ԳԱՆԳՐԱԿԱՂԱՄԲ (ՔԵՅԼ)

Գանգրակաղամբը (Քեյլը)(անգլ․՝ Kale, ռուս․՝ Кале, Кудрявая капуста, լատ․՝ Brassica oleracea var. sabellica)

Գանգրակաղամբը պարունակում է մեծ քանակությամբ մսամթերքին համարժեք սպիտակուցներ (4,3 %), փոխարինելի և անփոխարինելի ամինաթթուներ: Գանգրակաղամբի թարմ տերևներում գերակշռող ամինաթթուներն են՝ գլուտամինաթթուն (ընդհանուր ամինաթթուների պարունակության 12 %), պրոլինը
(12 %) և ասպարագինաթթուն (10 %): Լեյցինի, լիզինի, վալինի, արգինինի և ալանինի բաժնեմասը 6-8%-ի սահմաններում են, իսկ թիրոզինի, ֆենիլալանինի, տրեոնինի, հիստիդինի, սերինի և գլիցինի
բաժնեմասը տատանվում է 3-5% սահմաններում: Ամենափոքր բաժինը կազմում են ծծումբ պարունակող ամինաթթուներ ցիստինը (1.6%) և մեթիոնինը (2 %) [16]:

Գանգրակաղամբը հարուստ է նաև օմեգա-3 ճարպաթթվով, վիտամիններով (A, C, K, PP, B և այլն), հեշտ յուրացվող Ca-ով (120-150 մգ), Mg-ով (34-47 մգ) և այլ հանքային տարրերով (K, P, Na, Fe, Zn, Se, Mn, Cu և այլն): Բույսում առկա լյուտեինի շնորհիվ, մարդու աչքը պաշտպանվում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Գանգրակաղամբի հաճախակի օգտագործումը սննդակարգում պաշտպանում է մարդու օրգանիզմը մի շարք հիվանդություններից, մասնավորապես՝ շաքարախտից, սրտանոթային, աղեստամոքսային համակարգերի, աչքի (գլաուկոմա) հիվանդություններից, չարորակ ուռուցքներից և այն:

Գանգրակաղամբը պարունակում է 45 տարբեր տեսակի ֆլավոնոիդներ (սուլֆորաֆան, ինդոլ-3-կարբինոլ և այլն), որոնք ևս ապահովում են այդ մշակաբույսի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկությունները, բարձրացնում է օրգանիզմի
դիմադրողականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Կարգավորելով գլյուկոզի մակարդակը, նպաստում է քաշի իջեցմանը: Բույսում պարունակվող մեծ քանակությամբ կալցիումը (2 անգամ ավելի շատ է, քան կաթում) ազդում է ոսկրային բջիջների առաջացման ու թարմացման վրա՝ դրանով իսկ կանխարգելով ռախիտը, օստեոպորոզը, ատամների փխրունությունը:

Այժմ գանգրակաղամբը լայն տարածում ունի ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում։

Հղումներ

Կատվադաղձ

Կատվադաղձը (անգլ․՝ Catnip, ռուս․՝ Котовник, լատ.՝ Nepeta), խուլեղինջ-ազգիների (շրթնա-ծաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հանդիպում է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է գրեթե բոլոր գոտիներում, թփուտներում, անտառեզրերին, գետերի և առուների ափերին, մարգագետիններում, բարձր խոտերի մեջ, քարքարոտ վայրերում և այլն։

Կառուցվածքը

Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, բարձրությոնը՝ 10-150 սմ։ Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հակադիր՝ կարճ կոթուններով։ Ծաղկաբույլը հասկանման, ողկուզանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ տերևանութային, սպիտակ, կապույտ, դեղին կամ բաց վարդագույն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։

Կիրառություն և նշանակություն

Բոլոր տեսակները եթերայուղատու են. կիրառվում են օծանելիքի արտադրության, սննդի արդյունաբրության և բժշկության մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Խուլեղնջատերև կատվադաղձ հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Սևանի ավազանում, կատվադաղձ լերդախոտատերևը (N. teucriifolia) աճում է Սյունիքի մարզում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Կատվալեզու (Bidens), երկատամնակ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ կատվադաղձ եռաբաժան (B. tripartita) և կատվադաղձ խոնարհված (B. cernua)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ճահճուտներում, գետերի, լճերի ափերին։ Ցողունը կանգուն է, նոսրամազ, երբեմն՝ կարմրավուն, բարձրությունը՝ 15-19 (երբեմն՝ 80) սմ։ Տերևները հակադիր են, խոր եռաբաժան, հազվադեպ՝ ամբողջական կամ նեղնշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղանման է, ծաղիկները՝ դեղին, խողովակաձև։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը քառանիստ, փուփուլավոր սերմիկ է։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, սոսնձանյութ, վիտամին C և այլն կատվադաղձից ստանում են դեղին ներկ։

Տեսակներ

Հայտնի է 200 (այլ տվյալներով՝ 250), Հայաստանում՝ 17 տեսակ՝ կատվադաղձ Զանգեզուրի (N. zangezura), կատվադաղձ Ալագյազի (N. alaghezi) , կատվադաղձ երևանյան (N. erivanensis), կատվադաղձ Մեյերի (N. meyeri), կատվադաղձ խուլեղնջատերև (N. lamiifolia) և այլն։

Հղումներ