Ադենիում

Ադենիումը (անգլ․՝ Desert rose, ռուս․՝ Адениум, լատ․՝ Adenium) շնամեռուկազգիների ընտանիքի սուկուլենտ բույս է։

Բույսի ծաղկման շրջանը բավականին երկար է։ Ծաղիկները տարբերվում են չափերով և ձևով: Տանը, ադենիումը հաջողությամբ աճեցվում է ցնցող գեղեցիկ, ինչպես կրկնակի, այնպես էլ պարզ ծաղիկներով, պարզ և տպավորիչ, կոնտրաստ երանգներով:

Ադենիումները հիմնականում երկարակյաց, սուկուլենտ, բազմամյա բույսեր են՝ արևադարձային շրջաններից: Դրանք, ընդհանուր առմամբ, անապատի բույսեր չեն: Ավելին, այսօր մշակվող սորտերը և նույնիսկ տեսակները ներկայացնում են «ընտանեկան» բուծում. միայն կլոնները, որոնք կարող էին մշակել ավելի խոնավ պայմանները, գոյատևեցին, ինչի արդյունքում մնացած բույսերը նույնիսկ ավելի քիչ գոհ են չորային պայմաններից, քան վայրի պոպուլյացիաները:

Ե՞րբ է ծաղկում ադենիումը:

Չնայած արևի պայծառ լույսը խթանում է ադենիումի ծաղկելը, ամռան ամենաշոգ շաբաթների ընթացքում այն ընդհատում ծաղկելը: Արդյունքում երկու ծաղկման երկու ժամանակաշրջան է ունենում:

Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը և, պատշաճ խնամքի դեպքում, ծաղկելը շարունակվում է մինչև ամառվա կեսը։ Այնուհետեւ 6-8 շաբաթ դադար է լինում և ծաղկման շրջանը վերսկսվում է միայն սեպտեմբերի սկզբին։

Բնության մեջ ադենիումը կարող է հասնել 3 մետր և ավելի բարձրության՝ կախված տեսակից, բայց սենյակային պայմաններում այն հազվադեպ է գերազանցում 1 մետրը։ Վերջերս բուծվել են մինի չափսերի խմբի մինի ադենիումներ՝ 12-17 սմ բարձրությամբ։ Այդ գաճաճ ծառերը սկսում են ծաղկել արդեն 2 տարեկանից։

Ուշադրություն. Բույսի հյութը շատ թունավոր է, ուստի բոլոր գործողությունները կատարեք ձեռնոցներով և մեծ խնամքով։

Ադենիումի տեսակները

  • Adenium obesum – Ադենիում գիրուկ – ամենատարածվածն է
  • Adenium multiflorum
  • Adenium arabicum – երկրորդ ամենատարածվածն է
  • Adenium socotranum
  • Adenium boehmianum
  • Adenium crispum
  • Adenium swazicum

Խնամքը

Օդի ջերմաստիճանը

Ադենիումը ջերմասեր է, հարմարավետ է օդի ջերմաստիճանը ամռանը մոտ 25-27°С, ձմռանը՝ 12-13°С-ի սահմաններում։ Բույսը չի հանդուրժում արմատային համակարգի սառեցումը, ուստի օդի ցածր ջերմաստիճանի դեպքում, հողը պետք է ամբողջությամբ չոր լինի: Ամառանը ավելի լավ է դուրս հանել այգի կամ պատշգամբ։ Եթե ​​պատշգամբը մեկուսացված է, ապա ադենիումը կարելի է հանել արդեն ապրիլին, երբ ջերմաստիճանը + 8°С-ից ցածր չէ, և տուն բերել հոկտեմբերին, կամ ավելի վաղ, եթե ջերմաստիճանը կարող է իջնել + 8°С-ից ցածր:

Լուսավորությունը

Ադենիումին անհրաժեշտ է շատ լուսավոր արևոտ տեղ հատկացնել։ Լավ է աճում հարավային պատուհանագոգին: Այնուամենայնիվ, գարնանը պայծառ արևին պետք է սովորեցնել աստիճանաբար: Ձմռանը նույնիսկ հարավային պատուհանագոգին կարող է մի փոքր մութ լինել ադենիումի համար։ Եթե ադենիումը ձմռանը պահվում է ջեռուցվող սենյակում, ուր ջերմաստիճանը 24-26 ° C է, ապա այն կշարունակի աճել, բայց քանի որ ձմռանը արևը քիչ է, իսկ օրը կարճ է, նոր ճյուղերը սկսում են ձգվել, փոքրանալ և գունատվել։ Հետեւաբար, անհրաժեշտ կլինի տեղադրել լրացուցիչ լուսավորություն կամ գտնել ավելի զով տեղ:

Ոռոգումը

Գարնանը և ամռանը չափավոր են ջրում, որպեսզի հողի մակերեսը հասցնի չորանալ։ Խնամքի հիմնական սխալը չափից շատ ջրելն է. ադենիումը շատ զգայուն է ավելորդ խոնավության նկատմամբ, արմատները հեշտությամբ կարող են փտել դրանից: Ձմռանը ջրելը սահմանափակ է՝ կախված օդի ջերմաստիճանից՝ որքան ցուրտ է, այնքան քիչ։

Սնուցումը

Ծաղիկների և նոր տերևների առաջանալուց հեըո սկսում ենադենիումի սնուցումը դեկորատիվ ծաղկող բույսերի համար նախատեսված հատուկ պարարտանյութով՝ ավելացնելով ոռոգման համար նախատեսված ջրի մեջ։ Սնուցումն արվում է 2 շաբաթը մեկ անգամ։ Պարարտանյութում NPK-ի օպտիմալ հարաբերակցությունը 20-20-20 է։ Երբեմն տերևների ծայրերը շագանակագույն են դառնում, եթե դա պայմանավորված չէ հողի ուժեղ, չափից ավելի չորացումով, ապա բույսը կարող է բավարար քանակությամբ կալիում չունենալ: Պետք է երկու սնուցում անել կալիումի նիտրատով կամ կալիումի մոնոֆոսֆատով։ Հատկապես հաճախ կալիումի քաղց տեղի է ունենում երբ բույսն աճում է մաքուր տորֆի մեջ:

Օդի խոնավությունը

Ադենիումը սիրում է մանր կաթիլներով ջրով ցողվել՝ այնպես որ ջուրը չհոսի ճյուղերի երկայնքով: Ծաղկման շրջանում պետք է խուսափել ծաղիկները ցողելուց։

Տեղափոխությունը

Այլ, քիչ ավելի մեծ ծաղկամանի մեջ բույսը տեղափոխում են տարին մեկ, գարնանը։ Հողը պետք է լինի փխրուն և ունենա մի փոքր թթվային ռեակցիա: Կարելի է օգտագործել բերրի կավահող՝ լվացված գետի ավազի հավելումով: Կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պատրաստի հողախառնուրդ:

Ադենիումի բազմացումը

Սերմերով։ Ադենիումի սերմերը արագ են կորցնում ծլողունակությունը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել միայն թարմ սերմեր։ Ավելի լավ են ծլում տաքացվող հողում, սենյակային մինի ջերմոցում՝ 26-28°С ջերմաստիճանում։

Կտրոններով։ Արմատավորման համար տնկաշիվերը պետք է կտրել մարտ-ապրիլ ամիսներին։ Կտրոնները չորացնում են սենյակային ջերմաստիճանում մեկից երկու օր: Այնուհետև հավասար մասերով վերցված ունիվերսալ հողի, ավազի և վերմիկուլիտի խառնուրդի մեջ տնկում են 5-6 սմ փոքր բաժակներում և տեղադրում են մինի ջերմոցում։Դնել պետք է ամենալուսավոր, ամենաարևոտ տեղում: Եթե ​​եղանակը ամպամած է, պետք է լամպ միացնել լողջ օրվա ընթացքում։ Ջրել այնպես, որ բաժակի մեջ հողը մի փոքր խոնավ լինի՝ ոչ չոր և ոչ թաց:

Հղումներ

Կորդիլին

Կորդիլինը (անգլ․՝ Cordyline, ռուս․՝ Кордилина, լատ․՝ Cordyline) մոտ 15 տեսակի ծառանման ծաղկավոր բույսերի ցեղ է` Asparagaceae ընտանիքի Lomandroideae ենթաընտանիքում:

Կորդիլինը բնիկ է Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում՝ Նոր Զելանդիայում, Արևելյան Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում և Պոլինեզիայում, մեկ տեսակ էլ հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում:

Կորդելինին հաճախ շփոթում են վիշապածառի հետ, դրանք շատ նման են, հատկապես եթե աճեցվում են որպես մերկաբուն ծառեր: Դրանց տարբերելու ամենահեշտ ձևը արմատներով է, որոնք հաճախ դուրս են ցցվում գետնից. դրանք դեղնավուն-նարնջագույն են վիշապածառի մոտ և սպիտակավուն կորդիլինի մոտ:

Բնական պայմաններում բույսը սովորաբար հասնում է 2-ից 12 մետր բարձրության, ծաղկամանում այն չի գերազանցում 1,5 մ-ը, ավելի հաճախ այն աճում է 60-ից 90 սմ: Կորդելինը ուժեղ արմատային համակարգով թուփ կամ ծառ է. բարակ բնով և գեղեցիկ երկարաձիգ, սուր կամ նշտարաձև տերևներով:

Ժամանակի ընթացքում հին տերևները չորանում և թափվում են՝ մերկացնելով բնի ստորին հատվածը, ինչը բույսին արմավենու տեսք է տալիս։ Կորդելինին հաճախ անվանում են կեղծ արմավենի: Եվ չնայած բույսը ծաղկում է սպիտակ կամ կարմիր ծաղիկներով, դրանք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում, կորդելինը աճեցվում է բացառապես իր գեղեցիկ տերևների համար։ Կարդիլինի բազմաթիվ խայտաբղետ տերեւներով սորտեր կան բուծված։

Կորդիլինի տեսակները

  • Կորդիլին հարավային (Cabbage Tree, Cordyline australis)։ Բնության մեջ աճում է մինչև 12 մ, բունը կոշտ է, հիմքում հաստ է: Դաշույնանման տերևները հասնում են մեկ մետր երկարության և մինչև 35 սմ լայնության։ Կանաչ տերևներն ունեն հաստ, բաց գույնի երակներ։ Ծաղկում է հաճելի հոտով, սպիտակ ծաղիկներով՝ հավաքված փնջի մեջ։ Լավ է աճում սենյակային պայմաններում և ձմեռային այգիներում:
  • Կորդիլին Բենքսի (Cordyline banksii )։ Մինչև 3 մ բարձրությամբ բարակ ցողունով բույս ​​է։ Տերեւները՝ 60 սմ-ից մինչեւ 1,5 մ երկարությամբ, կանաչ, մինչեւ 20 սմ երկարությամբ կոթունների վրա։ Սիրում է զով պայմաններ, բայց լավ է հարմարվում տարբերվող պայմաններին:
  • Կորդիլին չբաժանված (Cordyline indivisa)։ Բնական պայմաններում մինչև 12 մ բարձրությամբ բարձրահասակ ծառ է, ժապավենանման սրածայր տերեւներով՝ 70-150 սմ երկարությամբ, կանաչ՝ կարմիր երակով։
  • Կորդիլին կարմիր (Cordyline rubra)։ 3-4 մ բարձրությամբ թուփ է՝ մինչև 50 սմ երկարությամբ կարմիր կաշվի պես տերևներով, մինչև 15 սմ երկարությամբ ակոսավոր կոթունի վրա։ Մանուշակագույն ծաղիկները հավաքվում են մինչև 30 սմ չափի փնջի մեջ։
  • Կորդիլին ուղղաձիգ (Cordyline stricta)։ 30-60 սմ երկարությամբ սղոցանման եզրերով, նեղ կանաչ տերևներով։ Կան մանուշակագույն տերևներով ձևեր:
  • Կորդիլին գագաթային (Cordyline fruticosa)։ Ջերմասեր դանդաղ աճող տեսակ է՝ 30-50 սմ երկարությամբ տերևներով, բուծվում են կարմիր, դարչինագույն և բաց կանաչ գույնի երկայնական շերտերով զարդարված սորտեր։

Կորդիլինի սորտեր

  • Kiwi Մուգ կանաչ տերևներ ունի՝ վարդագույն եզրերով և դեղին շերտերով;
  • Red Edge Տերևներն ունեն կարմիր-վարդագույն եզրագիծ և մեջտեղում կրեմի գույնի շերտ;
  • Snow  Սպիտակ շերտեր տերևների վրա;
  • Lord Roberts Տերևների վրա սպիտակ և վարդագույն գծեր կան;
  • Joungii Կարմիր-շագանակագույն տերևներով բույս է;
  • Canario Վառ կանաչ գծերով, լայն տերևներ:

Խնամքը

Օդի ջերմաստիճանը և լուսավորությունը

Խայտաբղետ սորտերին անհրաժեշտ է ցրված լույս, ստվերում տերևների գույնը դառնում է կանաչ: Մուգ կանաչ տերևներով կորդիլինները հիանալի են զգում մասնակի ստվերում: Բույսը կարելի է դնել խոր ստվերում, բայց այս դեպքում շաբաթական մեկ օր կամ ամիսը 5-7 օր այն պետք է դնել վառ ցրված լույսով լուսավորված տեղում։

Ամռանը բոլոր կորդելինների համար հարմարավետ է օդի 20-25 ջերմաստիճանը: Ձմռանը օդի ջերմաստիճանը +18-ից ցածր petq 1 չընկնի: Կորդիլինները չեն սիրում միջանցիկ քամիներ:

Օդի խոնավությունն ու ոռոգումը

Ամռանը և գարնանը կորդելինը ջրում են շաբաթական 2-3 անգամ, երբ ծաղկամանի հողի վերին շերտը մի փոքր չորանա։ Ձմռանը ջրելը կրճատում են, բայց պետք չէ թույլ տալ, որ հողն ամբողջովին չորանաԼայն տերևներով կորդելինները պահանջում են ավելի առատ խոնավություն, քան նեղ տերևներովը։

Օդի խոնավությունը պետք է բարձր լինի ողջ տարվա ընթացքում: Ձմռանը չի կարելի բույսը պահել ջեռուցման սարքերի մոտ: Ժամանակ առ ժամանակ տերևները պետք է սրբել խոնավ շորով։

Սնուցումը

Գարնանը և ամռանը սնուցումն արվում է շաբաթական մեկ անգամ, ձմռանը` ամիսը մեկ անգամ` դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված համալիր պարարտանյութով:

Հողախառնուրդը

Կորդիլինը կարելի է աճեցնել նաև հիդրոպոնիկ եղանակով: Իսկ հողախառնուրդը պետք է լինի թեթևակի թթվային, փխրուն, իսկ ծաղկամանը լավ դրենաժ ապահովի։ 

Նորր, քիչ ավելի մեծ ծաղկաման բույսը տեղափոխում են 2-3 տարին մեկ։ Ծաղկամանի տակից դուրս եկած արմատները կարող են ազդանշան ծառայել տեղափոխման համար։

Ծաղկելը և էտը

Կորդիլինը սենյակայում պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում: 

Երբ կորդելինը շատ է ձգվում, այն կտրում են՝ կտրվածքը մշակելով մանրացված ակտիվացված ածուխով։ Էտը նպաստում է նոր ճյուղերի ձևավորմանը, ինչը թույլ է տալիս պահպանել բույսի գրավիչ տեսքը: Կտրված գագաթները կարելի է արմատավորել:

Բազմացում սերմերով

Սորտային բույսերի սերմերից աճեցված կորդելինները կորցնում են իրենց մայրական հատկությունները։ Սերմերը ցանում են մարտին ավազից և ճմահողից կազմված հողախառնուրդի մեջ: 

Սերմերը շատ անհավասար են ծլում. առաջին ծիլերը հայտնվում են մեկ ամսից, վերջինները՝ երեք ամսից:

Բազմացում կտրոններով

Կորդելինը կարող է բազմացվել գագաթային կամ ցողունային կիսափայտացած, առնվազն 7 սմ երկարությամբ կտրոններով։ Կտրոնները մշակում են արմատակալումը խթանող նյութով ու տնկում ավազից ու տորֆից կազմված խառնուրդի մեջ։ Տնկարկը ծածկում են թափանցիկ թաղանթով, պահում են 20-22 աստիճան ջերմաստիճանում և հաճախ ցողում։

Արմատավորումը տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում: Արմատավորված տնկաշիվերը տեղափոխում են փոքր ամանների մեջ:

Բազմացում արմատային ընձյուղներով

Եթե ​​կորդելիը ունի կողային ընձյուղներ (ձագուկներ), երբ դրանք մի փոքր մեծանան, հեշտությամբ կարելի է առանձնացնել և տեղափոխել առանձին ծաղկամանի մեջ։

Վնասատուներ, հիվանդություններ և հնարավոր խնդիրներ

Կորդելինի վրա կարող են հարձակվել վահանակիրները, ուտիճները, սարդոստայնային տիզը, տրիպսները և ալրատիզը։

ԻՆՉՊԵՍ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ==>

  • Եթե ցողունի ներքևի մասը փտել է՝ շատ ջրելու հետևանք է։
  • Տերեւների վրա թեթև չորացող բծեր կան՝ արևայրուք։
  • Խայտաբղետ տերևները կանաչում են՝ անբավարար լուսավորություն, կորդելինը պետք է տեղափոխել ավելի լուսավոր տեղ և աստիճանաբար տերևները նորից խայտաբղետ կկդառնան։։
  • Տերեւների վրա շագանակագույն բծեր՝ շատ ջրելու հետևանք է:
  • Տերևները կորցնում են իրենց ճկունությունը, գանգուրվում և սևանում են՝ օդի ջերմաստիճանը շատ ցածր է։
  • Տերևների ծայրերը և/կամ եզրերը չորանում են՝ սենյակի օդը շատ չոր է։
  • Ծաղկամանի հողի մակերեսը սպիտակել է՝ կոշտ ջրով ջրելու հետևանք է, հարկավոր է զգուշորեն հեռացնել հողի վերին շերտը և փոխարինել այն նորով:
  • Միայն ստորին տերևներն են թափվում՝ բնական աճի գործընթաց է:

Հղումներ

Գերչակաձեթի կիրառումը սենյակային բույսերի սնուցման համար

Գերչակաձեթը կամ գերչակի յուղը (Oleum Ricini, Касторовое масло) գերչակի (տզկանեփի) սերմերից ստացվող բուսայուղ է, որը լայն կրառություն է գտել արդյունաբերությունում, բժշկությունում, կորմետոլոգիայում և այլուր։

Գերչակի յուղը կարող է օգտագործվել նաև որպես օրգանական պարարտանյութ: Առանձնապես օգտակար է գերչակի յուղով սնուցումը բույսերի բողբոջելու և ծաղկման շրջանում։ Օգտակար կլինի նաև բույսերի նոր ծաղկաման տեղափոխելուց հետո՝ նոր պայմաններին հարմարվելու շրջանում։

Գերչակի յուղով սնուցումը խթանում է սենյակային բույսերի ինտենսիվ աճը, ձևավորվում են նոր տերևներ և ընձյուղներ, ծաղկող բույսերի ծաղիկներն ավելի մեծ և փարթամ են լինում: Բացի այդ, պաշտպանում է բակտերիալ և սնկային վարակներից՝ բույսերի բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներից:

Ինչպես պատրաստել պարարտանյութը

Չի կարելի մաքուր տեսքով գերչակի յուղ լցնել հողի մեջ։ Օգտագործելուց առաջ այն պետք է լուծել ջրի մեջ, որպեսզի այն չայրի բույսի արմատները։ Կարելի է նաև լուծույթին ավելացնել այլ ակտիվ բաղադրիչներ։

Պատրաստման պարզ եղանակ

Պարարտանյութը պատրաստելու համար հարկավոր է 1 լիտր հնեցված ջրին, որը սովորաբար օգտագործվում է բույսերը ջրելու համար, ավելացնել մեկ թեյի գդալ գերչակի յուղ։ Գերչակի յուղը չի տարալուծվում ջրի մեջ, ուստի լուծույթը լավ թափահարում են՝ այնպես, որ մեծ ճարպային փուչիկներ չլինեն։

Ստացված լուծույթով անմիջապես ջրում են բույսերը կամ ցողում են դրանց սաղարթները։

Ջրելու դեպքում, նախապես (2 ժամ առաջ), բույսերը ջրում են սովորական ջրով։ Դա ևս կպաշտպանի արմատները այրվածքներից;

Պատրաստման համակցված տարբերակ

Որպեսզի բույսերն ավելի շատ սննդարար նյութեր ստանան, գերչակի յուղը կարելի է խառնել ոչ թե սովորական հնեցված ջրի հետ, այլ տարբեր լուծույթներով։

Օրինակ, խառնել միսը հալեցնելուց հետո մնացած ջրի հետ, կամ
կաթի ավելացումով՝ ջրի հետ 1:1 համամասնությամբ։ Կարելի է նաև խառնել կոմպոստի թեյի, հումուսի կամ փայտի մոխրի լուծույթի հետ;

Գերչակի յուղից ստացվում է ամենապարզ և մատչելի պարարտանյութերից մեկը։ Այն թանկ չէ, վաճառվում է դեղատներում։ Մեկ սրվակը կարող է բավարարել տան բոլոր բույսերի համար, իսկ մնացածը կարելի է օգտագործել կոսմետիկ նպատակներով կամ կաշվե իրերի խնամքի համար։

Կիրառելիս շատ կարևոր է պահպանել պատրաստման նշված համամասնությունները և սնուցումն անել միայն բույսի աճի ճիշտ ժամանակահատվածում:


Աֆրիկյան կաթնաթուփ

Աֆրիկյան կաթնաթուփը (ագլ․՝ African Milk Bush, լատ․՝ Euphorbia umbellata) մշտադալար, սուկուլենտ թուփ է կամ փոքր ծառ, որը սովորաբար աճում է մինչև 5 մետր բարձրությամբ, երբեմն՝ մինչև 10 մետր։

Պատկանում է իշկաթնուկների ընտանիքին։

Բնության մեջ աճում է Աֆրիկայի արևադարձային շրջաններում։

Աֆրիկյան կաթնաթուփի կաթնանման բուսահյութը շատ թունավոր և գրգռիչ է: Դրա շփումը մաշկի կամ լորձաթաղանթների հետ առաջացնում է այրվածքներ, դերմատիտ և բշտիկներ: Ախտանիշները կարող են չզարգանալ անմիջապես և ի հայտ գալ ժամեր հետո։ Խմելու դեպքում հյութը կարող է մահացու լինել։

Ռուանդայում բույսի հյութըկիրառվում է որպես նետերի թույնի բաղադրիչ։ Քենիայում և Տանզանիայում բույսը երբեմն օգտագործվում է հանցավոր նպատակներով։

Խնամքը

Լույսը՝ լրիվ արև կամ կիսաստվեր։

Օդի ջերմաստիճանը՝ +4°C ոչ ցածր։

Հողախառնուրդը՝ հատուկ պահանջներ չունի, հարմարվում է ցանկացախ տեսակի հողին։

Ջրելը՝ երշտադիմացկուն է, ջրում են ծաղկամանի հողի համարյա ամբողջությամբ չորանալուց հետո։

Սնուցումը՝ միայն աճի շրջանում ՝ ամիսը մեկ անգամ։

Բազմացումը՝ սերմերով կամ տնկաշիվերով։

Թելուկ սպիտակ

Թելուկ սպիտակը (անգլ․՝ Lamb’s quarters, Goosefoot, Wild spinach, Fat-hen, ռուս․՝ Марь белая, լատ.՝ Chenopodium album), թելուկազգիների ընտանիքն պատկանող, արագ աճող մոլախոտ է։

Հանդիպում է աշխարհի բոլոր կողմերում։ Սպիտակ թելուկի սերմերը հողում 30 տարուց ավել պահպանում են իրենց կենսունակությունը։

Արտաքին հղումներ

Մկնիկի սեխ

Մկնիկի սեխը (անգլ․՝ Mouse melon, Mexican sour cucumber, Cucamelon, ռուս․՝ Мелотрия шершавая, լատ․՝ Melothria scabra) ուտելի պտուղների համար աճեցվող, դդմազգի, մագլցող, բազմամյա խոտաբույս է: Պտուղները մոտավորապես խաղողի հատիկի չափսի են, 1,5–2 սմ երկարությամբ, ունեն թթվաշ վարունգի համ:

Միակ տարբերությունը վարունգից այն է, որ մաշկը միատարր կանաչ չէ, այլ մարմարյա նախշերով է և մի փոքր թթու համ ունի։ Մկնիկի սեխի պտուղներն ուտում են թարմ վիճակում կամ թթու դրած, օգտագործում են որպես զանազան ուտեստների զարդարանք։

Աճեցնում են ինչպոս այգում, այնպես էլ պատշգամբում՝ թաղարի մեջ՝ պերգոլայի, վանդակի կամ պարզապես ցանկապատի մոտ: Ինչպես մյուս դդմազգիները, այս բազմամյա, աֆրիկյան բույսը (մեր գոտում աճեցվում է որպես միամյա) ունակ է արագ աճել և զարգացնել ուժեղ, փարթամ ճյուղեր, որոնք հասնում են ավելի քան 3 մ երկարության:

Մկնիկի սեխի տերևները նման են վարունգի տերևներին, միայն ավելի փոքր են: Վառ դեղին ծաղիկները՝ երկտուն են։ Էգ ծաղիկները առանձին, իսկ արուները՝ փնջերով են աճում:

Ծաղկում և պտղաբերում է մկնիկի սեխը հունիսից մինչև առաջին սառնամանիքներ: Տերեւներն, ի տարբերություն վարունգի, երկար ժամանակ չեն դեղնում եւ մինչեւ ուշ աշուն մնում են վառ կանաչ։ Բազմաթիվ բեղիկներով հեշտությամբ ամրանում ու մագլցում է տարբեր հենարանների վրա և ամբողջությամբ հյուսում դրանք:

Մկնիկի սեխը շատ ակտիվ է աճում, իսկ գետնով սփռվող կողային ճյուղերը լավ են արմատավորվում։ Երբ պետք է լինում արագ կանաչապատել ինչ-որ ուղղահայաց հարթություն, այս բույսը հիանալի է անում դա:

Մկնիկի սեխի խնամքը դյուրին է: Քանի դեռ բույսը չի մեծացել, շրջակա հողը փխրեցնում են և ազատում մոլախոտերից։ Հետագայում ուժեղ աճող բույսը ինքնուրույն է ճնշում մոլախոտերին:

Մկնիկի սեխը ջրում են ըստ հողի չորանալու աստիճանի։

Մկնիկի սեխը կարելի է վարունգի հետ միաժամանակ ցանել բաց գրունտում, բայց ավելի հարմար է աճեցնել սածիլների միջոցով:

Սածիլները աճեցնելիս սերմերը ցանում են ապրիլի առաջին կեսին պարարտ հողախառնուրդով արկղի մեջ։ Սերմերը բավականին մանր են, ուստի ավելի լավ է ոչ թե հողի շերտով ծածկել, այլ փռել մակերեսին և տուփը ծածկել ապակիով կամ պլաստիկ թաղանթով ու դնել տաք, լուսավոր տեղում։

Երկու-երեք օր անց ծիլերը հայտնվում են: Երբ ձևավորվում է երրորդ իսկական տերևը, սածիլները տեղափոխում են առանձին բաժակների մեջ՝ երկու կամ երեք սածիլ ամեն մեկում:

Տեղափոխելուց մեկ շաբաթ անց, երբ սածիլները սկսում են ակտիվորեն աճել, դրանք սնուցում են համալիր պարարտանյութով։ Բույսերը պարբերաբար ջրում են՝ խուսափելով ջրի լճացումից։

Մայիսին սածիլները կարելի է տնկել բաց գրունտում: Մկնիկի սեխը հեշտությամբ է ընտելանում նոր տեղում, արագորեն արմատավորվում է: Հետադարձ ցրտահարությունների վտանգի դեպքում, խորհուրդ է տրվում բույսը ծածկել թաղանթով։

Մկնիկի սեխի համար մշտական ​​տեղն ընտրում են բաց արևկող վայրում, չնայած այն կարող է հանդուրժել նաև թեթև ստվերը: Նախընտրելի է բերրի և փխրուն հողը։

Եթե ​​տնկելու նպատակը ոչ թե բերք ստանալն է, այլ տեղանքը կանաչապատելը, ապա վեգետատիվ շրջանի սկզբում բույսը պետք է սնուցել ազոտով, հակառակ դեպքում ավելի լավ է ընտրել համալիր պարարտանյութեր՝ ֆոսֆորի և կալիումի գերակշռությամբ:

Մկնիկի սեխի առավելություններից մեկը վնասատուների և հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականությունն է։ Այնուամենայնիվ, երբեմն վնասվում է ալրացողով:

Հղումներ

Պերեսկիա

Պերեսկիան (անգլ․՝ Pereskia, ռուս․՝ Переския, լատ․՝ Pereskia) կակտուսների երկու տեսակներից բաղկացած փոքր ցեղ է։ Պերեսկիաները նման չեն կակտուսների տարածված այլ տեսակներին, դրանք

տերևներ և ճյուղեր ունեն: Ցեղն անվանվել է 16-րդ դարի ֆրանսիացի բուսաբան Նիկոլա-Կլոդ Ֆաբրի դե Պեյրեսկի պատվին։

Պերեսկիայի տեսակները

Պերեսկիա փշոտ (անգլ․՝ Barbados goosberry, ռուս․՝ Переския шиповатая, լատ․՝ Pereskia aculeata)

Պերեսկիա փշոտը սաղարթավոր լիանա է, որը կարող է հասնել մինչև 10 մ բարձրության:  Հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի արևադարձային գոտին է։  Այն լավագույնս աճում է չոր պայմաններում և ծաղկում է նույնիսկ վատ խնամքի դեպքում:  Այս տեսակը ծաղկում է ամռանը և ունի և՛ ծաղիկներ, և՛ հատապտուղներ։  Ասում են, որ դրա տերևներն ու պտուղները ուտելի են և սննդարար։

Պերեսկիա Վեբեռի (անգլ․՝ , ռուս․՝ Переския Вебера, լատ․՝ Pereskia weberiana)

Խնամքը տան պայմաններում

  • Ծաղկելը։ Երկարատև է: Հաճախ տևում է ամբողջ ամառային և աշնանային ժամանակահատվածում:
  • Լուսավորությունը։ Առավոտյան անհրաժեշտ է արևի ուղղակի լույս, կեսօրից հետո մի թեթև ստվերում են կամ ապահովում են ցրված, պայծառ լույսով։ Խորհուրդ է տրվում դնել հարավային պատուհանագոգին։
  • Ջերմաստիճանային ռեժիմ։ Վեգետացիոն շրջանում օդի լավագույն ջերմաստիճանը +22…+23°C տիրույթում է։ Հանգստի շրջանի սկսվելուց մի քանի օր շուտ և ողջ շրջանում թուփը տեղափոխում են զով տեղ (մոտ +15°C)։ Դիմանում է մինչև -4°C կարճատև ցրտահարությանը։
  • Ջրելը։ Երաշտադիմացկուն է ։ Ակտիվ աճի ժամանակ, շոգ եղանակին պերեսկիան հաճախակի են ջրում։ Ջրում են հողի վերին շերտը 3-4 սմ խորությամբ չորանալուց հետո։
  • Օդի խոնավությունը։ Հանգիստ աճում է սենյակի ոչ խոնավ միջավայրում։ Փոշուց մաքրելու համար բույսը պարբերաբար ցնցուղով ցողում են։ Ամառան շոգ օրերին թուփը կարելի է ցողել հնեցված ջրով:
  • Սնուցումը։ Կատարվում է մայիս-սեպտեմբեր ամիսներին՝ 4 շաբաթը մեկ։ Օգտագործում են կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված հանքային համալիրի հեղուկ պարարտանյութեր։ Մնացած ամիսներին սնուցում չի տրվում։
  • Տեղափոխելը։ Քանի դեռ թուփը երիտասարդ է, կարող է այն երկու և ավելի անգամ նոր, ավելի մեծ ծաղկաման տեղափոխելու կարիք առաջանալ։ Մեծահասակ թուփը նոր ծաղկաման են տեղափոխում միայն անհրաժեշտության դեպքում, երբ ծաղկամանում նեղվածք է առաջանում։ Թուփը տեղափոխում են հողագունդը չվնասելով։
  • Բազմացումը։ Կտրոններերով և սերմերով։
  • Վնասատուները։ Սարդոստայնային տիզ և ալյուրատիզ:
  • Հիվանդությունները։ Մոխրագույն և արմատային փտախտ:

Արտաքին հղումներ

Չմենի

Չմենին (անգլ․՝ Cotoneaster, ռուս․՝ Кизильник, լատ․՝ Cotoneaster)  վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։

Հայաստանում աճում է չմենու 7 տեսակ՝

  • Չմենի սեվապտուղ (Cotoneaster melanocarpus),
  • Չմենի ամբողջաեզր (Cotoneaster integerrimus),
  • Չմենի հայկական (Cotoneaster armena) և այլն։

Արտաքին հղումներ

Ռուելիա

Ռուելիան (անգլ․՝ Ruellia, ռուս․՝ Руэллия, լատ․՝ Ruellia ) Acanthaceae ընտանիքի ծաղկող բույսերի ցեղ է, որն անվանվել է ի պատիվ ֆրանսիացի բուսաբան և բժիշկ Ժան Ռյուելի (1474–1537):

Հայտնի է ռուելիայի 269 տեսակ։

Ռուելիաները ոչ պահանջկոտ, մշտադալար, բազմամյա բույսեր են, որոնք աճում ու հասնում են մինչև 60 սմ բարձրության և 45 սմ լայնության։ Հայաստանում աճեցվում են որպես սենյակային բույսեր:

Շատերը սիրահարվել են այս գեղեցկուհուն, քանի որ դրա խնամքը շատ պարզ է։ Բացի այդ, բույսն ունի արագ աճ և բարձր դեկորատիվություն։ Մինչև 7 սմ երկարությամբ և 2–3 սմ լայնությամբ թավշյա տերևները զարդարված են բաց երակներով (հանդիպում են նաև նախշավոր տերևներով սորտեր), հակառակ երեսը՝ մուգ կարմիր։

Ծաղիկները ձագարաձև են՝ 5 սմ տրամագծով, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 10 սմ, ծաղկման շրջանն ինքնին շատ կարճ է՝ առավոտից մինչև կեսօր։ Բայց թառամած ծաղկի տեղում անմիջապես հայտնվում է նոր բողբոջ։ Իր ոչ հավակնոտության պատճառով ռուելիան ցանկալի հյուր է ցանկացած տանը:

Ռուելիայի տարածված տեսակներ

Պորտելի ռուելիան (Ruellia portellae, Руэллия Портелла) Մուգ կանաչ տերևներ ունի, իսկ ծաղիկները վարդագույն են։

Դևոսի ռուելիան (Ruellia devosianus, Руэллия Девоса կամ Руэллия голубая ) Լավ ճյուղավորվող ընձյուղները երբեմն հասնում են 45 սմ երկարության։ Ծաղիկները սպիտակ կամ բաց մանուշակագույն են։

Բրիտոնի ռուելիան (Ruellia Brittoniana, Руэллия Бриттона) Մոտ մեկ մետրանոց թուփ է, մեծ, մանուշակագույն ծաղիկներով և կապտավուն տերևներով։

Մակոյի ռուելիան (անգլ․՝ , Monkey plant, Trailing velvet plant, ռուս․՝ Руэллия Макоя, լատ․՝ Ruellia makoyana) Մոտ 60 սմ բարձրությամբ, ուղղաձիգ թուփ է։ Մուգ տերևները դեղնավուն երակներ ունեն։ Ծաղիկները մուգ կարմիր են։

Կառոլինյան ռուելիան (Ruellia caroliniensis) Մուգ, փետրավոր տերևներ ունի։ Ծաղիկները փոքր են՝ մանուշակագույնից՝ երկնագույն երանգներով։

Խոշորածաղիկ ռուելիա (Ruellia macrantha, Крупноцветковая руэллия) Ծաղիկները մինչև 10 սմ մեծություն ունեն։ Լինում են վարդագույն, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն։

Խնամքը

Լուսավորությունը

Պահանջվում է վառ, ցրված լույս: Եթե ​​լուսավոր օրվա տեւողությունն ապահովվի 12-14 ժամ, ապա ռուելիան շատ երկար կծաղկի (փետրվարից՝ նոյեմբեր)։ Ստվերում ծաղկելու շրջանը կկրճատվի մինչև 4 ամիս, իսկ տերևներն այնքան էլ պայծառ չեն լինի։

Ձմռանը բույսը կարելի է դնել հարավային պատուհանագոգին, իսկ ամռան համար իդեալական է դեպի արևելք նայող պատուհանի գոգը։ Բույսը պետք է պաշտպանված լինի արևի ուղիղ ճառագայթներից, որպեսզի այրվածքներ չհայտնվեն տերևների վրա:

Օդի ջերմաստիճանը

Օդի ջերմաստիճանը պետք է լինի կայուն՝ առանց վայրիվերումների: Ամառվա առավելագույն ցուցանիշը +20․․․+25℃ է, ձմռանը՝ +16…+18℃ ոչ ցածր։ Սենյակում, որտեղ գտնվում է ռուելիան, միջանցիկ քամիներ պետք է չլինեն, հակառակ դեպքում բույսը ​​կթափի բոլոր ստորին տերևները:
Ցուրտ եղանակին ծաղկամանը պետք է դնել տակդիրի վրա և պատուհանի ապակուց հեռու։ Հողի չափազանց սառելը վնասում է բույսի արմատներին։

Ոռոգում և օդի խոնավությունը

Ռուելիան պետք է պարբերաբար ջրել գոլ, փափուկ ջրով: Հողը պետք է ոչ չափից ավելի չորանա, ոչ էլ ցեխ դառնա: Հենց որ հողի վերին շերտը սկսում է չորանալ, բույսը ջրելու ժամանակն է։ Մեկ այլ ազդանշան են թուլացած, կախված տերևները:

Ռուելային հարմարված է օդի միայն միջին խոնավությունը: Շոգ օրերին դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Ամառան շատ շոգ ժամանակահատվածում խորհուրդ է տրվում օգտագործել օդի խոնավացուցիչներ, թաց խճաքարերով տակդիրներ, ցողել տերևները։ Կարելի է պարբերաբար գոլ ցնցուղի տակ լողացնել ռուելիան:

Տեղափոխում և սնուցում

Երիտասարդ բույսերը քիչ ավելի մեծ ծաղկաման են տեղափոխում ամեն տարի, իսկ հասուն նմուշները՝ ըստ անհրաժեշտության, երբ ծաղկամանը չափազանց նեղ է դառնում: Տեղափոխելու համար լավագույն ժամանակը մարտից մինչև մայիսի վերջն է։ Նոր ծաղկամանը պետք է լինի միայն 5-7 սմ-ով մեծ, քան հինը: Արմատների նեղվածքը նպաստում է բույսի առատ ծաղկմանը:

Ծաղիկը նոր ծաղկաման տեղափոխում են իր ամբողջական հողակույտով, որպեսզի չվնասվեն զգայուն արմատները։ Հողախառնուրդը պետք է լինի թեթև, լավ թափանցելի օդի և խոնավության համար:

Ռուելիայի սնուցումն արվում է ամսական մեկ անգամ։ Օգտակար է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդներով հավասար համամասնությամբ (կիրառվում է ինչպես արմատային, այնպես էլ սաղարթային սնուցում)։ Պարարտանյութի խտությունը պետք է առաջարկվող չափաբաժնի մոտ ¼-ի չափով լինի։

Բազմացումը

Կտրոններով բազմացումն անում են գարնանը։ Կտրում են վերին, ոչ փայտացած ընձյուղները (10-12 սմ երկարությամբ), որոնց վրա 2-3 աճի կետ կա։ Կտրվածքը մշակում են արմատակալմանման խթանիչով։

Արմատակալման դնում են կամ ջրի մեջ՝ ակտիվացված ածուխի և սուկինինաթթվի ավելացմամբ, կամ պատրաստի հողախառնուրդում։

Օդի ջերմաստիճանը պետք է լինի +20․․․+22℃ ոչ ցածր։

Անդալիսի միջոցով բազմացնելիս, ճյուղը թեքում և աճի կետը ամրացնում են գետնին՝ մինչև ճյուղի արմատակալելը։ Սովորաբար, արմատների ձևավորումը տևում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս:

Սերմերով բազմացնելը

Ռուելիայի ընկած ծաղկները, հողի վրա ձևավորում են սերմատուփեր, որոնք, հասունանալով պայթում են՝ սերմերը ցրելով երկար հեռավորությունների վրա։

Եթե ​​տուփը չի պայթել, կարելի է հավաքել սերմերը՝ սեղմելով ու բացելով տուփը։

Սերմերը ցանում են տորֆի և ավազի հավասար համամասնությամբ խառնուրդի մեջ: Ցանքը ծածկում են ապակիյով կամ պլաստիկ թաղանթով, պարբերաբար օդափոխում են: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +23․․․+25℃ տիրույթում։

Երբ ծիլերի վրա հայտնվեն 2 զույգ տերևներ, դրանք տեղափոխում են առանձին բաժակների մեջ։

Վնասատուներ և հիվանդություններ

Գործնականում ռուելիան հազվադեպ է հիվանդանում կամ ենթարկվում վնասատուների հարձակմանը: Նման խնդիրների պատճառ կարող են լինել միայն աճեցման վատ պայմանները։ Ցանկացած միջատասպան նյութ կօգնի հաղթահարել այդ խնդիրներները։

Աճեցման խնդիրներ

  • Արևի ուղիղ ճառագայթներից և օդի չափազանց բարձր ջերմաստիճանից տերևները գանգուրվում են և պատվում են բծերով: Պետք է ժամանակավորապես հեռացնել ծաղկամանը ատուհանից և խոնավացնել սենյակի օդը։
  • Տերևների չորացած ծայրերը, ընդհակառակը, վկայում են օդի ավելորդ խոնավության մասին։ Դրանից բույսը հիվանդանում է և չի ծաղկում:
  • Երիտասարդ ճյուղերը շատ ուժեղ ձգվում են, դեֆորմացվում, իսկ տերևները փոքրանում են, ծաղկում չկա։ Բույսը բավարար լույս չունի:
  • Տերեւները դեղնում են և թափվում։ Հողը չափազանց խոնավ է, կամ բույսը միջանցիկ քամիների մեջ է։
  • Առանց պարբերաբար արվող ձևավորող էտի, ռուելիան ակտիվորեն աճում է և անխնամ տեսք է ստանում:

Արտաքին հղումներ

Բանանի կեղևի կիրառումը այգու մրջյունների դեմ

10 գրամ (1 թեյի գդալ) բորաթթուն լուծել 0.5 լիտր գոլ ջրում։ Լուծույթի մեջ մի քանի ժամ թրջել հասուն բանանի կեղևներ, ապա այդ կեղևները դնել մրջյունների կուտակման վայրերում։

Տեսանյութում հեղինակը պնդում է, որ մրջյունները կկերակրեն մայր մրջյունին այդ կեղևների մասնիկներով, ինչն անխուսափելիորեն կսատկացնի մայր մրջյունին ու արդյունքում կվերացնի մրջյունների գաղութը։

Gardener's blog