանգի։ Առավել հաճախ, առաջարկվում է 50 մլ պատրաստուկն ավելացնել 100 մլ ջրին եւ սերմերը 60 րոպե թրջել այդ լուծույթում։ Այդ կերպ մշակված սերմերը ավելի լավ են ծլում եւ սածիլի փուլում 20%-ով ավելի քիչ են տառապում սնկային հիվանդություններով:

Տրիխոդերմայով սածիլների և տնկիների մշակումը

Բույսերի իմունիտետի ամրապնդման եւ առավելագույն կպչունունակության ստանալու համար սածիլներն ու տնկիները տրիխոդերմայով մշակում են անմիջապես մշտական տեղում տնկելուց առաջ: Պատրաստում են լուծույթ՝ 100 մլ տրիխոդերման բացում են 10 լիտր ջրի մեջ եւ դրանով լավ ջրում են սածիլները։ Եթե սածիլները արդեն դուրս են բերվել ամաններից, կարելի է դրանք 30 րոպե ընկղմված պահել լուծույթի մեջ, հետո տնկել։

Հողի մշակում տրիխոդերմայով

Տրիխոդերմայով հողը մշակելն իմաստ ունի երկու դեպքերում՝ որպես հիվանդությունների կանխարգելման միջոց, բույսեր տնկելուց առաջ և հողի ընդհանուր, գարնանային կամ աշնանային մշակման համար: Առաջին դեպքում պատրաստում են լուծույթ՝ 50 մլ տրիխոդերմա 10 լիտր ջրում, որով ոռոգում են 10 քմ հող։ Երկրորդ դեպքում 150 մլ տրիխոդերման 10 լիտր ջրում եւ մշակում են 100 ք․մ․ հող:

Հղումներ