Տերևային բուսահողը (անգլ․՝ Leafmould, ռուս․՝ Листовая земля) չի պարունակում օգտակար նյութեր, բայց, հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է:
Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча)։ Տերևային բուսահողը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:
Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքում են, խոնավացնում, լցնում մեծ ցելոֆանե տոպրակի մեջ: Տոպրակի պարունակությունը լավ մամլում են, տոպրակի բերանը կապում, տոպրակը մի քանի տեղից ծակծկում են և դնեում ստվերոտ տեղում և մոռանում առնվազն մեկ տարով:
Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում:
Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ օդի ջերմաստիճանից, խոնավությունից և տերևների ծառատեսակից:
Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.
- պահեստավորելուց առաջ կտրատելով կամ աղալով մանրացնել տերևները;
- տերևների հետ խառնել թարմ, կանաչ խոտ;
- 2-3 ամիսը մեկ խառնել տոպրակի պարունակությունը:
Վաճառքում լինում են նաև հատուկ տերևային բուսահող պատրաստելու համար նախատեսված տոպրակներ:
Սկզբունքորեն, տերևային բուսահողը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր: Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:
Ամբողջովին պատրաստ տերևային բուսահողը միատարր, փխրուն զանգված է:
Բացի կիսապատրաստ բուսահողի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային բուսահողի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել:
Սենյակային բույսերի համար լավ խարնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային բուսահող, կոմպոստ և մանր կարմիր ավազ: