Կիվի

Կիվի ծառ, Kiwi tree, Киви дерево

Կիվին  (անգլ.՝ Kiwifruit, ռուս.՝ Киви, լատ.՝ Actinidia) ակտինիդիա ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումն է։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։

Կիվիի բուժիչ հատկությունները

Կիվի, Kiwi, Киви

Չինական ավանդական բժշկության մեջ Կիվին սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։

Ինչպես տանը կիվի աճեցնել

grow_kiwi

Նախ պետք է գտնել կիվիի հասած պտուղ և կորզել սերմերը։ Կիվին լույս և ջերմություն սիրող լիանա է, ուստի այն աճեցնելու համար հատկացրեք տան ամենատաք ու լուսավոր պատուհանագոգը։

Սերմերի ծլեցումը

Հասուն պտղից առանձնացված 15-20 սերմերը պետք է առանց կորցնելու, զգուշորեն լվանալ՝ մանր քամիչի կամ մառլյայի մեջ դնելով։ Սենյակային ջերմաստիճանի, 1-2 օր հնեցված ջրով բաժակի մեջ լցրեք սերմերը և դրեք  տաք պատուհանագոգին կամ, եթե ցուրտ է, հենց ջեռուցման սարքի վրա։ Մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում սերմերը կսկսեն բացվել։ Եթե ոչ, պետք է շարունակել ծլեցումը՝ փոխելով բաժակի ջուրը, որպեսզի այն չնեխի։
Սերմերի բացվելուց հետո դրանք պետք է տեղադրել փոքրիկ ափսեի մեջ դրված խոնավ սրբիչի կամ անձեռոցիկի վրա և ծածկել թափանցիկ պլաստիկե բաժակով։
Ստեղծված ջերմոցային պայմաններում սերմերը 2-3 օրում դուրս կթողնեն փոքրիկ արմատներ։ Սա նշանակում է, որ ժամանակն է տեղափոխել դրանք հողի մեջ։ Վերցնում ենք ոչ մեծ ծաղկամաններ, կամ պլաստիկ բաժակներ, դրենաժային ծակեր բացում դրանց հատակին, խոշոր ավազով կամ մանր քարերով ստեղծում ենք դրենաժային շերտ, այնուհետև լցնում ենք հավասար չափերով տորֆից, կարմիր ավազից ու ճմահողից կամ այգու հողից կազմված հողախառնուրդ։
Ծլած սերմերից 1-2 հատ դնում եք նախապես խոնավացված ծաղկամանի հողի վրա և վրայից լցնում եք 1-2 միլիմետրանոց, բարակ հողի շերտ։ Ծաղկամանները տեղադրում եք նույն տաք ու լուսավոր տեղում, ծածկում եք ցելոֆանով, պլաստիկ բաժակով կամ ապակով և, ըստ անհրաժեշտության, պարբերաբար խոնավացնում եք հողը ջրցողիչով։

Ծլած և 2-3 զույգ իսկական տերև ունեցող բույսերը անհրաժեշտ է տեղափոխել քիչ ավելի մեծ ծաղկամանների մեջ։ Հողախառնուրդը կարելի է անել նույն, վերը նշված բաղադրատոմսով՝ մի քիչ քչացնելով տորֆի մասը։

Խնամքը տնային պայմաններում

Բույսի նորմալ աճի համար անհրաժեշտ է բնականին մոտ պայմաններ ստեղծել։
Ծաղկամանի հողը պետք է միշտ խոնավ լինի։ Կիվիի համար կարող է մահացու լինել ինչպես հողի չորանալը, այնպես էլ ճահճացումը։
Բույսը ցերեկային ժամերին պետք է միշտ ջերմություն ու պայծառ արևի կամ արհեստական լուսավորություն ստանա։
Կիվին անհրաժեշտ է պարբերաբար սնուցել, այն լավ է ընդունում կենսահումուսի կամ կոմպոստի լուծույթներով սնուցումը, բայց տարեկան մեկ անգամից ոչ ավել։

Պետք է նկատի ունենալ, որ կիվին կարող է պտղաբերել միայն կողքի արական սեռի բույսից փոշոտվելուց հետո։ Իսկ բույսի սեռը հնարավոր է որոշել միայն ծաղկելուց հետո, ինչը տեղի է ունենում 6-րդ տարում։
Հղումներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *